Մատչելիության հղումներ

Ռուսաստանն է  Զապորոժիեի ատոմակայանի համար վտանգի միակ աղբյուրը. Զելենսկի


Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել է Զապորոժիեի ատոմակայանում ռուսների կողմից նախապատրաստվող վտանգավոր սադրանքների մասին։

Երեկոյան իր տեսաուղերձում Զելենսկին ասել է, թե ուկրաինական հետախուզության տվյալներով, ռուս զինվորականները Զապորոժիեի ատոմակայանի մի քանի էներգաբլոկների տանիքին «պայթուցիկ հիշեցնող առարկաներ» են տեղադրել. - «Միգուցե նրա համար, որ հետո ասեն, թե հրթիռ է ատոմակայանին հարվածել: Գուցե նրանք այլ սցենար ունեն: Բայց, ամեն դեպքում, աշխարհը տեսնում է, և չի կարող չտեսնել, որ Ռուսաստանն է Զապորոժիեի ատոմակայանի համար վտանգի միակ աղբյուրը»։

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը ավելի վաղ հայտարարել էր, որ Զապորոժիեի ատոմակայանում պայթյունի կամ դիվերսիայի դեպքում աղետը կունենա միջազգային մասշտաբներ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը սակայն այսօր կրկին հայտարարել է, որ գործակալության տեսուչները Զապորոժիեի ատոմակայանում նախապատրաստվող դիվերսիայի նշաններ չեն տեսել։

Թեև Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը ամիսներ շարունակ ռուսական վերահսկողության տակ է, նախագահ Պուտինի մամուլի քարտուղարն այսօր պնդել է, թե ուկրաինական կողմն է դիվերսիա նախապատրաստում. - «Կիևի ռեժիմի կողմից դիվերսիայի մեծ վտանգ կա, որի հետևանքները կարող են աղետալի լինել»։

Դմիտրի Պեսկովի խոսքով, ձեռնարկվում են բոլոր միջոցները նման սպառնալիքին հակազդելու համար։

Ուկրաինական կողմը հաղորդում է դեպի Բախմուտ շարժվելու մասին

Նշվում է, որ Կլեշեևկայի տարածքում ուկրաինական ուժերը մասնակի հաջողություններ են ունեցել և գրավել են ռուսական դիրքեր։ Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Օլեքսանդր Սիրսկին հուլիսի 3-ին ABC News-ին տված հարցազրույցում ասել էր, թե Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան հետ վերցննել Բախմուտը։

Նրա խոսքով, այժմ ռազմաճակատում ամեն ինչ զարգանում է մշակված ծրագրերի համաձայն. - «Մենք բոլորս ցանկանում ենք արագ հասնել արդյունքի, բայց մինչ այժմ ամեն ինչ զարգանում է ըստ կազմված և հաստատված ծրագրերի»։

Ուկրաինական կողմը միևնույն ժամանակ հայտնում է, թե ռուսները կատաղի դիմադրում են և փորձում են առաջ գնալ Լիմանի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններով։ Մոսկվան իր հերթին արդեն որերորդ օրն է հայտարարում է Լիմանի, Կուպյանսկի և Հարավային Դոնեցկի ուղղություններում ուկրաինական «անհաջող հարձակողական գործողությունների» մասին։

«Ուկրաինական ուժերի խնդիրը թշնամուն հյուծելն է»

Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Ուկրաինան անցել է հակահարձակման։ Արևմտյան մամուլն այս ընթացքում գրեթե ամեն օր գրում է, թե ուկրաինացիների հակահարձակումը սպասվածից դանդաղ է ընթանում։

Մինչդեռ բրիտանական բանակի հրամանատար, ծովակալ Էնթոնի Ռադակինը կարծում է, որ Ռուսաստանն արդեն կորցրել է իր մարտական ներուժի կեսը ուկրաինական պատերազմում։ Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանում լսումների ժամանակ, հայտնում է Financial Times թերթը:

Բրիտանացի զինվորականը նաև կարծում է, որ ուկրաինական զորքերի հիմնական հակահարձակումը դեռ առջևում է։ Ըստ ծովակալի, ուկրաինական հակահարձակումը դանդաղ է ընթանում, բայց ուկրաինական ուժերի խնդիրը թշնամուն հյուծելն է. - «Խնդիրն այն է, որ ավելի քան հազար կիլոմետրանոց ճակատային գիծն ավելի շատ խնդիր դարձնենք Ռուսաստանի, քան Ուկրաինայի համար»։

Ռադակինի կարծիքով, ուկրաինական բանակի հիմնական խոչընդոտը հիմա ռուսների կողմից խիտ ականապատված դաշտերն են, ինչպես նաև օդային աջակցության բացակայությունն ու այն, որ Կիևը չի ստացել ամբողջ սպառազինությունը, որը պահանջել էր արևմտյան գործընկերներից։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ռուսական բանակը ներկայումս ուժ չունի սեփական խոշոր հարձակման համար։

XS
SM
MD
LG