Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյանի պնդմամբ՝ իր հարաբերությունները թիմակիցների հետ լավ են, ճնշում չի զգում


Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հասցեագրման խաղաղություն պատկերացնելը շատ դժվար է, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը։

Առողջապահության նախկին նախարարն անդրադարձավ նաև քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումներին առնչվող գործին և այլ հարցերի։

Ներկայացնում ենք հատված ասուլիսից.

«Մեղադրանքի հիմքում չեմ տեսել որևէ ապացույց»

«Չգիտեմ՝ գնալու եմ, թե չէ {հարցաքննության}, ես չեմ ստացել ծանուցագիր մինչև օրս զարմանալիորեն, և ես այդ պատրաստակամությունը հայտնել են դեռևս ոչ հանրայնորեն դեռ անցյալ տարվա աշնանը ու չեմ հարցաքննվել», - ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների աղմկահարույց գործին։

Ըստ այս գործի՝ 120 միլիոն դրամ է պետբյուջեից հափշտակվել։

«Այդ հրամանների հեղինակը ես եմ, և շատ տարօրինակ է, որ հետաքրքիր չեն այդ հրամանի նպատակները։ Եթե կլինեն ապացույցներ, որ որևէ մեկ դրամ պետությունից հափշտակվել է, ես առաջինը կլինեմ այդ ամենը դատապարտողը։

Առողջապահությունում վերահսկողությունը լինում է պոստֆակտում, եթե նման ստուգումների արդյունքում պարզվում է, որ որևէ մեկը սխալ է ներկայացրել թվերը, ավելի գումար է ստացել պետությունից, պարզապես կամ փողերը վերականգնում են բյուջե, եթե դիտավորություն չկա, եթե կա, քրեական պատասխանատվություն», - նշեց առողջապահության նախկին նախարարը։

Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների աղմկահարույց գործի շրջանակներում այս պահին կալանավորված է միայն «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը։ Կալանքից ազատվեց այս գործով մեղադրյալ միակ պաշտոնյան՝ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, իսկ հիվանդանոցի տնօրենի կալանքը հակառակը՝ ևս երկու ամսով երկարաձգվեց։

Այս մեղադրանքներն, ըստ նախկին նախարարի, առաջադրվել են որովհետև. - «Մենք կոռուպցիայի համաթվի խնդիր ունենք, մենք պետք է ցույց տանք, թե ինչքան անկախ ենք և այլն։

Մեղադրանքի հիմքում չեմ տեսել որևէ ապացույց»։

«Վարորդը չի՞ ուզում անվտանգ քշի իր մեքենան»

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 տոկոս։

Օգտատերերը հետաքրքրվել էին, որ այս օրենքն ընդունվել է 2005-2007 թվականներին, բայց երբեք չի կիրառվել, ինչո՞վ է այն կարևոր հիմա։

Պատգամավոր Թորոսյանն ասաց, որ Հայաստանն իրավունքի ու օրենքի գերակայության երկիր է, և այդպես պիտի լինի, բացի այդ մեքենան, իհարկե, անձնական տարածք է, սակայն այդ տարածքում օրինախախտ գործողություններ արգելված են։

«Վարորդը չի՞ ուզում անվտանգ քշի իր մեքենան», - հարցրեց նա՝ շարունակելով. - «Նաև այս լուսաթափանցելիության տեսանկյունից ամրագոտիների կապելու, հեռախոսով խոսելու և ղեկին ծխելու հարցն է լուծվում, որից որ խուսափում էին մեր քաղաքացիները մասսայաբար, և ես հուսամ, որ արդեն տեսանելիության պարագայում նրանք ավելի կարգապահ կսկսեն գցել իրենց գոտիները, հեռախոսով չեն խոսի ղեկին և այլն»։

Իշխանության ներկայացուցիչը արձագանքեց նաև դիտարկմանը, թե ինչպես վարչապետն էր նախկինում նշում, «քաղաքացին չպիտի տուգանքի մատերիալ լինի»։

«Քաղաքացին երբեք տուգանվելու մատերիալ չէ և չպետք է լինի, հետևաբար պետք չէ խախտել օրենքները և չտուգանվել», - նշեց նա։

Ինչ վերաբերում է բարձր արագությամբ երեկոյան ժամերին վարելուն, Արսեն Թորոսյանն ասաց, որ «ջիգիթների կողմից գոնկաներ կազմակերպելը խուլիգանության կլասիկ դրսևորում է, և դրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական»։ Ինքն այդ հարցով դիմել է ոստիկանություն, և ոստիկանապետն ասել է, որ հրահանգված է, որ ավելի ուշադիր լինեն։

Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին

Հարցերից մեկը վերաբերում է Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ իր նախօրեին արած հայտարարությանը։ Արսեն Թորոսյանը այսպես պարզաբանեց.- «Առանց այդ հարցի հասցեագրման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հասցեագրման խաղաղություն պատկերացնելը շատ դժվար է, դրա համար դա շատ կարևոր կոմպոնենտ է ընդհանուր այս գործընթացի։ Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, ինչպես գիտեմ ԼՂ-ում ՀՀ քաղաքացիներ չեն ապրում, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ են ապրում»։

Հարցին, թե ճնշում զգո՞ւմ է սեփական թիմակիցների կողմից, ինչպիսին են հարաբերությունները Տիգրան Ավիանյանի հետ, պատգամավորն արձագանքեց. - «Ոչ չեմ զգում, իսկ ինչի պետք է զգամ։

Իմ հարաբերությունների բոլորի հետ լավ են»։

Քննադատությունների տակ է ընկնում, ինչպես ինքն ասաց, որովհետև, ըստ իրեն՝ միգուցե ոչ այդքան ականջահաճո արտահայտություններ է անում, բայց որոնք «երկրին պետք են»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG