Ատլանտյան օվկիանոսում անհետացած «Տիտան» մինի սուզանավի անձնակազմը՝ հինգ մարդ, ըստ ամենայնի, մահացել են։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել են շրջագայությունը կազմակերպած ընկերությունը և ԱՄՆ առափնյա պահպանությունը, որը մասնակցել է որոնողական աշխատանքներին։
«Ցավոք, մահացել են մեր գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշին, Շահզադա Դաուդին և նրա որդին՝ Սուլման Դաուդին, Համիշ Հարդինգին և Փոլ-Հենրի Նարգոլեթինը: Այս մարդիկ իսկական հետազոտողներ էին, որոնց միավորում էր արկածային առանձնահատուկ ոգին և օվկիանոսի ուսումնասիրության և պաշտպանության խորը կիրքը», - ասվում է OceanGate ընկերության հայտարարությունում, որը հաջորդել է որոնողական աշխատանքների ընթացքում սուզանավի բեկորների հայտնաբերմանը։
Մասնագետների գնահատմամբ՝ սուզանավը խորտակվել է ջրի ուժեղ ճնշման հետևանքով և կործանվել։ Երբ և ինչի հետևանքով է դա տեղի ունեցել, դեռևս հստակ չէ։
Զոհերի մասունքների հայտնաբերման մասին առայժմ չի հաղորդվում:
«Տիտան» սուզանավը դուրս էր եկել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի Սենթ Ջոնս քաղաքից: Այն ուղևորվում էր Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկի» կործանման վայր։ «Տիտանիկի» մնացորդները գտնվում են օվկիանոսի հատակին՝ շուրջ 3800 մ խորության վրա, Նյուֆաունդլենդի ափերից գրեթե 600 կմ հեռավորության վրա: Բաթիսկաֆի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր հունիսի 18-ին՝ սուզումը սկսելուց գրեթե 1 ժամ 45 րոպե անց։