Մատչելիության հղումներ

ՊԲ-ն կեղծիք է համարում Արցախի օդային տարածքում օդանավերի GPS տեղորոշման համակարգերը ճնշելու Բաքվի պնդումը


Պաշտպանության բանակը բացարձակ կեղծիք է համարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը։

Ըստ Բաքվի՝ վերջին նման միջադեպն արձանագրվել է հուլիսի 13-ին, երբ ՊԲ համապատասխան ստորաբաժանման ռադիոճնշման հետևանքով խափանվել են ժամը 11։54-12։07 Զանգիլան-Ֆիզուլի, իսկ ժամը 13։02-13։17 Ֆիզուլի-Բաքու երթուղով չվերթներ իրականացնող օդանավերի GPS տեղորոշման համակարգերը։

Ստեփանակերտը հակադարձում է՝ հիշյալ երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերը կարիք չունեն հատել շփման գիծը, հետևաբար չեն կարող հայտնվել ՊԲ ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո։

Պաշտպանության բանակը միևնույն ժամանակ շեշտում է, որ 2020-ի պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորում Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։

XS
SM
MD
LG