Մատչելիության հղումներ

«Քաղաքական հետապնդում անհեթեթ շղարշով փորձում են պատել իրականությունը»․պատգամավորը՝ Վիգեն Սարգսյանին


Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն արձագանքում է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը:

«Նախկին կոռումպացված համակարգի ներկայացուցիչները, երբ որ գալիս է և եկել է ժամանակը, որպեսզի նրանք օրենքի առջև իրենց պատասխանատվությունը կրեն, գրեթե բոլորն ասում են, որ սա քաղաքական հետապնդում է», - ասում է Կոնդորյանը:

Քննչական կոմիտեում պաշտոնական լիազորությունները չարաշահման դեպքով հարուցված քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Միացյալ Նահանգներում գտնվող Սարգսյանը ֆեյսբուքյան էջում այն որակել էր «քաղաքական նպատակներ հետապնդող քայլ»:

«Ես կարծում եմ, որ սա ուղղակի անհեթեթ շղարշ է, որոնք նրանք փորձում են պատել իրականությունը: Եվ մենք գիտենք, հանրությունը գիտի, թե ինչեր են տեղի ունեցել Հայաստանում նախկին տարիներին: Եվ այժմ նորմալ իրավական ընթացակարգերով եթե ի հայտ են գալիս նոր հանգամանքներ և փաստեր, իրավապահ մարմինները ընթացք են տալիս գործերին», - նշեց Կոնջորյանը:

Ըստ Քննչական կոմիտեի, զինծառայողներին տրված 29 բնակարանի դեպքում որոշում է կայացրել նախկին Պաշտպանության նախարարը, այնինչ զինծառայողների բնակարանային բարելավման հարցը պետք է քննարկեր պաշտպանական գերատեսչության կենտրոնական բնակարանային հանձնաժողովը՝ ըստ կառավարության սահմանած կարգի։

Պաշտպանության նախկին նախարարը գրել է․ - «Սա Հայաստանի զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին ուղղված «հերթական հարվածն» է:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հակադարձում է նախկին նախարարին․ - «Ցանկացած դեպքում, եթե բացահայտվում է ինչ-որ քրեական գործ, որևէ հանցանք, դա միանշանակ միտված է պետության առողջացմանը և զարգացմանը: Եվ որևէ կերպ չի կարելի դա մեկնաբանել, որ բանակին, պետական համակարգին վնաս է պատճառում, եթե այնտեղ տեղի ունեցած չարաշահումները մենք բացահայտենք: Միշտ կարելի է ցանկացած մեղադրանքի պատասխանել՝ վայ, ես քաղաքական հալածյալ եմ: Նախկինում շատ էր խոսվում հենց նախորդ իշխանությունների տարաբնույթ օրինազանցությունների, պաշտոնեական դիրքի չարաշահման և այլնի մասին: Բայց այստեղ, կրկնում եմ, շատ կարևոր է, որպեսզի ամեն ինչ արվի օրենքի տառին համապատասխան»:

«Ազգ բանակ» հայեցակարգն առաջ մղող Վիգեն Սարգսյանին իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանը հիշեցնում է, որ նախկինում թե՛ հանրությունը, թե՛ ընդդիմությունը բազմիցս են բարձրաձայնել, որ հայրենասիրության քողի տակ թալանով են զբաղվել․ - «Բանակի և հայրենասիրության անվան տակ ըստ էության զբաղված են եղել կոռուպցիայով և թալանով, և փորձել են իրենց այդ ճղճիմ գործելաոճը թաքցնել հայրենասիրության անվան տակ ամեն անգամ, երբ որ հանրությունը նրանց ողջամիտ կասկած է հայտնել այս կամ այն խնդրի վերաբերյալ»:

Երեկ նոր անուններ ի հայտ եկան նաև Մարտի 1-ի գործով: Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը է ներգրավել մեղադրյալի կարգավիճակում: Գործում հիշատակվում են նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի անունները: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք պարտակել են մարտյան իրադարձությունների իրական փաստերը:

Իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը նախկինում որպես լրագրող լուսաբանել է այս իրադարձությունները, ասում է, որ փաստերի կեղծիքը դեռևս 2008-ին էր հայտնի:

Հեղափոխությունից ամիսներ անց՝ անցած տարվա հոկտեմբերին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը խոստացել էր կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին: «Ազատության» հետ զրույցում Կոստանյանն ասել էր՝ ցանկացած ողջամիտ մարդ պարտավոր է աջակցել Փաշինյանին, նա ազնիվ է իր նպատակների ու քաղաքական ուղղվածության մեջ:

Վահագն Հովակիմյանը հորդորում է Կոստանյանին կատարել խոստումը, կանգնել պետության կողքին՝ պատմելով, թե ում հանձնարարությամբ է գործել․ - «Ինձ համար շատ ցանկալի կլինի, որպեսզի ինքը օգներ նախաքննական մարմնին Մարտի 1-ի հանցագործությունը ողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ: Այդ թվում նաև այն ուղղությամբ, թե ինքը ում հանձնարարությամբ է գործել»:

XS
SM
MD
LG