Ինչո՞ւ է կառավարությունը Մատենադարանի տնօրենի մրցույթից առաջ փոխել ընտրության կարգը, վերանայել կանոնադրությունն ու հոգաբարձուների խորհրդում ավելացրել իր ներկայացուցիչների թիվը։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ փոփոխություններն արվում են Կրթության փոխնախարար Արա Խզմալյանին Մատենադարանի տնօրեն նշանակելու համար։
Նախարարությունից այս հրապարակումների վերաբերյալ մեր գրավոր հարցմանը դեռ չեն պատասխանում, այժմ մշակույթի ոլորտը համակարգող Խզմալյանն էլ հրաժարվում է մեկնաբանություններից։
«Ես ճշտել եմ պարոն Խզմալյանի հետ, ինքը առաջադրել է իր թեկնածությունը, բնականաբար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ թե որպես փոխնախարար: Պարոն Խզմալյանը բոլոր հարցադրումներին և մեկնաբանություններին պատրաստ է անդրադառնալ ու պատասխանել մրցույթից հետո», - նշեց ԿԳՄՍՆ տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը:
Մատենադարանի նոր տնօրենը հայտնի կդառնա երեք օրից։ Մրցույթին 3 թեկնածու է առաջադրվել. Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Կարեն Մաթևոյանը, գիտաշխատող Արծրունի Սահակյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։
Հայկական հին ձեռագրերի ուսումնասիրությամբ զբաղվող հիմնական կառույցում մտավախություն ունեն, որ մրցույթի արդյունքն արդեն կանխորոշված է, և պատահական չեն դրանից երկու ամիս առաջ կատարված փոփոխությունները։ Նախկին կարգի համաձայն՝ Մատենադարանի տնօրեն դառնալու համար պետք էր ունենալ դոկտորի կոչում, այս պահանջը, սակայն հիմա վերացվել է։ 3 թեկնածուներից միայն Արա Խզմալյանը չունի դոկտորի կոչում, նա արվեստագիտության թեկնածու է։ Կրթության և գիտության գերատեսչությունը ղեկավարող Ժաննա Անդրեասյանն օրեր առաջ հերքել էր, թե փոփոխությունը Խզմալյանի համար է իրականացվել։
«Կանոնադրության փոփոխությունը միտված է եղել պետության հոգածությունը և պետության հովանու ներքո լինելը դարձնել ավելի լիարժեք ու ամբողջական», - ասաց Անդրեասյանը:
Մատենադարանի հոգաբարձուների կազմում հիմա 13 անդամից միայն 2-ն են հաստատությունից, մյուսները կառավարությունից ու այլ կառույցներից են։ Մինչդեռ մինչև փոփոխությունները հոգաբարձուները 24-ն էին, որոնցից 11-ը Մատենադարանի աշխատակիցներ էին։
Տնօրենի մրցույթի մասնակիցներից գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանը խնդրահարույց է համարում այս փոփոխությունները, հատկապես, որ խորհրդում Մատենադարանը ներկայացնող 2 անդամներն, ըստ նրա, աշխատակիցների կողմից չեն ընտրվել։
«Կողմ եմ, որ դրսից անդամները լինեն, դրսից մարդիկ լինեն խորհրդի անդամ, պաշտոնյաներ, կառավարության ֆունկցիոներներ, որովհետև շատ հարցերի լուծումներ պահանջում են հենց իրենց կառավարած տիրույթներից, այսպես ասած, ինչ-որ ակնկալիքներ ունենալ, ես դրան էլ եմ կողմ եղել: Բայց երկու անդամ Մատենադարանից պիտի ընտրվի», - ընդգծեց նա:
Սահակյանը տրամաբանական ու ճիշտ է համարում, որ տնօրենի թեկնածուները հենց իրենց հաստատությունում պատրաստված ու փորձառու գիտաշխատողները լինեն. - «Նման կարգի հիմնարկներին պետք է հնարավորություն տալ, որ նրանք իրենց զարգացման ընթացքում աճեցնեն իրենց ապագա տնօրեններին: Այսինքն՝ իրենց աշխատանքի բովի մեջ հասունացած, վաստակ ձեռք բերած, ստաժավոր, այլապես կոլեկտիվիզմի այդ մի սկզբունքը մարում է»:
Տնօրենի պաշտոնին հավակնող երրորդ թեկնածուն՝ Կարեն Մաթևոսյանը, ևս համաձայն չէ հոգաբարձուների խորհրդում համամասնությունը փոխելուն։ Նա կարևորում է, որ ընտրված թեկնածուն հաստատության գիտական ուղղվածությունը չթուլացնի, գիտական կոչումով էլ հենց դոկտոր լինի, ինչպես նախորդ տնօրենները։
«Մեր հիմնական նպատակը ձեռագրերի պահպանությունն է, ուսումնասիրությունն է, բնագրերի հրատարակությունն է և մյուս բաները՝ ցուցադրություններ, տարբեր տեսակի մշակութային տարբեր ձեռնարկներ և այլն, սրանք հավելյալ կողքից բաներ պիտի լինեն ու երբեք չէի ուզենա, որ դրանք դառնան հիմնական և գիտական աշխատանքը դառնար ածանցյալ», - ասաց Մաթևոսյանը:
Մատենադարանի տնօրենն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: