Մատչելիության հղումներ

Ծանր վիճակում Արցախից Հայաստան տեղափոխված մեկ տարեկան երեխայի կյանքին վտանգ չի սպառնում


Մոնթեն վերակենդանացման բաժանմունքում դեռ անտրամադիր է, բայց կարևորը՝ աչքերն արդեն բացել է, գիտակցությունը վերադարձել, ձեռքերն ու ոտքերը շարժում է, երբեմն, թեկուզ անհավես, մուլտֆիլմ է նայում:

Հունիսի 24-ին մեկ տարեկան փոքրիկին ծայրահեղ ծանր վիճակում ռուս խաղաղապահները ուղղաթիռով տեղափոխեցին Արցախից։ Այդ օրերին ադրբեջանական կողմը նույնիսկ ծանր հիվանդների համար էր փակել Հակարիի անցակետը. Մոնթեին տեղափոխող ուղղաթիռը վայրէջք կատարեց Սիսիանում, որտեղ նրան արդեն սպասում էր «Արաբկիր» բժշկական համալիրի ռեանիմոբիլը:

«Ընդունվելուց վիճակը բավականին ծանր էր՝ կապված իրա ուղեղի բորբոքման հետ, գիտակցության խանգարումներով, շարժումների խանգարումներով», - ներկայացրեց «Արաբկիր» Բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշոտ Գյուլբուդաղյանը:

Գյուլբուդաղյանը պատմում է՝ սկզբում, երբ փոքրիկը դեռ Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում էր՝ փորձում էին հեռակա խորհրդատվություններով թեթևացնել նրա վիճակը, ի վերջո, պարզվեց անհնար է. տոնզիլիտով՝ անգինայով ընդունված երեխայի մոտ վիրուսը ներթափանցել էր նյարդային համակարգ, ախտահարել գլխուղեղը:

«Կոնկրետ այս երեխայի համար դեղորայք էր պետք հակավիրուսային, որ պետք է ստանար, այնտեղ մի հատ էր, թե երկու հատ էր», - պատմեց «Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման բաժանմունքի վարիչը:

«Մեզ որոշակի սպեցիֆիկ տեստեր էին անհրաժեշտ, որ միայն կատարվում է Հայաստանում», - ասաց «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական նյարդաբան Անի Շառյանը:

Այստեղ արդեն գործի անցան ռեանիմատոլոգը, նյարդաբանը, վերականգնող մասնագետը, «Արաբկիր»-ի բժիշկները շեշտում են՝ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում, հույսով, որ լիարժեք վերականգնումն էլ չի ուշանա:

«Մոնթե» վերնագրով երկաթյա փոքրիկ մահճակալին հերթով տարբեր մասնագետներ են մոտենում՝ վերականգնող մարզանքներ, նյարդաբանական վարժություններ են:

Արցախում հատկապես նյարդաբանների խնդիրն է սուր, շեշտում է մանկական նյարդաբան Անի Շառյանը. 21 թվականից բուժկենտրոնի մասնագետները պարբերաբար Արցախ էին գնում՝ խորհրդատվությունների համար, փակ ճանապարհը բարդացրել է իրավիճակը, օրեր առաջ նյարդաբանական բաժանմունքի ղեկավար Բիայնա Սուխուդյանը Կարմիր խաչի մեքենայով դարձյալ հասավ Ստեփանակերտ։

Միայն ծնողները գիտեն, թե ինչ է նշանակում առողջական ծանր խնդրով երեխայի հետ անհույս սպասելը:

«Ցերեկն ասացին՝ երեխային տանում ենք Հայաստան, մենք պատրաստվեցինք, հետո ասացին, որ խնդիրներ կա Ադրբեջանի կողմից, օդային ճանապարհը չի բացվում, բանակցությունների մեջ են, անցավ մի գիշեր, առավոտը ժամը 10-ին օդային ճանապարհը բացվեց ուղղաթիռով մեզ ուղարկեցին Երևան», - պատմեց Մոնթեի հայրը՝ Կարեն Գրիգորյանը:

Մոնթեի ծնողները արդեն ցնցումների մեջ ընկած երեխայի հետ մեկ օր սպասել են Ստեփանակերտում, որ ադրբեջանցիները թույլ տան գոնե օդային ճանապարհով երեխային Երևան հասցնեն։ Հայրը՝ Կարեն Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում գտնվող փոքրիկին դեռ չի տեսել, նրա դեմքը պատկերացնում է միայն ժպիտով, այդպիսին էր մինչև չարաբաստիկ տոնզիլիտը։

Բուժանձնակազմը օրը երկու անգամ փոքրիկի առողջական վիճակի մասին տեղեկություն է տալիս ծնողներին ու երբեմն մայրիկին թույլ տալիս տեսակցել որդուն:

«Հենց ձայն եմ հանում, լացում ա երեխան, թողնում եմ, դուրս գալիս», - ասաց մայրը՝ Նարինե Մելքումյանը:

Կարենն ու Նարինեն որդու ապաքինմանն սպասում են հիվանդանոցի տրամադրած կացարանում, հույսով, որ ցամաքային կամ օդային մի ճանապարհ իրենց երեքին հետ՝ Մարտակերտ կտանի լավ տրամադրությամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG