Մատչելիության հղումներ

Վաղը կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները


Վաղը Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը եռակողմ բանակցություններից բացի նաև երկկողմ հանդիպումներ կունենան։

Ինչպես նշում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, բանակցությունների ընթացքում ԱԳ նախարարները «կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները» և եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերը։
Կքննարկվեն Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, իսկ՝ Բայրամովի և Միրզոյանի հետ առանձին հանդիպումներում Լավրովը նախատեսում է կենտրոնանալ «քաղաքական, առևտրի, տնտեսական և հումանիտար ոլորտների հարցերի քննարկման վրա»։ Նաև Հատուկ ուշադրություն կհատկացվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստմանը, հայտարարում է պաշտոնական Մոսկվան։

Ռուսաստանը փորձում է վերականգնել իր միջնորդական ներգրավվածությունը այս օրակարգում. քաղաքագետ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ Ռուսաստանը փորձում է վերականգնել իր միջնորդական ներգրավվածությունը այս օրակարգում:

«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ սա այն օրակարգն է, որից Ռուսաստանը դուրս է մղվել վերջին ամիսների ընթացքում: Այսինքն՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները հիմնականում ընթանում էին Վաշինգտոնում: Eթե հիշենք Ռուսաստանի արտգործնախարարության նախորդ հանդիպումը, որը վերաբերում էր հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այնտեղ բավականին հետաքրքական դետալներ կային, որոնցից մասնավորապես աչքի էին ընկնում հայտարարություններն այն մասին, որ բանակցությունները պետք է ընթանան Մոսկվայում, որ փաստաթուղթը պետք է ստորագրվի Մոսկվայում: Այսինքն՝ Ռուսաստանը փորձ է կատարում վերականգնել իր միջնորդական դերակատարությունը նաև այս օրակարգում: Մոսկվան փորձում է ստեղծված նոր իրողություններով իր համար ինչ-որ դերակատարություն գտնել և այդ է պատճառը՝ ինչու հենց շեշտադրում կա խաղաղության պայմանագրի կամ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ այդ փաստաթղթի վերաբերյալ», - նշեց Գրիգորյանը:

Ի տարբերություն Մոսկվայի բավական մանրամասն հաղորդագրությանը, Հայաստանի արտգործնախարարությունը շատ կարճ հաղորդագրություն է տարածել, որում, սակայն, նշված չէ, որ քննարկվելու է Ղարաբաղի հարցը:

«Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները», - ասված է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

«Կարծում եմ՝ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ հիշում ենք, որ նախորդ տարվա վերջին տարանջատվել են այդ երկու օրակարգերը՝ խաղաղության պայմանագրի օրակարգն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օրակարգը, և Հայաստանի դիրքորոշումն այն է, որ այս հարցերը պետք է քննարկվեն Ստեփանակերտ-Բաքու ուղիղ այդ բանակցային միջազգային մեխանիզմի ստեղծման միջոցով: Միգուցե դա է պատճառը՝ ինչու կոնկրետ Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում, սակայն հիշատակվում են հումանիտար հարցերը և այդ հումանիտար հարցերի շրջանակում, ամենայն հավանականությամբ, կքննարկեն նաև Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը», - ասաց քաղաքագետը:

«Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը». Արցախի նախագահ

Այս հանդիպմանն ընդառաջ հայտարարություն է տարածել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որ մոտ մի շաբաթ է, ինչ միացել է Արցախի ապաշրջափակման հարցով նստացույցին:

«Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը», - հայտարարությամբ կոչ է անում Հարությունյանը՝ կրկին ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախի 225-օրյա շրջափակման, ավելի քան մեկամսյա լիակատար պաշարման և դրա հետևանքով սրընթաց կերպով խորացող հումանիտար աղետի անհապաղ վերացման անհրաժեշտության մասին:

«Ընդգծում եմ, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք անմիջական հետևանք են Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային իրավական հանրահայտ փաստաթղթերի կոպտագույն խախտումների», - հայտարարում է Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այդ հայտարարությամբ ամրագրված երաշխիքների և հատկապես Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի առաքելությանը հավատալով են արցախցիները վերադարձել հայրենի տներ:

Հայտարարության վերջում Հարությունյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից՝ Հայաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից պահանջել է գործնական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը և երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Միայն Արցախի ժողովրդի կենսագործունեության այդ նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին և քննարկել դրանց լուծման միջոցները՝ շեշտում է Արցախի նախագահը հավելելով՝ եթե վիճակը երեք երկրների կողմից անհապաղ չկարգավորվի, ապա վերահաս ողբերգությունների պատասխանատվության հիմնական մասն ընկնում է հենց նրանց վրա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG