Մատչելիության հղումներ

Ուղղակի զարմանալի է, որ մենք շատ հեշտությամբ ենք տանում, երբ ոտնահարում են մեր արժեքները. արցախցի գրող


Վերջերս Գրողների միությունում տեղի ունեցավ մի շատ ուշագրավ շնորհանդես։ «Ծիծեռնակ» հրատարակչությունը լույս է ընծայել արցախցի յոթ գրողների՝ Արիս Արսենի, Ռոբերտ Եսայանի, Մարտիրոս Ոբնեցու, Անահիտ Քոչարյանի, Ժաննա Բեգլարյանի, Դավիթ Միքայելյանի և Զինաիդայի գրքերը, որոնք էլ շնորհանդեսի ներկայացվեցին միության Կլոր սրահում։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հույս հայտնեց, որ այս գործընթացքը կշարունակվի և այսուհետ պարբերաբար հրատարակչությունը ընթերցողի սեղանին կդնի արցախցի տարբեր սերունդների գրողների նորանոր գրքեր. - «Գրքերը այսօրվա Արցախի ծանր հոգեբանական վիճակի նաև արտահայտությունն են։ Ե'վ արձակում, և պոեզիայում բանաստեղծներին, որոնց մենք ճանաչել ենք, արձակագիրներին, որոնց ընթերցել ենք, նրանց արձակի մեջ և պոեզիայում որոշակի տագնապ, որոշակի նաև հույս, որոշակի մարդկային ճնշվածություն և ելքեր փնտրելու այս մտածումները կան»։

Արցախցի գրողներից երկուսն էին ներկա շնորհանդեսին, նրանք, ովքեր ամիսներ առաջ Երևան էին երեկ և Արդրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով այլևս չեն կարողանում վերադառնալ Արցախ։

Արցախցի գրող Ռոբերտ Եսայանն ասաց. - «Այս գրքերը մշակութային առաջին ճեղքումն են արցախյան շրջափակման։ Որպես մատենաշար Կիմ Գաբրիելյանի մտահղացումն է եղել, և հիմնականում պիտի նշենք, որ այս օրերին ինչպես Արցախում շարունակում են նոր զավակներ ծնվել, երեխաներ ծնվել, այնպես էլ ծնվել է նոր միավորում, որը կոչվում է Գրողների արցախյան միավորում, որը և կապվելով Հայաստանի գրողների միության հետ, նրա աջակցությամբ նախաձեռնել է այս մատենաշարի տպագրությունը»։

Եսայանը հույս հայտնեց, որ թե' Հայաստանը, թե' Արցախը կապաշրջափակվեն, և վերհիշելով արցախյան առաջի պատերազմը 90-ականների սկզբներին՝ հավելեց. - «Ի վերջո, ամենալավ շրջափակման ճեղքումը եղել էր 92 թվականին, որը կատարել է մեր սերունդը։ Եվ հույս ունեմ, որ ևս մի անգամ կկատարվի այդ ճեղքումը դեպի Արցախ, Արցախից դեպի Հայաստան։ Ուղղակի զարմանալի է, որ մենք շատ հեշտությամբ ենք զիջել մեր արժեքները, շատ հեշտությամբ ենք տանում, երբ ոտնահարում են մեր արժեքները»։

Շնորհանդեսին ներկա արցախցի գրող Արիս Արսենին ընդգծում էր, որ թե' Արցախը, թե' Հայաստանը բարդ ժամանակաշրջանում են գտնվում, բայց գրողներըբ կատարում են իրենց առաքելությունը. - «Բոլորս գիտենք ինչ իրավիճակ է այսօր տիրում Արցախում, նաև Հայաստանի սահմանամերձ տարածքներում։ Հաճախ օրեր են լինում, երբ նաև հացի խնդիր է առաջանում Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում։ Բայց ամեն դեպքում կան մարդիկ, որ ավելի շատ կարևորում են հոգևոր սնունդը, ոչ թե ասենք նյութականը։ Եվ դրա համար էլ նույնիսկ գումար են հատկացնում գիրք տպագրելու համար։ Սա առաջին ձեռնարկումն է Ստեփանակերտում վերջերս ստեղծված Գրողնեի արցախյան միավորման։ Ծրագրում շատ նախաձեռնություններ կան, պատասխանատվության զգացումով կատարենք մեր աշխատանքը։ Նաև պիտի նոր ճեղքում առաջացնենք, որովհետև մեր բոլոր հաղթանակները այսօրվա դրությամբ զրոյացրել ենք, մենք եկել ենք կանգնել ենք նորից նախնական դիրքում, և մեզ դեռ նոր հաղթանակներ են սպասվում, և նոր ճեղքումներ։ Մենք նորից կբացենք մեր կյանքի ճանապարհը։ Դա չեմ կարծում, թե շատ կուշանա»։

Արցախցի գրողների մատենաշարի հրատարակությունը նախաձեռնած «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, բանաստեղծուհի Անուշ Վարդաննյանը ներկայացնելով և շատ բարձր գնահատելով արցախցի հեղինակների գրքերը՝ շեշտեց. - «Այս բոլոր գրքերին միավորում է մի բան՝ մի լույս կա մեջը, բոլոր հեղինակների գրածից արյուն է կաթում, կա էդ ողբերգական դժվար պահը, սակայն բոլոր ստեղծագործություններում կա հավատը բարության, գեղեցկության։ Հեղինակները չեն չարացած, խոսքը հնչում է լուսավոր, կամեցողությամբ։ Մենք կրում ենք մեր նախնիների արյունը և մենք պատասխանատու ենք իրենց առաջ։ Իսկ արցախցին ապրում է իր հողի վրա բազում դարեր։ Ասեմ ինչով են նաև առանձնանում այս գրքերը. բարձր գեղարվեստական որակով այն իմաստով, որ հայոց լեզուն այստեղ իրեն շատ լավ է զգում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG