Չինաստանի հարավարևմուտքում գտնվող Չենդու քաղաքում հանդիպել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլին հրավիրվել է՝ մասնակցելու «Ուսանողական ամառային միջազգային խաղերի» բացման արարողությանը։
Հանդիպմանը Սի Ծինփինն ասել է, որ լրացավ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 31 տարին:
«Չին-վրացական հարաբերությունները զարգանում են առողջ և կայուն։ Երկու երկրների քաղաքական վստահությունը ամուր է։ Տարբեր ոլորտներում համագործակցության արդյունքները նկատելի են։ Միջազգային ասպարեզում իրադարձությունները ինչպես էլ զարգանան, Չինաստանի վերաբերմունքը Վրաստանի հետ հարաբերությունները զարգացնելու առումով չի փոխվի։ Ձեր այցի ընթացքում համատեղ հայտարարություն կհրապարակվի։ Կհայտարարվի, որ Վրաստանը և Չինաստանը ռազմավարական հարաբերություններ են հաստատում, դրանով մեր երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի կհասնեն», - ասել է Չինաստանի նախագահը։
Իրակլի Ղարիբաշվիլին, իր հերթին, նշել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ բարեկամությունն ու գործընկերությունը։
«Շնորհակալ եմ Ձեր որոշման համար՝ բարձրացնել մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի, որը, համոզված եմ, կոնկրետ արդյունքներ և օգուտներ կբերի երկու կողմերին»,- ասել է Վրաստանի վարչապետը։