Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Պետք է բոլոր ջանքերը գործադրել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորման ուղղությամբ»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումը Բրյուսելում, «ցավոք, Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց», - այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքական առումով՝ Եվրամիության խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության օրակարգը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը», - ասաց Փաշինյանը:

«Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել՝ առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումն է», - ընդգծեց Հայաստանի վարչապետը՝ շարունակելով. - «Հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի Լեռնային Ղարաբաղ մատակարարման իսպառ բացակայությունն է՝ Լեռնային Ղարաբաղում հայերի բնակվելը անհնարին դարձնելու նպատակով»:

Այսուհանդերձ, ասաց վարչապետը, «մենք պետք է շարունակենք աշխատանքները»:

«Այս մահին մեր խնդիրը Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է՝ դիվանագիտական եղանակներով և Լեռնային Ղարաբաղում հաստատված իրավիճակը միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն և օբյեկտիվ ներկայացնելու միջոցով», - ասաց Փաշինյանը:

«Այս ընթացքում է՛լ ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է, և պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ», - համոզմունք հայտնեց Հայաստանի վարչապետը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG