Մատչելիության հղումներ

Պաշտոնական Կիևը հայտարարում է, թե կապ չունի Ռուսաստանի տարածքում հարձակումների հետ


Վնասված բնակելի շենք Բելգորոդի շրջանում
Վնասված բնակելի շենք Բելգորոդի շրջանում

Ուկրաինական վճրորոշ հակահարձակումը դեռ չի սկսել, սակայն սկսվել են ավելի ինտենսիվ հարձակումները Ռուսաստանի տարածքի վրա։ Պաշտոնական Կիևը հայտարարում է, որ դրանց հետ ուղղակի կապ չունի։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Ամլյարը պնդում է. - «Մենք այլ պետության տարածքում չենք պատերազմում։ Մեր դիրքորոշումը շատ պարզ է՝ մենք չենք կռվում այլ պետությունների տարածքում։ Մենք տարածքային պահանջներ և հավակնություններ չունենք այլ պետությունների նկատմամբ։ Մենք ունենք մեր պետության միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Մեր տարածքների մի մասը ժամանակավորապես օկուպացված է։ Մեր խնդիրն է վերադարձնել դրանք»։

Ուկրաինային սահմանակից Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների իշխանությունները հայտնել են, որ գիշերը և առավոտյան անօդաչու սարքերը հարձակվել են իրենց մարզերի վրա։

Անօդաչուներով հարվածների մասին առաջին անգամ այսօր հայտարարել է Բելառուսի հետ սահմանակից Սմոլենսկի մարզի ղեկավարը։

Baza-ի տվյալներով Սմոլենսկի մարզում կամիկաձե անօդաչու սարքերը հարձակվել են նավթավերամշակման գործարանի և գազի բաշխման կայանի վրա, վնասվել է վարչական շենք։

Բելգորոդի մարզի նահանգապետը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կրակել են Շեբեկինոյի շրջանի Մասլովա Պրիստան գյուղի ճանապարհի մի հատվածի վրա, ինչի հետևանքով երկու կին է զոհվել։

Բելգորոդի շրջանը նախօրեին զանգվածային գնդակոծության էր ենթարկվել, իշխանությունները սկսել են տարհանել սահմանամերձ Շեբեկինո քաղաքի և սահմանամերձ այլ բնակավայրերի բնակիչներին։

Բրիտանական հետախուզությունը, ամփոփելով վերջին օրերի հարձակումները Ռուսաստանի տարածքում, այսօր գրել է, թե ռուսական հրամանատարությունը այժմ կանգնած է սուր երկընտրանքի առաջ՝ ուժեղացնել պաշտպանությունը Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում, թե՞ ամրապնդել իրենց դիրքերը օկուպացված Ուկրաինայում։

Կիևը դարձյալ հրթիռակոծվել է

Միաժամանակ, այս գիշեր Կիևը կրկին ենթարկվել է ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակմանը։ Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ բոլոր օդային թիրախները՝ 15 հրթիռ և 18 անօդաչու թռչող սարք, խոցվել են, բեկոռներից վիրավորվել երկու մարդ, այդ թվում մեկ երեխա։ Սա վեց օրվա ընթացքում վեցերորդ օդային հարձակումն էր։ Կիևի բնակիչներից շատերն այս օրերին պարզապես գիշերում են մետրոյի կայարաններում։

Ուկրաինայի նախագահը, ով երեկ Քիշնևում մասնակցել էր եվրոպական համայնքի գագաթնաժողովին և մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացրել, հայտնել է, թե Կիևի համար մշակվում է անվտանգության երաշխիքների փաթեթ. - «Մենք Ուկրաինայի համար պաշտպանական նոր որոշումներ ենք պատրաստում, ներառյալ հակաօդային պաշտպանությունը, ավիացիան և մեր առաջխաղացումը: Մենք իրական քաղաքական բովանդակություն ենք պատրաստում Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար: Մենք պատրաստում ենք անվտանգության երաշխիքների փաթեթ մեր երկրի համար։ Ես շնորհակալ եմ բոլոր առաջնորդներին, բոլոր երկրներին, որոնք աջակցում են մեզ այս կետերում: Սա միայն աջակցություն չէ Ուկրաինային, դա աջակցություն է ողջ Եվրոպայի իրական անվտանգությանը»:

Պատերազմը մտնում է վճռորոշ փուլ

Անցած տարվա փետրվարին սկսված պատերազմը Ուկրաինայում, փորձագետների կարծիքով, մտնում է վճռորոշ փուլ, սպասումները ուկրաինական հակահարձակումից մեծ են։ The Wasitngton Post-ի տվյալներով, ուկրաինացի զինվորականները սկսել են հարձակումից առաջ ականազերծել ճակատի իրենց կողմից վերահսկվող հատվածները։

Ինչպես ռուսական բանակը, այնպես էլ Ուկրաինայի զինված ուժերը ռազմաճակատի ողջ երկայնքով հազարավոր ականներ են տեղադրել։

Թե կոնկրետ որտեղից կսկսվի հակահարձակումը, հայտնի չէ։ Վերլուծաբաններից շատերը սակայն համարում են, որ ամենահավանական ուղղությունը Զապորոժիեն է։ Եթե ուկրաինական բանակը կարողանա հետ վերցնել այս շրջանի օկուպացված տարածքները, կկտրի ցամաքային կապը Ղրիմի և Ռուսաստանի միջև։

Ուկրաինական զորքերի առաջխաղացման ճանապարհին կանգնած են ոչ միայն երկու կողմից ականապատ դաշտերը, այլև ռուսական բանակի ամրությունները։ Ռուսաստանը մոտ 1500 կիլոմետր երկարությամբ ամրություններ է պատրաստել օկուպացված տարածքներում և սահմանամերձ շրջաններում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG