Մատչելիության հղումներ

Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից հիմնավոր են, դրանց պետք է արձագանքել. Լուկաշենկո


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից հիմնավոր են, և դրանց պետք է արձագանքել, խնդիրները լուծել, այսօր Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահը։

Դիմելով ռազմական դաշինքի անդամ երկրների արտգործնախարարներին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունները շատ հաճախ տեղին են, քանի որ կառույցը թերանում է կոնկրետ խնդիրների լուծման հարցում:

ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների նիստը Մինսկում, 20-ը հունիսի, 2023թ., լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի
ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների նիստը Մինսկում, 20-ը հունիսի, 2023թ., լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

«Մենք բոլորս՝ այս սեղանի շուրջ հավաքվածներս, ինչ-որ ակնկալիք ունենք ՀԱՊԿ-ից, հակառակ դեպքում չէինք անդամակցի այդ կազմակերպությանը։ Գուցե սխալ եմ, բայց Ղրղըզստանը մեզնից խնդրում, պահանջում է ինչ-որ կերպ օգնել Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության կարգավորման հարցում։ Շատ հիմնավոր, և դա երբեմն շատ հստակ է, մեզնից դժգոհում է Հայաստանը։ Խնդիրներ կան, և շատ լուրջ խնդիրներ։ Եթե մենք չլուծենք այս խնդիրները, մենք կշարունակենք կշտամբել միմյանց ու դժգոհել կազմակերպության գործունեությունից։ Մինչդեռ խնդիրները գոյություն ունեն, որպեսզի դրանք լուծվեն», - ասել է Բելառուսի նախագահը։


Երևանը պաշտոնապես հայտարարեց, թե ՀԱՊԿ-ից ակնկալիքները չեն արդարացել անցած սեպտեմբերին՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո։ Այդուհետ՝ մինչ օրս Հայաստանի իշխանությունը քաղաքական գնահատական է ակնկալում ռազմական դաշինքից, որը չհնչեց նաև անցած նոյեմբերին, երբ ՀԱՊԿ առաջնորդները, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, այս հարցը քննարկելու համար ժամանեցին Երևան։ Ի պատասխան, Հայաստանի վարչապետը հրաժարվեց ստորագրել գագաթնաժողովի հռչակագիրն ու «Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու մասին» փաստաթուղթը։ Այսօր Լուկաշենկոն, ուղիղ չխոսելով մանրամասներից, ընդգծել է՝ ՀԱՊԿ-ում հարցերը լուծելու փոխարեն նախընտրում են դրանք շրջանցել:

«Ուզենք, թե չուզենք՝ պետք է խորանանք այն խնդիրներում, որոնք այսօր լուծում են թե՛ ՀԱՊԿ անդամ Հայաստանը, թե՛ մեր կազմակերպության անդամներ Ղրղըզստանն ու Տաջիկստանը։ Իհարկե, խնդիրներ կան նաև Բելառուսի ու Ռուսաստանի միջև։ Դրանք շատ են, և դրանք պետք է լուծել, որքան էլ բարդ ու դժվարին լինեն։ Սակայն մենք հաճախ այդ խնդիրներն անտեսում ենք, չենք ուզում լուծել, քանի որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, իսկ երբեմն էլ գուցե այդպես ենք վարվում խնդիրների բարդության պատճառով», - նշել է Բելառուսի նախագահը:

Դիմելով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարներին՝ Լուկաշենկոն առաջարկել է օրակարգային հարց դարձնել այս խնդիրները․ - «Եթե մենք կարողանանք լուծել Տաջիկստանի ու Ղրղըզստանի սահմանի հարցը, այնտեղ մարդկային զոհեր չեն լինի, երկու երկրներն էլ մեզ երախտապարտ կլինեն։ Նույնը՝ Հայաստանի դեպքում», - հայտարարել է նա՝ զգուշացնելով. - «Եթե մենք չենք արձագանքում, մեր փոխարեն այդ հարցերով զբաղվում են արևմտյան բարեկամ-խորհրդատուները»։

Արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Լուկաշենկոն մի քանի անգամ կրկնել է, թե ՀԱՊԿ անդամները պետք է «զերծ մնան հապշտապ որոշումներից և միմյանց դրությունը վատթարացնելու, իրարից հեռանալու փոխարեն փորձեն լինել առավել միասնական»։

Թե ինչ որոշումների և հեռացումների մասին է խոսքը, Լուկաշենկոն չի մանրամասնել։ Բելառուսի պաշտոնական աղբյուրները միայն նախագահի ելույթն են հրապարակել, և հայտնի չէ՝ ինչպես են դրան պատասխանել հանդիպմանը ներկա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները։ Առայժմ հրապարակվել է միայն կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի արձագանքը, թե «աշխարհքաղաքական դժվարին այս իրավիճակում պետք է միասնական մնալ և համաձայնեցված արձագանքել առկա մարտահրավերներին»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG