Մատչելիության հղումներ

Հայաստանում կձևավորվի կանանց գումարտակ, հետագայում նաև զորագունդ


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

Հայաստանում կանանց գումարտակ, այնուհետ էլ զորագունդ կձևավորվի, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարարը։

Զորակոչված կանայք 6 ամիս ծառայելու են բացառապես ուսումնական զորամասում, շեշտեց Սուրեն Պապիկյանը. - «Այդ նպատակով ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանալու են պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող կայանք»։

Ծառայության անցած կանայք պատվո վճար են ստանալու՝ 6 ամսվա համար 1 միլիոն դրամ, իսկ առողջական պատճառներով վաղաժամկետ զորացրվելու դեպքում կին զինծառայողները պատվո վճարը կստանան ըստ ծառայած ամիսների, պարզաբանեց նախարարը։ Նախագծի համաձայն, կին զինծառայողները 6 ամիս անց կարող են զորացրվելու փոխարեն ծառայությունը շարունակել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով. - «Անցնել հինգ տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ այդ դեպքում, բնականաբար, օգտվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր արտոնություններից»։

Պաշտպանության նախարարն այսօր կրկին պարզաբանեց, թե ինչ է նշանակում կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն. - «Այն օրը, երբ մեկնարկում է զորակոչը, այսինքն՝ ինքը զորակոչվում է արդեն, մինչ այդ օրը բոլոր պրոցեդուրաները անցնելուց հետո, հաստատվելուց հետո, կարող է իր միտքը փոխել։ Բայց այն օրվանից, երբ ինքը արդեն իսկ համարվում է զինծառայող, այդ օրվանից ծառայությունը այլևս դառնում է պարտադիր»։

Պապիկյանը հստակեցրեց՝ ծառայությունից հետո կին զինծառայողները կհամալրեն պահեստազորը։

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան

Իսկ ի՞նչ խնդիր է ուզում լուծել Պաշտպանության նախարարությունը կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության ներդրմամբ, հետաքրքվեց իշխանական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. - «Ռեսուրսի՞ խնդիր ունենք, մոդայի՞կ ա... որովհետև ոնց որ թե սենց բան չկար։ Բայց սա ինչ-որ բա՞ն կփոխի բանակում, կանանց ներգրավվածությունը ինչ-որ էական լի՞ցք կտա... Ի՞նչ խնդիր է»։

Պապիկյանի արձագանքը. - «Երևի ես չէ, որ պիտի խոսեմ գենդերային հավասարության մասին։ Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության իգական սեռի քաղաքացիները իրենց զգան լիիրավ և հավասար տղամարդկանց հետ, այդ թվում նաև հայրենիքը պաշտպանելիս»։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին չէր բավարարել նախարարի պատասխանը, թե նաև գենդերային հավասարության համար են կանանց ծառայության համակարգը ներդնում. - «Երկրի անվտանգության, Զինված ուժերի բարեփոխումների մակարդակի բարձրացման հարցը գենդերային հավասարության հետ որևէ աղերս չունի։ Գենդերային հավասարության հարցը կարող են բարձրացնել պատգամավորները, հասարակական սեկտորը, բայց Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մեջ գլխավոր հարցերից մեկը դարձնել գենդերային հավասարությունը... Հիմա կարող ենք նույն ձևի տարբերակում դնել Հայաստանի վարչատարածքային բաժանման հիման վրա համահավասարություն ապահովեն։ Նաև նախագծի հիմնավորումներում դա չկա»։

«Լուծում ենք խնդիր, որ Հայաստանի Հանրապետությունում առկա ողջ պոտենցիալը, որ կարող է ծառայել երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ամբողջությամբ ծառայի։ Այդ թվում նաև իգական սեռի ներկայացուցիչների միջոցով։ Այո, մենք այսօր ունենք պատրաստված մարտիկներ», - արձագանքեց նախարարը։

Ընդդիմադիր պատգամավորը հեղափոխական չի համարում կառավարության նախաձեռնությունը, հայտարարում է՝ հիմա էլ են կանայք ներգրավված զինված ուժերում, պայմանագրայիններ էլ կան։

Նախարարը հակադարձեց Մանուկյանին. - «Ունենք պայմանագրայիններ, որոնք չեն զիջում իրենց մարտունակությամբ տղամարդկանց։ Բայց ունենք նաև շատ պայմանագրայիններ, որոնց միայն անունն ա պայմանագրային։ Թող ներեն ինձ բոլոր այն կանայք, ովքեր իմ պատկերացրած կին զինծառայողի տրամաբանության մեջ չեն մտնում։ Էստեղ խոսքը գլխաքանակի մասին չի, խոսքը նրա մասին ա, որ մենք ուզում ենք ունենալ մարտական պատրաստվածությամբ կին զինծառայողներ, մարտիկներ։ Էս ծրագիրը դրա մասին ա։ Վեցամսյա պատրաստությունը կին զինծառայողից զինվոր դարձնելն ա, զինվոր ստանալն ա»։

Պաշտպանության հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության հեղինակած նախագծին։ Այն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։

Արդյոք ռազմական գերատեսչությունը մոտավոր հաշվարկ ունի, թե 17-27 տարեկան քանի կին կմիանա այս ծրագրին։ Նախարար Սուրեն Պապիկյանն այս մասին այսօր չխոսեց։

XS
SM
MD
LG