Մատչելիության հղումներ

Առաջիկայում կանայք կարող են անցնել «կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության»


Կառավարությունը 18-27 տարեկան կանանց հրավիրում է բանակ:

Առաջիկա ձմեռային զորակոչի ժամանակ կանայք կարող են անցնել պարտադիր զինվորական ծառայության, հարցը գործադիրի այսօրվա օրակարգում էր:

Օրենսդրական փոփոխությունը պաշտպանության նախարարը ներկայացրեց։ Զինծառայությունը 6 ամսով է։ Զորակոչված կանայք, առանց վիճակահանության, ծառայության են նշանակվում ուսումնական զորամասում։ Ծառայությունը կամավոր է, բայց եթե մինչև զորակոչվելու օրը չհրաժարվեցին, 6 ամիս ծառայում են, վերջում ստանում մեկ միլիոն դրամ:

«Դիմում​ ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում ընտանեկան պայմաններից ելնելով տարեկետման, ինչպես նաև նույն պայմաններից ելնելով պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակման հիմքերը», - ներկայացրեց Սուրեն Պապիկյանը:

Եթե ծառայությունը կամավոր է, ինչո՞ւ է անունը պարտադիր, հետաքրքրվեց վարչապետ Փաշինյանը:

«Կամավոր է իրենց ցանկությամբ ներկայանալը, մինչև զորակոչվելու պահը, 6 ամիսը դառնում է պարտադիր», - պատասխանեց պաշտպանության նախարարը:

Կանայք վաղաժամկետ զորացրվել կարող են առողջական վիճակի պատճառով:

Երիտասարդ աղջիկներից շատերը դեմ չէին կարճ ժամանակով ծառայելուն, տղաները, սակայն, մի քիչ տարակուսում էին. - «Կանայք ստեղ ավելի պետք են, ո՞նց կարանք թողնենք մեր սրբությունը, սերունդը շարունակողը գնա 50-50 իրա կյանքը վտանգի»:

Վերաբերմունքը մի քիչ փոխվում էր, երբ ճշտում էին՝ հո պարտադիր չէ՞, հաստատ կամավոր է. - «Ուզելով լինի, առանձին վաշտ լինի, իրանք առանձին իրանց բանակն ունենան»:

Տարեցները կտրուկ դեմ են. - «Աղջիկը բանակում ի՞նչ գործ ունի, ուրիշ բան՝ բժշկուհի լինի, օգնի, բայց ծառայությունը աղջկա համար ես ճիշտ չեմ համարում»:

Պաշտպանության նախարարությունը որևէ տվյալ չի տրամադրում բանակում ծառայող կանանց թվաքանակի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը զինված ուժերում կանանց ներգրավվածության մասին բազմիցս է խոսել, շեշտել՝ կանայք բնակչության մեծամասնությունն են ու նրանց ռեսուրսը պետք է օգտագործվի նաև պաշտպանության ոլորտում։ Այսօր նա վստահ է, որ այս նոր որոշմամբ երկրի պատմության մեջ նոր էջ են բացում, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելուն ուղղված քայլ է։

«Լինելու է նորմալ ծառայություն, այսինքն, դա չի լինելու զբոսանք զորամասում», - ասաց վարչապետը:

Կլինեն կանայք, որ ծառայությունից հետո կզորացրվեն ու պահեստազորի շարքերը կհամալրեն, և կլինեն կանայք, որ կանցնեն պայմանագրային՝ ներառյալ մարտական ծառայության։ Փաշինյանն ուզում է, որ փոխվի ընկալումը, թե բանակի կանայք միայն սպասարկող անձնակազմում են։

«Ազատության» զրուցակիցը ավելի քան 20 տարի զինված ուժերում է աշխատել, պահեստազորի կապիտան է, ասում է՝ կանայք ավելի շատ վարչական թիկունքային աշխատանք են կատարել. «Հիմնականում շարքային կազմում են, զբաղվում են կադրերով, համակարգչի վրա են աշխատում, օպերատորներ են»:

Ըստ նրա՝ այս նոր որոշումն էլ ոչինչ չի փոխի. - «Վեց ամիսը ոչ մի բան չի տա, երևի ինչ-որ կանայք կլինեն, որ այդ գայթակղությանը չդիմանալով՝ վերջում մեկ միլիոն դրամ փող են տալիս, համենայն դեպս, գնան ծառայության, բայց չեմ կարծում, որ վեցամսյա ծառայությունը ինչ-որ բան կտա: Եթե կրակելու հետ կապված են ինչ-որ բան սովորեցնելու, ես ինչքան գիտեմ կրակելու հետ կապված պարապմունքներ կային, գնում էին կամավոր հիմքով կանայք մասնակցում, դրանով կարելի էր էդ բացը լրացնել»:

Առանց այս օրենսդրական փոփոխությունն էլ՝ կանայք բանակ մտնելու հնարավորություն ունեն՝ կարող են պայմանագրային դառնալ կամ ռազմական մասնագիտություն ընտրել ՝ ընդունվելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան կամ Խանփերյանցի ավիացիոն ինստիտուտ։ Կանայք նաև առաջնագծում են, միայն նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերի ժամանակ 5 կին զինծառայող զոհվեց։

XS
SM
MD
LG