Մատչելիության հղումներ

Հայտնի հայերի նկարները՝ Գյումրիի արվեստանոցում. այնտեղ տեղափոխված ռուսները ցուցահանդես են բացել


Վասիլի Մասլովը անցած հոկտեմբերին է Պյատիգորսկից Գյումրի տեղափոխվել։ Երկու ամիս առաջ վարձակալած տան ավտոտնակը արվեստանոցի է վերածել, որպեսզի զբաղվի փորագրվող տպագրությամբ։

Արվեստանոցում այժմ հիմնականում հայտնի հայերի նկարներն են։ Ոմանց մինչ Հայաստան տեղափոխվելը ճանաչել է, օրինակ, Շառլ Ազնավուրին, բայց շատերի մասին տեղում է իմացել։

«Իմ ամենասիրելի դիմանակարներից մեկը Տիգրան Համասյաննին է, գյումրեցի է, ով ծնվել է այստեղ, երաժշտությամբ սկսել է զբաղվել Գյումրիում։ Հիմա համաշխարային ճանաչում ունի իր ջազային կատարումներով։ Նաև Ֆրունզիկ Մկրտչյանի նկարն եմ հավանում, որը բոլոր ժամանակներում շատ ճանաչված է։ Սերժ Թանկյան, ով թեև Հայաստանում չի ապրում բայց հայ է և շատ բաներ է արել հայերի համար», - ասում է նա։

Վասիլին տպագրում է հին գրքերի ու թերթերի մշակումից ստացած հատուկ թղթի վրա։ Այս գործով նաև Ռուսաստանում էր զբաղվում, Գյումրիի արվեստանոցում նաև վարպետության դասեր է անցկացնում։

«Թղթին ավելացրել ենք դարչին, սրան քրքում, սա ներկով է գունավորվել, իսկ այս թղթին ավելացրել ենք չորացրած մրգերի կտորներ։

Վասիլին անցած տարի Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայից հետո է կնոջ հետ Հայաստան տեղափոխվել։ Ասում է՝ ընտրությունը շատ մեծ չէր, բայց չի փոշմանել, որ հենց Հայաստանն ու Գյումրին է ընտրել։ Իսկ հայրենիք վերադառնալու մասին առայժմ չի մտածում. - «Ես չեմ կարող վերադառնալ Ռուսաստան, այնտեղ որոշակի խնդիրներ ունեմ։ Մի խոսքով, վերադառնալու ոչ ցանկություն կա, ոչ հնարավորություն, և կարծում եմ, որ չի էլ լինի»։

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը մեծ սխալ է համարում։ Հոգոց է հանում՝ 1,5 տարի է պատերազմ է ընթանում, ու աղետը օրեցօր միայն ավելի է խորանում. - «Ճակատագրական սխալ էր Ռուսաստանի պետության ու կառավարության կողմից, երկար տարիներ մի քանի սերունդ տառապելու է դրանից ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում։ Այս պատերազմի համար ոչ մի նախադրյալ, ոչ մի պատճառ չկար։ Սա շատ հիմար որոշում էր»։

Թե հետագայում ինչ է անելու, որտեղ է շարունակելու ապրել, դեռ հստակ ոչինչ չգիտի։ Ասում է՝ առայժմ հարմարվել է Գյումրիին։ Վասիլին նաև լուսանկարչությամբ է զբաղվում։ Ազատ ժամանակ իր խորհրդային հին տեսախցիկն է ձեռքն առնում։ Լուսանկարելու հետաքրքիր ձեռագիր ունի՝ մի նկարում նույն իրը հակառակ կողմերից երկու մասի է բաժանված։

Օրերս իր պես պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված 2 ընկերների հետ ցուցահանդես էր բացել։

«Մենք ցուցահանդեսի հստակ որոշում չունեինք, այդպես ստացվեց, մենք մեզ համար էինք լուսանկարում, բավականին նյութեր հավաքվեցին, ու շարք ստեղծվեց, դրա համար էլ որոշեցինք ցուցադրել», - պատմեց նա։

Ցուցահանդեսի մյուս մասնակիցը՝ Դմիտրի Նեսմիսլովը Սանկտ Պետերբուրգից է Հայաստան տեղափոխվել՝ կրկին անցած տարվա զորահավաքից հետո։ Մասնագիտությամբ լուսանկարիչ է և կերամիկայի վարպետ։ Սա Դմիտրիի երրորդ ցուցահանդեսն էր Հայաստանում։ Գյումրիում շատ տխրություն է տեսնում, թեև գիտի, որ հումորի մայրաքաղաքի համբավ ունի։

«Այնտեղ, որտեղ հետաքրքիր լույս եմ տեսնում, այնտեղ էլ նկարում եմ։ Այստեղ Գյումրիում շատ բան կա նկարելու, կարելի է պարզապես քայլել ու նկարել», - ասում է նա։

Դմիտրիին առաջիկայում նաև դուստրը կմիանա։ Պատերազմի սկզբից երկար է մտածել Ռուսաստանից հեռանալու մասին, բայց ասում է՝ վերջնական որոշումը զորահավաքից հետո կայացրեց. - «Կյանքս երկու մասի բաժանվեց, գիծ քաշվեց՝ մինչև պատերազմը ու պատերազմից հետո։ Բայց սա միայն իմ պատմությունը չէ։ Սա Ռուսաստանի համար ճակատագրական սխալ էր։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է հաղթել այս պատերազմում, բայց եթե դա տեղի ունենա, ապա դա կարող է Ռուսաստանի համար ավելի վատ լինել, քան եթե պարտվի, որովհետև այդ սխալի գիտակցումը չի գա, որովհետև դա հնարավորություն կտա ընդմիշտ շարունակել այդ սխալը»։

Դմիտրին, ի տարբերություն հայրենակցի, պատերազմից հետո ցանկանում է տուն վերադառնալ. - «Ես չգիտեմ՝ դա որքանով հանրավոր կլինի, բայց ես ցանկանում եմ վերադառնալ»։

Ապագայի ինչ պլաններ ունի, ինչպես ու որտեղ է շարունակելու ապրել, ռուս շատ միգրանտների պես Դմիտրին էլ չգիտի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG