Մատչելիության հղումներ

Միրզոյանը Վիեննայում հանդիպել է ԱԷՄԳ տնօրենի հետ


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Հայաստան-Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ԱԷՄԳ) ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր են քննարկվել երեկ Վիեննայում գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ։

Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև հաստատվել է արդյունավետ և սերտ համագործակցություն՝ ուղղված Հայաստանում միջուկային անվտանգության և էներգետիկայի բնագավառում կարողությունների ամրապնդմանն ու միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործմանը:

Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, առողջապահության, շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող նախագծերի և փոխգործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Գրոսսին գոհունակություն է հայտնել ԱՄԷԳ նախաձեռնություններում Հայաստանի ակտիվ ներգրավածության և աջակցության համար, այդ թվում՝ ՄԱԿ կլիմայական փոփոխությունների համաժողովի շրջանակում ներկայացվելիք «Ատոմային էներգիայի վերաբերյալ» հայտարարությանը միանալու կապակցությամբ։ Երկուստեք կարևորվել է նաև ԱԷՄԳ «Հույսի ճառագայթներ» (“Rays of Hope”) ծրագրում Հայաստանի ներգրավվածությունը՝ ուռուցքաբանության և մասնավորապես ճառագայթային բժշկության ոլորտում առաջընթացի ապահովման նպատակով։

Անդրադառնալով ԱԷՄԳ գործունեությանը և Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման շրջանակում իրականացվող ծրագրերին ու այս ուղղությամբ առկա երկարամյա հաջողված փորձին՝ երկուստեք ընդգծվել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հարցն անհիմն քաղաքական շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունը։

Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր:

XS
SM
MD
LG