Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ի որոշմամբ, նորակառույց բնակարանները էլցանցին միացնելու միանվագ վճարը բարձրացել է 300 տոկոսով


Որպեսզի նորակառույց շենքը հոսանքի բաժանորդ դառնա, կառուցապատողը կամ բնակիչը մեկ բնակարանի համար 300 տոկոսով ավելի կվճարի։ Միանվագ վճարվող այս գումարը նախկինում 177-ից մինչև 308 հազար էր դրամ էր՝ ըստ հոսանքի հզորության։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, սակայն, նվազագույն գումարն արդեն 700 հազարն է, իսկ առավելագույնը կհասնի մեկ միլիոն 200 հազար դրամի։

Կառուցապատող Հարություն Պետրոսյանն ասում է, որ դա չնախատեսված ծախս էր իրենց համար, ստիպված են բարձրացնել բնակարանների գինը։ Նաև տարակուսած է, թե ինչու միանգամից 300 տոկոսով. - «Թանկացում մենք տեսել ենք տարիների ընթացքում, որը մենք կարող ենք համադրել ընդհանուր գնաճի հետ երկրում կամ դրսում։ Հիմա գինը բարձրացել է երեք անգամ։ Երեք անգամ գնաճ Հայաստանում չունենք... կարող է լինեն 5 տոկոս, 10 տոկոս, 15 տոկոս։ Տեխպայմանը ստացել ենք մեկ ու կես տարի առաջ, գոնե ասեին, որ թանկանալու է էսինչ ամսաթվին, եկեք վճարեք, կամ կանխավճար արեք, որ ձեր համար գինը չթանկանա։ Ինչ-որ մի տեղ դա ընդունելի տարբերակ կլիներ»։

Շուրջ 5 տասնյակ կառուցապատողների միավորող «Կառուցապատողների ասոցիացիան»-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը նամակով կառավարության աջակցությունն է խնդրում։ Վարկով շենք կառուցելիս ի՞նչ իմանային, որ հարյուրավոր բնակարանների համար լրացուցիչ ծախս է առաջանալու։ Մտահոգված են, որ առանց պետության աջակցության խոշոր նախագծերը կիսատ կմնան. - «Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ կառուցապատողները ստացել են АПЗ կոչվող փաստաթուղթը, այսինքն՝ Ճարտարապետանախագծային առաջադրանքը, սակայն շինարարության թույլտվությունը ստացել են բոլորովին վերջերս, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի չարաբաստիկ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո։ Եվ մարդիկ կանգնել են փաստի առջև՝ ի՞նչ անել։ Ո՞ւր մնաց պետության աջակցությունը, մի՞թե պետությունը չպետք է իր հնարավորության սահմաններում առավելագույնս աջակցի ներդրումների ներգրավմանը և ներդրումային գրավչության բարձր մակարդակի ապահովմանը»։

Երևանում առանձնատուն կառուցողների համար այս գումարը 65 հազարից դարձել է 280 հազար դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական հաշվարկների վրա հիմնվելով է 300 տոկոսով թանկացրել էլեկտրացանցի բաժանորդ դառնալը։

Հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանն ասում է՝ էլցանցին միացման վճարները 2008-ից չէին փոխվել, իսկ այս 15 տարվա ընթացքում ամեն ինչ է թանկացել՝ մետաղներ, նյութեր և այլն. - «Բոլոր նյութերի, սակագների գները բարձրացել էին, և միացման վճարը էսօր փաստացի ծախսերի կազմում էր ընդամենը 18 տոկոսը։ Մնացածը վճարում էինք մենք բոլորս։ Այսինքն՝ եթե ես քաղաքի կենտրոնում բնակարան եմ կառուցում կամ բնակարան եմ գնում, իմ միացման վճարը չպետք ա վճարի գյուղի բնակիչը»։

Ըստ կարգավորող մարմնի, 300 տոկոսով թանկացումը կառուցապատողների համար աղետալի չէ։ Մինչև կառուցապատողներն ու կառավարությունը հաշիվներ են պարզում, տուժում է նորակառույցներից բնակարան գնող կամ առանձնատուն կառուցող քաղաքացին: Կառուցապատողն այդ գումարը կա՛մ թողնում է բնակչի ուսին, կա՛մ հետո տան գինը բարձրացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG