Մատչելիության հղումներ

Պեսկով. «Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ անգլոսաքսերը կարող էին առնչություն ունենալ գազատարի պայթեցմանը»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ, Մոսկվա:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ, Մոսկվա:

Արձագանքելով ամերիկյան մամուլում հրապարակված տեղեկություններին, որոնց համաձայն ԱՄՆ վարչակազմը նախապես գիտեր Nord Stream անդրջրյա գազատարները ոչնչացնելու ուկրաինացիների մտադրության մասին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե կասկած չկա, որ տեղի ունեցածը ծրագրված դիվերսիա էր:

«Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ անգլոսաքսերը կարող էին առնչություն ունենալ գազատարի պայթեցմանը: Դա ահաբեկչություն է միջազգային էներգահամակարգի դեմ»,- ասել է խոսնակը:

Գազատարը պայթեցվել է 2022 թվականի սեպտեմբերի 26-ին: Ըստ ամերիկյան մամուլի, ամերիկացիները դրա մասին տեղեկությունը դեռ ամռանն են ստացել:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Բալթյան ծովի հատակով մինչև Գերմանիա անցկացված «Հյուսիսային հոսք» գազատար խողովակաշարերը ոչնչացնելու ուկրաինական ծառայությունների ծրագրի մասին ամերիկացիներին տեղեկացրել են մի անանուն եվրոպական երկրի անվտանգության ծառայությունները:

Պեսկովի փոխանցմամբ, անհրաժեշտ է անաչար հետաքննություն, սակայն խնդրով զբաղվող Գերմանիայի, Շվեդիայի և Դանիայի իրավապահները ռուսներին չեն թույլատրել մասնակցել այդ աշխատանքին:

XS
SM
MD
LG