Սերբիայի իշխանությունները թույլ չեն տալիս երկիր մտնել Կրեմլի կոշտ քննադատ Պյոտր Նիկիտինին, որը 2016 թվականից Սերբիայում բնակվելու օրինական իրավունք ունի։
«Ազատության» բալկանյան ծառայության համաձայն՝ Նիկիտինը արձակուրդից այսօր վերադարձել է Սերբիա, վայրէջքից հետո Բելգրադի օդանավակայանում նրանից վերցրել են անձնագիրը և չորս ժամ անց սահմանապահ ոստիկանությունը փաստաթուղթ է հանձնել ռուսաստանցուն, ըստ որի նրա մուտքը երկիր արգելված է։ Իրավապահները Նիկիտինին հայտնել են, որ նման որոշում են կայացրել Սերբիայի հատուկ ծառայությունները։
Ռուսաստանցի ընդդիմադիրը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել այդ որոշումը և չի պատրաստվում լքել Բելգրադի օդանավակայանը այնքան ժամանակ, մինչև իրեն թույլ չտան մտնել երկիր կամ բռնի չարտաքսեն Սերբիայից։
Այսօր մի խումբ սերբ ընդդիմադիր քաղաքական գործիչներ և ակտիվիստներ կոչ են արել Սերբիայի իշխանություններին վերանայել Պյոտր Նիկիտինի նկատմամբ կայացված որոշումը: