Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում


Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

ԱՄՆ վարչակազմը գոհ է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են», ասված է նրա տարածած գրավոր հայտարարությունում։

«Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները [Ղարաբաղի նկատմամբ] համաներում քննարկելու մասին»,- նշել է Միլլերը և շարունակել․ - «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթավերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ: Եվ մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի բանակցությունների սեղանի շուրջ այս խնդիրները լուծելու ուղղությամբ, այլ ոչ թե բռնության կիրառմամբ»,-ասել է Միլլերը:

Նրա խոսքով՝ «ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականության, կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս»։

«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար», - հավաստիացրել է Միլլերը։

Մոսկովյան բանակցություններից մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը Լաչին կատարած այցի ընթացքում դարձյալ սպառնալից հայտարարություններ արեց. մասնավորապես, պնդեց, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի իրենց մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա»։

Իլհամ Ալիևը նաև շեշտեց՝ Հայաստանը «չպետք է մոռանա, որ Լաչինից երևում են Հայաստանի գյուղերը»։

Ի պատասխան՝ պաշտոնական Երևանը հայտարարեց՝ Ալիևը կասկածի տակ է դնում Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG