Ռուսական ուժերը Գորիի շրջանի Մեջվրիսխևի գյուղի բաժանարար գծի մոտ այսօր առավոտյան Վրաստանի վեց քաղաքացիների են ձերբակալել, հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսի Բատիաշվիլին։
Վրաց պաշտոնյայի խոսքով՝ Թբիլիսին միջադեպի մասին տեղեկացրել է միջազգային գործընկերներին, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ՝ Մեջվրիսխևի գյուղից բաժանարար գծի մյուս կողմում՝ Գրոմի գյուղի տարածքում տեղակայված է ռուսական ռազմաբազան։ Ըստ առկա տեղեկությունների՝ Մեջվրիսխևիի բնակիչները բերման են ենթարկվել գյուղի ծայրամասում կազմակերպված խնջույքի ժամանակ, որից հետո նրանց տեղափոխել են նախ ռուսական բազա, իսկ հետո՝ Ցխինվալի։
Մինչ այդ՝ Ցխինվալիում կալանքի տակ էին Վրաստանի ութ քաղաքացիներ։ Հարավային Օսիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել նոր ձերբակալությունները։ Վրաստանի պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականին հարավօսական ուղղությամբ ձերբակալվել է Վրաստանի 44 քաղաքացի, իսկ աբխազական ուղղությամբ՝ 13։