Մատչելիության հղումներ

ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով աշխատանքային խումբ կստեղծվի


Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի։

Ըստ կառավարության՝ հանձնաժողովը կուսումնասիրի փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարությունը, ինչպես նաև վերլուծություններ կկատարի անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության հարցով և հետագա քայլերի հաջորդականությունը կսահմանի։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը 2-ամսյա ժամկետում պետք է կատարված աշխատանքների մասին տեղեկետվություն ներկայացնի վարչապետ Փաշինյանի աշխատակազմ։ Թե ով է ղեկավարելու խումբն ու ովքեր են ընդգրկվելու դրանում, որոշման մեջ չի նշվում։

Մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների մասնագետների հետ քննարկումներ են ընթանում Հայաստանում մոդուլային ռեակտորների կառուցման շուրջ։ «Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք ամերիկյան տեխնոլոգիայով կառուցվող փոքր մոդուլային միջուկային ռեակտորների իրագործելիության գնահատում ենք անում, ինչը կարող է նպաստել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից էներգետիկ անկախությանը»,- Կոնգրեսում հայտարարել էր Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնյա Մարիա Լոնգին։

Հայկական կողմը հաստատեց՝ այո, կան բանակցություններ ամերիկյան կողմի հետ։

«Այդ բանակցությունները վարվում են Ռուսաստանի Դաշնության հետ, այդպիսի բանակցություններ վարվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այդպիսի բանակցություններ վարվում են նաև երրորդ երկրների հետ», - խորհրդարանում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի Մեծամորի ատոմակայան
Հայաստանի Մեծամորի ատոմակայան

Մեծամոր քաղաքի մերձակայքում գտնվող Հայկական ատոմակայանը շահագործման է հանձնվել 1979 թվականին: ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ 1989 թվականին։ 1995-ին ռուս մասնագետների մասնակցությամբ ատոմակայանը կրկին ակտիվացվել է, ինչից հետո վերսկսվել է կայանի երկրորդ էներգաբլոկի արդյունաբերական շահագործումը։ Դեռևս 2015թ. Ռուսաստանը Հայաստանին 270 միլիոն դոլար վարկ ու 30 միլիոն դոլար դրամաշնորհ հատկացրեց՝ Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար։

Ծրագիրը պետք է ավարտվի 2026թ.-ին։ 2036թ.-ից հետո Մեծամորի ատոմակայանը հնարավոր չի լինի շահագործել։

Թե ինչպես և ում օգնությամբ է նոր ատոմակայան կառուցվելու, դեռ պարզ չէ։

Անցյած տարվա ամռանը Հայաստան էր այցելել «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի տնօրենը, որը վարչապետի հետ քննարկել էր նաև Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունները, այլ մանրամասներ չէին հաղորդվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG