Մատչելիության հղումներ

Փարաջանովի թանգարանը պատրաստվում է մեծանուն կինոռեժիսորի ծննդյան հարյուրամյակին


Սերգեյ Փարաջանովի թանգարանը ստեղծվել է 1988 թվականին՝ Ձորագյուղ ազգագրական թաղամասում Փարաջանովի մտերիմ ընկերներից մեկի՝ լուսահոգի անվանի լուսանկարիչ, թանգարանի երկար տարիների տնօրեն Զավեն Սարգսյանի ջանքերի շնորհիվ։ Այն սկսել է գործել 1991 թվականից՝ մեծանուն կինոռեժիսորի մահվանից մեկ տարի անց։ Այժմ թանգարանը նախապատրաստվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված մի շարք նախագծերի իրագործմանը։

Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն 2024 թվականի հունվարի 9-ից։ Հենց այդ օրը կլրանա աշխարհահռչակ կինոռեժիսորի ծննդյան 100-ամյա հոբելյանը։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանն ասաց, որ դեռ հոբելյանական կառավարական հանձնաժողով չի ձևավորվել, կձևավորվի առաջիկայում, բայց իրենք արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում՝ հավուր պատշաճի նշելու Փարաջանովի հոբելյանը։

«Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակը ոչ միայն թանգարանի համար է կարևոր, նաև Ազգային կինոկենտրոնի, որովհետև եթե մենք պահպանում ենք, ուսումնասիրում ենք, հանրայնացնում ենք, հավաքում ենք նրա արվեստի ստեղծագործությունները, կյանքի ընթացքում նրա տարբեր փաստաթղթեր, անձնական իրեր, կինոկենտրոնն էլ նրա ֆիլմը ժառանգության պահպանողն ու հանրայնացնողն է, հետևաբար մեր ծրագրերը գրեթե համատեղ են», - նշեց նա՝ շարունակելով. - «Նաև հուրախություն մեզ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է 24 թվականւ Փարաջանովի տարի, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում էլ ունենք նախագծեր, որոնք ներկայացրել ենք, և երեկ նախարարությունից ես տեղեկացա, որ մինչև նոյեմբերի վերջ արդեն նախագծերի հաստատված ժամանակացույցով՝ որ նախագծերն են լինելու, արդեն բոլորի համար հայտնի կլինի, և հանրությունը իրազեկված կլինի»։

Անահիտ Միքայելյանն ընդգծեց՝ հունվարի 9-ին՝ Փարաջանովի հոբելյանի օրը, նախատեսում են իրականացնել ուշագրավ բալետային ներկայացում կամ համերգ –պերֆորմանս ժամանակակից տեխնիկական լուծումներով «Նռան գույնը» ֆիլմի երաժշտության ուղեկցությամբ։ Հենց այս ներկայացմամբ էլ Փարաջանովի ծննդյան օրը կտրվի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. - «Ունենք նաև հրավերներ տարբեր երկրներից ցուցահանդեսների։ Բնական է՝ բոլորին չենք կարող մասնակցել, բայց կարևորագույն տեղերը, որտեղ հատկապես պետք է առաջին անգամ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները ներկայանան, դրանց անպայման մասնակցելու ենք»։

Ըստ նրա՝ հրավերներ կան Ավստրալիայից՝ Սիդնեյից, Իսպանիայից, Բրազիլիայից և այլն։

«Մեծամասամբ այդպես է լինելու՝ ցուցահանդես և ֆիլմերի ցուցադրություն։ Բացի դա, աշնանը նախատեսում ենք ունենալ ցուցահանդես Սերգեյ Փարաջանովի այն ստեղծագործություններով, որոնք այժմ գտնվում են մասնավոր հավաքածուում։ Ցանկանում ենք դրանք բերել Երևան։ Այդ աշխատանքները տանում ենք, և հավատացեք, որ հնարավոր է։ Կան բավականին լավ ստեղծագործություններ։ Տարիների ընթացքում լավագույնները եկել են թանգարան», - հայտնեց Անահիտ Միքայելյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ լինելու է գիտաժողով. - «Լիահույս ենք, որ մասշտաբային կլինի։ Այս տարի պետք է հրատարակվի Սայաթ-Նովա ֆիլմի պատկերագիրքը։ Հույս ունեմ, որ այս տարի դա կյանքի կկոչվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG