Մատչելիության հղումներ

Մոսկվային անհանգստացնում են Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցություններ հաստատելու ԱՄՆ-ի փորձերի մասին հրապարակումները


Ռուսաստանին անհանգստացնում են մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները փորձում է պարտադրել իր միջնորդությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար, այդ թվում՝ ուժի գործադրման սպառնալիքի միջոցով. պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել են Ռուսաստանի արտգործնախարարությունում։

Այս մեկնաբանությունից առաջ «Կոմսոմոլսկայա պրավդան», վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ ԱՄՆ-ն վերջնագրի տեսքով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հարկադրում է համաձայնել մոտ ապագայում երրորդ երկրում հանդիպել ադրբեջանական կողմի հետ՝ ամերիկացիների հովանու ներքո։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է, թե ծանոթ է այդ թեմայով մամուլի հրապարակումներին, հավելելով, որ եթե փաստերը հաստատվեն, ամերիկյան կողմը պարտավոր է պարզաբանում տալ։

«Միջնորդի դերին հավակնող երկիրը կարգավորման այսպես ասած՝ մասնակցին սպառնում է ուժ կիրառելով իրականացնել իր միջնորդական դերը։ Այսինքն՝ ուժով ստիպում են, սպառնալիքով, շանտաժով, նստել բանակցությունների սեղանի շուրջ, մասնացել ինչ-որ համաժողովների, որոնք իրենց մտքում նկարել են միջնորդները»,- ասել է Զախարովան։

Նախօրեին նա հերթական անգամ, բայց ավելի խիստ տոնով քննադատել էր Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը։

Արտգործնախարության պաշտոնական կայքում տեղադրված մեկնաբանությամբ Զախարովան ասել է, որ Հայաստանում ԵՄ առաքելության գործարկումը, որի նպատակը հայտարարվել է աջակցել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների նորմալացմանը, տեղի է ունեցել միակողմանի, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջական կողմի և տարածաշրջանային դերակատարների համաձայնության և առանց պատշաճ հաշվետվության։

«Սա միայն հաստատում է տարածաշրջանում Եվրամիության քաղաքականության իրական ենթատեքստը, որի համար գլխավորը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելն է, Հարավային Կովկասի վերածումը աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի»,- ԱԳՆ-ի կայքում գրել է Զախարովան, ընդգծելով, որ Բաքին և Երևանին ԵՄ առաքելության հաշվետու չլինելը ամրապնդում են կասկածները, որ Բրյուսելը տարածաշրջանում «թաքնված օրակարգ» ունի և սա հարցեր է առաջացնում ոչ միայն Մոսկվայի մոտ։

«Նախկինի պես համոզված ենք, որ արտատարածաշրջանային Եվրամիության գործոնի շարունակվող ընդլայնումը Անդրկովկասում, որի հետևում տեսանելի են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հակառուսական խնդիրները, ընդունակ է միայն սրելու այստեղ առկա հակասությունները։ Ըստ երևույթին, դրա համար են Գերմանիայի առանձին գործիչներ փորձում համոզել հանրությանը, որ Հայաստան ուղարկված գերմանացի ոստիկաններն ու ֆրանսիացի ժանդարմները օկուպանտներ չեն»,- գրել է Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչը, պնդելով, որ ԵՄ առաքելությունը չի կարող անվտանգություն ապահովել, այն կարող են միայն ռուսները։

«Հայ-ադրբեջանական սահմանային շրջանում Եվրամաիության փորձագետների կասկածելի ակտիվացումից ոչ մի «ավելացված արժեք» չկա։ Ավելին, նրանք ի վիճակի չեն անվտանգություն ապահովել և պահպանել կրակը դադարեցնելու համաձայնությունը, որ ձեռք է բերվել ռուսական միջնորդության վճռական դերակատարության շնորհիվ։ Տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորը նախկինի պես մնում է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը», - ընդգծել է նա։

Մարիա Զարախովան նշել է, որ Մոսկվան կշարունակի օժանդակել Բաքվին և Երևանին տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար։

«Իրավիճակի զարգացումը հերթական անգամ ապացուցում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման և ընդհանուր առմամբ Անդրկովկասում իրավիճակի առողջացման առավել կայուն և երկարաժամկետ հիմքը հանդիսանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների համաձայնությունների հետևողական իրականացումը, այդ թվում՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի պարամետրերի համաձայնեցում»,- եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։

Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելությունը թվիթերյան գրառմամբ հայտարարել է, որ հենց ամենասկզբից Հայաստանում Եվրամիության առաքելությունը ամբողջովին թափանցիկ է 6 կետերից առավելագույնը 103 հոգանոց միջազգային անձնակազմով աշխատելու իր ծրագրում։

«Հայաստանում ԵՄ առաքելությունը լիովին անզեն քաղաքացիական առաքելություն է, որը գործարկվել է ի պատասխան Հայաստանի կառավարության խնդրանքի»,- ընդգծում է ԵՄ առաքելությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG