Մատչելիության հղումներ

Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը սկսել է մտածել ազգանունը փոխելու մասին

Պրոդյուսեր Իոոսիֆ Պրիգոժինը, արխիվ
Պրոդյուսեր Իոոսիֆ Պրիգոժինը, արխիվ

Ռուսաստանցի անվանի պրոդյուսեր Իոսիֆ Իգորի Պրիգոժինը հայտնել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Վիկտորի Պրիգոժինի կազմակերպած հեղաշրջման փորձից հետո սկսել է մտածել ազգանունը փոխելու մասին:

Նրա խոսքով, հեղաշրջման ժամերին և հետո սոցիալական ցանցերում իր մասին բազում հեգնական մեկնաբանություններ է ընթերցել:

Դրանց մեծ մասն, ըստ Իոսիֆ Պրիգոժինի, կատակի բնույթ է ունեցել, սակայն ինքը բնավ դրանից չի ուրախացել:

Ոմանք էլ ամենայն լրջությամբ պրոդյուսերին հորդորել են «վերջ տալ այդ վտանգավոր հեղաշրջմանը»:

«Յոսյա, կանգ առ հենց հիմա, բավ է»,- գրել են ծանոթներից մի քանիսը, սխալմամբ ենթադրելով, որ Իոսիֆ Պրիգոժինը կապ ունի «Վագների» հետ:

«Իհարկե, կարդում էի լրահոսը, հավատալս չէր գալիս, կարծես սարսափ ֆիլմ լիներ: Ինձ դուր է գալիս իմ ազգանունը, չեմ ուզում հրաժարվել: Բայց դե կար, օրինակ, Նեմիրովիչ-Դանչենկո: Ուրեմն կարող է լինել նաև Պերֆիլով-Պրիգոժին»,- ասել է Պրիգոժինը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին:

Պարբերականը նշում է, որ Պերֆիլովան Իոսիֆ Պրիգոժինի տիկնոջ՝ երգչուհի Վալերիայի ազգանունն է:

XS
SM
MD
LG