Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանին է ներկայացվել Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցածի կապակցությամբ. ԱԳՆ


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր մոտ մեկ ժամ անցկացրեց Հայաստանի արտգործնախարարությունում։

ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, տեղեկացնում են Արտգործնախարարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցերին՝ արդյոք դեսպանի այցը կապված էր Լաչինի միջանցքում երեկվա դեպքերի հետ և Մոսկվային բողոքի նոտա հղվե՞լ է:

«Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ», - հայտնում է ԱԳՆ-ը:

Դեսպանն այսօր անպատասխան էր թողել «Ազատության» հարցը՝ արդյոք երեկվա դեպքերից դժգոհող Երևանը նոտա է հղել։ Հրաժարվել էր մեկնաբանել նաև ռուս խաղաղապահների երեկվա գործողությունները. Հակարիի կամրջին ադրբեջանական դրոշի տեղադրման տեսանյութերից ենթադրվում է, որ գործընթացը հսկել են ռուս խաղաղապահները, մի դեպքում՝ բառացիորեն կենդանի պատ կազմելով։

Հայաստանում ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքում ևս Սերգեյ Կոպիրկինի այսօրվա հանդիպման մասին որևէ հաղորդագրություն չկար։

Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխելու մասին հաղորդած ԱԱԾ-ն երեկ պնդեց՝ ադրբեջանցիները փորձել են դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում։

Իշխանական պատգամավորները Լաչինի միջանցքում տեղի ունեցածը շատ մեծ խնդիր են համարում

Այսօր իշխանական պատգամավորները Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցածը շատ մեծ խնդիր էին համարում։

«Դրա շուրջ խոսում ենք ռուս գործընկերների հետ», - հայտարարում էր իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Երեւանը պաշտոնական պարզաբանում պահանջել է Մոսկվայից ու ի՞նչ պատասխան է ստացել։

«Գնահատում ենք որպես հերթական սադրանք Ադրբեջանի կողմից խաթարելու գործընթացները, բայց մենք շարժվելու ենք մեր քաղաքականությամբ և ամեն բան անելու ենք զսպելու էսկալացիոն բոլոր ռիսկերը նաև մեր միջազգային գործընկերների ճնշման միջոցով: Ինչ վերաբերում է պաշտոնական պարզաբանմանը մեր ռուս գործընկերներից, Արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է և տեղի ունեցածը շատ մեծ ծավալի խնդիր է, կարելի է արձանագրել, բնականաբար, խոսակցություն մեր ռուս գործընկերների հետ տեղի է ունենում: Թե ի՞նչ կոնտեքստում և ի՞նչ արդյունքներով, սրա մասին կխոսի Արտաքին գործերի նախարարությունը», - նշեց Հարությունյանը:

ԱԳՆ-ն մինչ այս պահը իր քայլերը չի բացահայտում։ Բայց իշխանական պատգամավորներից Բաբկեն Թունյանն, օրինակ, լրիվ լեգիտիմ էր համարում հարցը՝ ԱԳՆ-ն չպիտի՞ նոտա հղի Ռուսաստանին։

«Բայց պիտի հասկանանք՝ ամեն նման միջադեպին մեր կոնկրետ արձագանքը իրավիճակն ավելի շատ բարդացնում է, թե՝ չի բարդացնում: Ցանկացած արձագանք պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական շահերին չվնասող», - ասաց Թունյանը:

«Նման վարքագիծը մերժելի է»

Ընդդիմադիր «Հայաստան»-ից Արծվիկ Մինասյանը ռուս խաղաղապահների վարքագիծը անընդունելի ու դատապարտելի համարեց։

«Ով ինչ ուզում է ասի՝ նման վարքագիծը մերժելի է: Բայց այս բոլոր հարցերի պատասխանը մենք պետք է փնտրենք այն հիմնական օրակարգի մեջ, որն առաջ է մղում Հայաստանի գործող իշխանությունը: Քեզ սպանում են, դու ասում ես՝ խաղաղություն, մտնում են քո տարածք, ասում ես՝ խաղաղություն: Մեր կոչն ամենևին պատերազմ հայտարարելը չէ Ադրբեջանին, այլ առնվազն դիվանագիտական մակարդակում հասնել այն բանին, որպեսզի զսպվի Ադրբեջանի այս անհագ ցանկությունը», - ասաց Մինասյանը:

«Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանն ավելի մեղմ արտահայտվեց, բայց ինչպես և «Հայաստանի» ներկայացուցիչները՝ իրավիճակը իշխանության վարած քաղաքականության արդյունք որակեց։

«Ես 100 տոկոսով գո՞հ եմ մեր ռազմավարական դաշնակցի, մեր անվտանգային հովանավորի գործելաոճից, ինչպես և ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իհարկե, ոչ, բայց գիտակցում եմ, որ այնտեղ կանգնած ռուս խաղաղապահն իմ եղբայրների ու քույրերի անվտանգության երաշխավորն է այս պահին, որովհետև Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից», - ընդգծեց Մամիջանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG