«Հարձակում ամերիկյան ժողովրդավարության կենտրոնի վրա»
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում բանվորները դաշնային դատարանի շենքի մոտ մետաղյա արգելապատնեշներ են տեղադրել: Այստեղ այսօր սպասում են հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որին նոր մեղադրանքներ են ներկայացրել 2021 թվականի հունվարի 6-ի զանգվածային անկարգությունների գործով:
Քաղաքական մեկնաբաններից շատերն այս գործն արդեն անվանել են «դարի դատավարություն»:
Ըստ մեղադրող կողմի, չճանաչելով պարտությունը 2020 թվականի նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններում, Թրամփը կողմնակիցներին կոչ է արել ակտիվ գործողություններով պայքարել, ինչպես նա է բնութագրել՝ «գողացված հաղթանակը փրկելու համար»:
2001 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսը հատուկ նիստում պետք է վավերացներ դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը, սակայն գազազած ամբոխը, որը կազմված էր մոլեռանդ թրամփականներից և ծայրահեղականներից, հարձակվել է Կապիտոլիում անվամբ հայտնի Կոնգրեսի համալիրի վրա:
Զոհեր են եղել թե՛ ջարդարարների և թե՛ Կապիտոլիումը պաշտպանող իրավապահների շրջանում: Մեծ թվով մարդիկ վնասվածքներ են ստացել, հարյուրավորները ձերբակալվել են:
Թրամփին մեղադրել են ամբոխին քաջալերելու և հարձակումների դրդելու համար: Ինքը Թրամփը պնդել է, թե աջակիցներին կոչ է արել խաղաղ ակցիաներով պայքարել Բայդենի քվեները հաստատելու դեմ:
Մեղադրող կողմի եզրակացությունը հրապարակել է Արդարադատության նախարարության հատուկ դատախազ Ջեք Սմիթը:
«Այսօր մեղադրական եզրակացությունը հաստատվել է: 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումն աննախադեպ հարձակում էր ամերիկյան ժողովրդավարության կենտրոնի վրա: Ինչպես նշվում է մեղադրական եզրակացությունում, այն սնուցվել է ամբաստանյալի ստերով և խարսխվել է դրանց վրա: Հարձակման նպատակն էր խոչընդոտել նախագահական ընտրությունների արդյունքները հավաքելու, հաշվելու և վավերացնելու ԱՄՆ իշխանության հիմնարար գործառույթը»,- հայտարարել է Սմիթը:
Հատուկ դատախազի փոխանցմամբ, շենքը պաշտպանող իրավապահները՝ տղամարդիկ և կանայք, հերոսներ էին, հայրենասեր: Եվ ոչ միայն շենքը կամ դրանում պատսպարված մարդկանց են պաշտպանել, այլև «իրենց կյանքը զոհաբերելով, պաշտպանել են Ամերիկայի ժողովրդի ինքնությունն ու էությունը»:
«Սա վհուկաորս է»
Թրամփն արդեն արձագանքել է, ասելով, թե այդ մեղադրանքներով կարող է դատապարտվել ընդհուպ 561 տարվա ազատազրկման: «Սա վհուկաորս է»,- հայտարարել է նախկին նախագահը:
Նա իր հիմնադրած Truth Social սոցցանցում տեղադրած գրառմամբ շնորհակալություն է հայտնել աջակիցներին:
«Երբեք այսքան մեծ աջակցություն չեմ զգացել: Այս աննախադեպ մեղադրանքը նախկին և շատ հաջող աշխատած նախագահին և 2024-ի ընտրությունների առաջատար թեկնածուին արթնացնում է աշխարհը վերջին տարիների կոռուպցիայից, սկանդալներից և անհաջողությունների: Ամերիկան այսօր անկման մեջ է, բայց մենք Ամերիկան նորից մեծ կդարձնենք: Ավելի մեծ, քան նախկինում, սիրում եմ բոլորիդ»,- գրել է Թրամփը:
Ենթադրվում է, որ Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչի: Նա որոշել է անձամբ ներկայանալ դատարան և պատասխանել մեղադրանքներին:
«Ով իրեն Սահմանադրությունից վեր է դասում՝ չպետք է լինի ԱՄՆ նախագահ»
Նախկին նախագահի դատական գործի մասին է խոսել նրա ղեկավարման օրոք փոխնախագահ Մայք Փենսը, ով ցանկանում է մասնակցել հաջորդ տարվա ընտրություններին:
Փենսն այն ժամանակ հրաժարվել է կատարել Բայդենի հաղթանակի վավերացումը կասեցնելու Թրամփի հրահանգը:
«Ուզում եմ, որ Ամերիկայի ժողովուրդն իմանա՝ ես չունեի ընտրությունների արդյունքը փոխելու իրավունք, այն օրը նախագահ Թրամփն ինձ խնդրել է նրան Սահմանադրությունից բարձր դասել, բայց ես ընտրեցի Սահմանադրությունը: Եվ միշտ այդպես կանեմ: Նա, ով իրեն փորձում է բարձր դասել Սահմանադրությունից՝ երբեք չպետք է լինի ԱՄՆ նախագահ: Մեկը, ով ուրիշին խնդրում է իրեն բարձ դասել Սահմանադրությունից՝ չպետք է լինի ԱՄՆ նախագահ,- ասել է Փենսը:
Թրամփն ունի ոչ միայն երդվյալ հետևորդներ, այլև ընդդիմախոսներ: Վաշինգտոնում դատարանի շենքի մոտ հավաքվել է ցուցարարների մի փոքրիկ խումբ: Նրանց համոզմամբ, նախկին նախագահի տեղը բանտում է:
«Հուսամ նա կնստի, բավական է, նա շատ է խաբել, եկեք իրերն իրենց անուններով կոչենք, այս տղան ապուշ դերասան է, սա Ամերիկան է, այստեղ չես կարող նման արարքներ անել և անպատիժ մնալ»,- ասել է Դոմենիսկ Սանտանա անունով քաղաքացին: