Մատչելիության հղումներ

Իրավապահները որոշել են միջազգային հետախուզում հայտարարել Վիգեն Սարգսյանի նկատմամբ


Պաշտպանության նախկին նախարարի՝ Հայաստանից հեռանալուց միայն 4 տարի անց են իրավապահները որոշել միջազգային հետախուզում հայտարարել, այն դեպքում, երբ դեռ 2019-ին էին հայտարարել, որ ունեն բավարար ապացույցներ Վիգեն Սարգսյանին մեղադրյալ ներգրավելու համար։

Բայց Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց միայն ամիսներ առաջ՝ փետրվարին՝ պաշտոնական լիազորություններն անցնելու գործով։ Միաժամանակ, քանի որ հայաստանյան իրավապահները Սարգսյանին չեն կարողանում հայտնաբերել, դատախազությունը որոշել է կասեցնել նրա նկատմամբ հետապնդում իրականացնելու ժամկետը՝ քննության վերջնաժամկետը չխախտելու նպատակով։ Օրենքի փոփոխությամբ, այս հունվարից գործի քննությունը պետք է տևի կես տարի, և որպեսզի ժամկետը չլրանա, գործն էլ մնա կիսատ, իրավապահները կարող են կասեցնել այն։

Սա սովորական ընթացակարգ է, ասում է պաշտպանության նախկին նախարարի գործողություններից ենթադրաբար տուժած 8 զինվորականների փաստաբանը։ Նորիկ Նորիկյանի խոսքով, օրենքը իրավապահներին նման հնարավորություն է տալիս՝ մինչև հետախուզվողին հայտնաբերելը կասեցնել գործի քննությունն ու այն վերաբացել հայտնաբերումից հետո։

«Դատախազն իրավասու է կասեցնել հանրային քրեական հետապնդման ժամկետը մինչև մեղադրյալի հայտնաբերվելը և վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելը», - ասաց փաստաբանը:

2018-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորած Սարգսյանը դեռ ամիսներ առաջ հեռակա կարգով հերքել է մեղադրանքը, որն առնչվում է Պաշտպանության նախարարության կողմից զինվորականներին բնակարաններ բաշխելու գործընթացին։

Իրավապահները պնդում են, որ Պաշտպանության նախարարությունը 2 տարի ղեկավարած Սարգսյանը հանձնարարել է երևանյան նորակառույցում բնակարաններ տալ 26 զինվորականի և 3 քաղաքացիականի։ 2018 թվականին բնակարան են ստացել նրանք, որոնց տվյալները հերթացուցակներում չեն եղել կամ էլ նրանք, որոնց բնակարան ստանալու հերթը դեռ չէր հասել՝ «Ազատության» հետ զրույցում ասել էր Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Արման Նշանյանը։

«Նման իրավիճակում հաշվի առնելով նախարարի հանձնարարականը, նույնիսկ որևէ միջոց չեն ձեռնարկել՝ պարզելու արդյոք չափանիշների՝ կառավարության սահմանած առաջնահերթություններին համապատասխանում են արդյոք դրանք, թե՝ ոչ», - ասաց դատախազ Արման Նշանյանը:

Սարգսյանը, որի գտնվելու վայրը իրավապահներին հայտնի չէ, ամիսներ առաջ Ֆեյսբուքի իր էջով հայտարարել էր, թե սա քաղաքական հետապնդում է։

«Այդ 26 բնակարանների բաշխման գործառույթը, որն իմ պաշտոնական բոլոր լիազորություններից երևի թե ամենաաննշանն էր իր ծավալով և հանրային կարևորության առումով, իրականացվել է օրենքի պահանջին համապատասխան` հիմք ընդունելով բնակարան ստացողների անցած մարտական ուղին և վաստակը», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր Սարգսյանը՝ ընդգծելով՝ իրավապահները գիտեն իր գտնվելու վայրը և կարող էին կապ հաստատել՝ չխախտելով իր իրավունքները։

Մինչդեռ այս գործով դատախազ Արման Նշանյանն «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ պնդել էր՝ Սարգսյանի տեղը չգիտեն. «Քրեական վարույթի նյութերում գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա»:

Սակայն փաստաբան Նորիկյանը չի հավատում դատախազությանը. - «Հայաստանի Հանրապետություն չգիտեի՞ որտեղ է Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանը պարբերաբար հարցազրույցներ է տալիս, մեկնաբանություններ է անում, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները շատ լավ գիտեն իր գտնվելու վայրն էլ, ենթադրում են նաև հասցեն էլ»:

Փաստաբանին դիմած զինվորականները պատմել են, որ երկար տարիներ ներառված են եղել բնակարանային հերթացուցակում, առաջիններից էին, բայց Սարգսյանի օրոք մայրաքաղաքում տուն են ստացել նրանք, որոնք դրա կարիքը չունեին։

«Կարծում եմ՝ ճչացող անարդարություն է, երբ որ հայոց բանակի զինծառայողները չեն կարողանում տարիներ շարունակ ստանալ իրենց քրտինքով վաստակած բնակարանները, իսկ որոշ արտոնյալներ ոչ միայն պլստում են քրեական պատասխանատվությունից, այլև այս տարի ընթացքում կուտակում են միլիոնավոր դոլարների հասնող կարողություններ ու ձեռք են բերում այդ կարողություններին համապատասխան գերթանկարժեք բնակարաններ», - ասաց փաստաբանը:

Նորիկյանը պնդում է՝ իրենց նպատակը Սարգսյանին ճաղերի հետևում տեսնելը չէ, այլ նրա գործողություններից տուժածներին բնակարանով ապահովելը։ Բայց եթե դեռ 2019 թվականից հարուցված այս գործն այս տեմպերով քննվի, ապա տուժած զինվորականները դեռ երկար կսպասեն իրենց բնակարաններին։ Փաստաբանն աչքի տակ ունի այլ՝ ավելի հնչեղ քրեական գործերը, որոնցով որևէ նախկին պաշտոնյա դեռևս մեղավոր չի ճանաչվել, գործերն էլ կա՛մ նախաքննության, կա՛մ դատաքննության փուլում են։

«Երեք տարի այս գործի հատորները թողեցին տարբեր քննչական մարմինների դարակներում, մինչև այն, որ Վիգեն Սարգսյանը կարողացավ դուրս գալ երկրից», - ընդգծեց Նորիկյանը:

Տարիներ առաջ, երբ հարուցվել էր այս գործը, իրավապահները հայտարարում էին, թե ունեն բավարար ապացույցներ Վիգեն Սարգսյանի մեղքն ապացուցելու համար, բայց, ինչպես պարզվում է, Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ավելի քան երեք տարի անց, երբ նա արդեն Հայաստանում չէր։ Դատախազ Նշանյանը պնդել էր, թե այս հարցում դեր է ունեցել պատերազմը, քովիդի համավարակը։

Արդյո՞ք հնարավոր չէ առանց քրեական գործի ավարտի՝ բնակարանով ապահովել, ըստ իրավապահաների, Վիգեն Սարգսյանի գործողություններից տուժածներին, փաստաբան Նորիկյանն այս հարցով տարբեր գերատեսչությունների դիմումներ է հղել, առայժմ՝ անարդյունք։ Պաշտպանության նախարարության խոսնակը խոստացավ այս հարցին պատասխանել ավելի ուշ։

XS
SM
MD
LG