Մատչելիության հղումներ

Բաքվում հանդիպում են ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարները


ԱՊՀ երկրների դրոշները, արխիվ:
ԱՊՀ երկրների դրոշները, արխիվ:

Բաքվում գումարվել է ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը:

Ըստ APA ադրբեջանական լրատվական գործակալության հաղորդագրության՝ նիստին մասնակցում են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները:

Բացի այդ, ներկա են խորհրդի համակարգող ծառայության, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի և ԱՊՀ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի պաշտոնյաները:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը դիտորդի կարգավիճակ ունի 1992 թվականից գործող ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդում:

Նիստի օրակարգում ԱՊՀ երկրների արտաքին սահմաններին ստեղծված իրավիճակն է և 2024 թվականին նախատեսված համատեղ ծրագրերը:

Բաքվում մինչ այդ չորս անգամ՝ 2001, 2008, 2013 և 2017 թվականներին են տեղի ունեցել ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստերը:

ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհդի համակարգող ծառայության նախագահ Ալեքսանդր Մանիլովն ասել է, որ հարկ է շարունակել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը խաղաղության հասնելու համար:

Նա դրական է գնահատել այն, որ Հայաստանի պատվիրակները մասնակցել են Բաքվում գումարված այդ հավաքին և հույս է հայտնել, որ Հայաստանում էլ ներկա կլինի Ադրբեջանի պատվիրակությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հայաստանի պատվիրակությունը Մոսկվայից է մեկնել Բաքու:

XS
SM
MD
LG