Մատչելիության հղումներ

Նախկին «Կրեդիտ-Երևանի» շենքի՝ 2004-ին ՊՆ-ին անցնելու և հետագա վաճառքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել


Պաշտպանության նախարարությունը, պետության հանդեպ ունեցած պարտքի դիմաց, 2004-ին «Կրեդիտ-Երևան բանկից» ստացել է շինություն և մեկ ամիս անց 410 հազար դոլարով պակաս՝ 90 հազար դոլարով վաճառել «Անելիք բանկին», հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշով։

2000-ից 2007 թվականներին պաշտպանության նախարարը եղել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Դատախազությունը գործից որոշ մանրամասներ է փոխանցում, մասնավորապես նշելով, որ 2004-ի հունիսի 1-ին «Կրեդիտ Երևան բանկ» լուծարվող բանկի և Պաշտպանության նախարարության միջև՝ ի դեմս նախարար Ս.Ս.-ի կողմից լիազորված անձ Վ.Ա.-ի, կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ բանկը Պաշտպանության նախարարության հանդեպ իր ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտավորությունների դիմաց ՊՆ-ին է հանձնել Մոլդովական 27ա հասցեում գտնվող 441,01 քմ մակերեսով շինությունն ու 525 քմ մակերեսով հողամասը: Պայմանագրով նախարարությունը պարտավորվել է գույքի վաճառքից գոյացած գումարը՝ 500 հազար ԱՄՆ դոլարը գերազանցելու դեպքում, ավել գումարը վերադարձնել «Կրեդիտ Երևան բանկ» ընկերությանը: Մինչդեռ, ընդամենը մեկ ամիս 12 օր անց՝ 2004-ի հուլիսի 13-ին, ՊՆ-ն, ի դեմս նախարար Ս.Ս.-ի, նույն գույքը 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել է «Անելիք բանկին»:

Բացի այդ, ըստ դատախազության, պարզվել է, որ նշված տարածքը, դեռևս չպարզված հանգամանքներում, առանձնացվել է «Տիգրան Մեծի անվան զբոսայգու» տարածքի սահմաններից՝ դասակարգվելով որպես հասարակական կառուցապատման հողամաս և հողամասն ուղղակի վաճառքով՝ 2 մլն 375 հազար 100 դրամով օտարվել է «Անելիք բանկին»: 2007 թվականին Երևանի քաղաքապետի (2003-ից 2009-ը թվականներին Երևանը ղեկավարել է Երվանդ Զախարյանը) որոշմամբ՝ բանկին վաճառվել է նաև հողամասին հարակից 274, 85 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև տրամադրվել է 239 քմ մակերեսով հողամաս՝ առանց քաղաքաշինական գործունեություն իրականացնելու թույլտվության: 2018 թվականին «Անելիք բանկը» անշարժ գույքը 135 մլն 556 հազար 400 դրամով վաճառել է քաղաքացիներ Ա.Վ.-ին և Ար.Վ.-ին:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը այս տարվա հունիսի 12-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, մեկ օր անց կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշով։

Մանրամասներն՝ այսօր ավելի ուշ

XS
SM
MD
LG