Հռոմի Ֆրանսիցիսկոս պապը ենթարկվել է իր տարիքի համար լուրջ վիրահատության, սակայն պետք է ամբողջությամբ կազդուրվի: Այդ մասին ասել է բրիտանացի վիրաբույժ Չարլզ Մաքսվել-Արմսթրոնգը:
«Ակնկալում ենք լիակատար ապաքինում: Վտանգներ կան, բայց դրանք մեծ չեն»,- ասել է վիրաբույժը:
Հռոմի պապը որովայնում ճողվածքի խնդրով է տեղափոխվել Իտալիայի մայրաքաղաքի Gemelli հիվանդանոց:
Հիմա 86-ամյա Ֆրանցիսկոսը բուժհիմնարկի 10-րդ հարկում է, որտեղ կա կաթոլիկ հովվապետերի համար առանձնացված հատուկ պալատ:
Հիվանդանոցի մոտ են հավաքված տասնյակ լրագրողներ, նրանցից բացի այնտեղ են եկել նաև մեծ թվով հավատացյալներ, ովքեր հիմա աղոթում են քահանայապետի առողջության համար:
Վիրահատությունը կատարած իտալացի բժիշկ Սերջո Ալֆիերին ասել է, որ Հռոմի պապը լավ է տարել ընդհանուր անզգայնացումը և, հավանաբար, 5-7 օր կմնա հիվանդանոցում: Հետվիրահատական բարդություններ չեն գրանցվել:
Հռոմի պապի նախապես ծրագրված այցերը, հանդիպումներն ու ընդունելությունները միառժամանակ հետաձգվել են: