Մատչելիության հղումներ

Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին, կրկին մեղադրել Երևանին


Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին՝ հայկական կողմին մեղադրել «խաղաղության գործընթացը խոչընդոտելու» մեջ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, թե ադրբեջանական կողմը «Լաչինի սահմանային անցակետը տեղադրել է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ինչպես նաև Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում»։

Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, այսօր կառավարության նիստին հայտարարել էր Հայաստանի ղեկավարը։ Այդ ամենի նպատակը, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումն է:

«Հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների դեպի Լեռնային Ղարաբաղ մատակարարման իսպառ բացակայությունն է՝ Լեռնային Ղարաբաղում հայերի բնակվելն անհնարին դարձնելու նպատակով», - նշել էր նա։

«Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է դադարեցնի խաղաղ գործընթացին խոչընդոտող ջանքերը»,- ընդգծել են ԱԳՆ-ից։

Ադրբեջանական կողմը մեկնաբանել է նաև էթնիկ զտումների մասին հայտարարությունները, ասելով, թե «երբեք նման քաղաքականություն չի վարել»։

Արցախից, մինչդեռ, տեղեկացնում են՝ հուլիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 4 անգամ խախտել է հրադադարը՝ կրակելով դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդ կերպ իրականացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Հունիսի 15-ին Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքը՝ արգելելով ցանկացած տեսակի հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար:

Այս ամենն Արցախում հանգեցրել է սննդամթերքի պակասին և խանութների փակմանը: Նախքան շրջափակումը սպառվող սննդամթերքի մոտ 90 տոկոսը ներմուծվում էր Հայաստանից: Ամեն օր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք:

Նախարար Արարատ Միրզոյանի պնդմամբ՝ արդյունքում այսօր Արցախի ժողովուրդը հայտնվել է սովի մատնվելու և սովամահության եզրին:

XS
SM
MD
LG