Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Երևանում՝ հանուն Արցախի ապաշրջափակման, փակվել էին մի քանի կենտրոնական փողոցներ


Հանուն Արցախի ապաշրջափակման այսօր վաղ առավոտյան կարճ ժամանակով փակվել էին Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ։ Պաշարված Արցախում սովի մատնված 120 հազար արցախցիներին աջակցելու նպատակով մի քանի տասնյակ մարդ բողոքի ակցիայի էին դուրս եկել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

Ավելի քան կես տարի շրջափակված Արցախը մեկ ամսից ավելի որևէ սնունդ, ապրանք, դեղորայք չի մտնում։ Ադրբեջանն արգելում է Լաչինի միջանցքով Հայաստանից որևէ հումանիտար բեռի տեղափոխում։

Արդեն մեկ շաբաթ է Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում. միջազգային կառույցների ուշադրությունը Արցախի վրա կենտրոնացնելու նպատակով ակցիաներ են տեղի ունեցել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների դեսպանատների, ԵՄ պատվիրակության, Կարմիր խաչի, ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց։

«Մենք մերժում ենք Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունը», - հայտարարեցին ակցիայի մասնակիցները:

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին բողոքի ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին՝ պահանջելով Արցախ տեղափոխել մեկ շաբաթվա ընթացքում միջազգային կառույցի դիմաց քաղաքացիների հավաքված սննդի պաշարը. - «Հաշվի առնելով ծանրագույն իրավիճակը խնդրում ենք ձեզ հրատապ կարգով ընդունել հավաքագրված ողջ հումանիտար բեռը և փոխադրել Հայաստանի Հանրապետությունից Լաչինի միջանցքով դեպի Արցախի Հանրապետություն»:

«Քաղաքացիական հզոր ճնշման արդյունքում. միայն դրա միջոցով կարող ենք հասնել արդյունքի: Երևույթն ինքը եզակի է աշխարհում, որ քաղաքացիական հանրությունը իրենք են հավաքում պարենն ու պարտադրում են աշխարհի ամենահզոր, համար առաջին կառույցին, որի վրա հիմնված է աշխարհակարգը, պարտադրել նրանց, որպեսզի նրանք իրենց հիմնարար սկզբունքներն իրականացնեն», - ասաց նախաձեռնող խմբի ներկայացուցիչը:

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արման Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ մինչև 100 հազարավոր մարդիկ դուրս գան փողոց ու չհանդուրժեն, որ մի քանի հարյուր կմ հեռու գտնվող հայերը սովի են մատնված, իսկ աշխարհը աչք է փակում հումանիտար աղետի վրա։

Որպեսզի սեփական մաշկի վրա զգան շրջափակումը, ակցիայի մասնակիցներն այսօր մի պահ փակեցին ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերն ու ելքերը։

Օրվա երկրորդ կեսին ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը հանդիպել է նախաձեռնության անդամներից մի քանիսի հետ, վստահեցրել, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուշադրության կենտրոնում է պահում Արցախում տիրող իրավիճակն ու հետևողականորեն ներկայացնում է այն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակին։ Ակցիայի մասնակիցների փոխանցմամբ՝ պաշտոնյան նաև ասել է, որ որպես քաղաքականապես չեզոք կառույց՝ ՄԱԿ-ը նպատակ ունի հնարավորինս հավաստի փաստական տեղեկատվություն հավաքագրել, ինչը սովորաբար իրականացնում են կոնֆլիկտային գոտիներում գործող իրենց գրասենյակների միջոցով, ինչպիսին, ցավոք, Արցախում չկա։

Ավելի վաղ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ևս մի նամակ է հանձնվել։ Այս ակցիայի անդամ Աշոտ Ղազարյանն ասաց, որ կազմակերպությունից վաղը հանդիպում են խոստացել. - «Այնտեղի իմ հայրենակիցների ջրի ու սովորական ցամաք հացի խնդիր ունեն»:

Արցախի պետնախարարը տեղեկացրել է, որ վաղը նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG