Մատչելիության հղումներ

Մասնագետներն արձանագրել են՝ Նուբարաշենի հրդեհից երկու օր անց արդեն գրանցվել է օդում աղտոտիչների ամենաբարձր մակարդակը


Երևանցի Մանուշակ Զաքարյանն օրեր շարունակ պատուհանից հետևում էր Նուբարաշենի աղբավայրից բարձրացող թանձր ծխին ու մտածում՝ առանց այն էլ օդը մաքուր չէր, հիմա ի՞նչ են շնչում։ Տիկին Մանուշակի տունը Հայաստանի ամենամեծ աղբավայրից ոչ շատ հեռու է։

Մայիսի 18-ին այստեղ բռնկված հրդեհը հաջողվեց մարել միայն տասն օր անց՝ անցած շաբաթավերջին:

«Ծուխը գնում ա ուրիշ կողմ, բացում ենք, իսկ քնած ժամանակ զգում ենք էդ ծուխը, հելնում եմ անմիջապես փակում եմ, էդ շոգ ժամանակ», - պատմեց տիկին Մանուշակը:

Էրեբունի վարչական շրջանի մեկ այլ բնակիչ ևս ծխի դեմ պատուհանները փակելով էր պայքարում, նաև օդը խոնավեցնող միջոցներ օգտագործում, բայց համոզված է, որ դա արդյունք չէր տալիս. - «Չես կարողանում քնես հոտից»:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մասնագետներն արդեն արձանագրել են՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում տեղադրված 5 դիտակայաններում աղբավայրի հրդեհից երկու օր անց արդեն գրանցվել է օդում աղտոտիչների ամենաբարձր մակարդակը։ Նուբարաշեն վարչական շրջանում անցած շաբաթ ծծմբի երկօքսիդի միջին օրական թույլատրելի կոնցենտրացիան բարձրացել է 1,2 անգամ, իսկ ազոտի երկօքսիդինը՝ մոտ 2,7 անգամ: Ծառայության պետ Գոհար Հակոբյանի խոսքով՝ աղտոտիչները կարող են հայտնվել քաղաքի ցանկացած հատվածում՝ կախված քամու ուղղությունից։

«Մթնոլորտային օդի ախտոտիչները մի տեղում չեն մնում, նրանք ունեն օդում տարածվելու հատկություն», - նշեց հակոբյանը:

Հիդրոօդերևութաբանության կենտրոնում գիտնականներն ուսումնասիրում են աղտոտիչների միայն մի քանի տեսակներ, Հակոբյանն ասում է՝ դրանք ավելի շատ են։ Չնայած հրդեհի արտանետումները օրեցօր պակասում են, միևնույնն է՝ ժամանակ կպահանջվի, որպեսզի դրանք նվազեն կամ վերանան։ Գիտնականն ընդգծում է՝ օդի աղտոտիչների տևական ազդեցությունն է, որ կարող է ավելի մեծ վնաս հասցնել:

«Այսինքն՝ եթե ամեն օր ունենանք գերազանցումներ, ասենք, շատ անգամ՝ 3-5 անգամ, էդ տևական ազդեցությունը շատ ավելի վնասակար է, քան առանձին օրերին», - ընդգծեց Հակոբյանը:

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը ևս ընդգծում է՝ այս վնասակար նյութերը և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ հետևանք են թողնելու մարդկանց առողջության վրա։

«Կարճաժամկետ վնասի տեսանկյունից ինքը վտանգավոր է ալերգիկ ռեակցիաների, լորձաթաղանթների բորբոքման տեսանկյունից, ասենք, քրոնիկական հիվանդությունների, օրինակ, աստմայի սրացումների առաջացման տեսանկյունից, իսկ երկարատև ազդեցությունն արդեն, օրինակ, նույն քաղցկեղներն են», - ասաց Մելիք-Նուբարյանը:

50 հեկտար տարածքով աղբավայրի մերձակայքում ապրող մարդիկ «Ազատության» հետ զրույցներում փաստում էին՝ արդեն իսկ զգում են ծխի բացասական ազդեցությունն իրենց առողջության վրա։ Նրանք անտեղյակ են՝ ինչ պիտի անել այս դեպքում, ինչպե՞ս նվազեցնել վտանգը:

Արդյո՞ք այս իրավիճակում պետական գերատեսչությունը չպիտի իրազեկեր քաղաքացիներին, կանխարգելիչ միջոցներ տրամադրեր. - «Ինձ թվում է՝ դա կօգներ, որպեսզի մարդիկ իրենց ավելի հանգիստ զգային և, իհարկե, վստահությունը ավելի մեծ լիներ, համակարգի գործունեության նկատմամբ»:

Նուբարաշենի՝ տասն օր տևած հրդեհը արտակարգ իրավիճակ չհայտարարվեց, չնայած բնապահպանական մի քանի կազմակերպություններ տարածքի բնակիչների տարհանման կոչով էին դիմել պետական գերատեսչություններին։ Հրդեհաշիջումն այստեղ երկար տևեց նաև այն պատճառով, որ կրակը տարածվել էր ողջ աղբավայրով և այնտեղ այրվում էր աղբի փտումից առաջացող մեթան գազը։

«Այս շարունակական վտանգավոր իրավիճակում աղբավայրին հարակից տների բնակչությունը չի տարհանվել, երեխաները չեն մեկուսացվել։ Չկա հաղորդագրություն այն մասին, թե ով և որ պահին պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի արտանետումներից պաշտպանվելու համար, և առհասարակ որոնք են այդ կանխարգելիչ-պաշտպանիչ միջոցառումները՝ ըստ ազդեցության գոտիների, և արդյոք սկսվել է որևէ հետաքննություն», - ընդգծել էին բնապահպանները՝ կոչ անելով համակարգված աշխատանք կատարել։

Պետական գերատեսչություններից խուսափողական պատասխաններ են տալիս՝ թե ինչո՞ւ իրազեկման աշխատանք չեն արել ու ինչո՞ւ արտակարգ իրավիճակ չեն հայտարարել, ավելին՝ մի կառույցը մյուսի կողմն է ուղղում պատասխանատվության սլաքները։

Նուբարաշենի աղբավայրում տարեկան 300 հազար տոննա թափոն է կուտակվում, աղբն այստեղ չի տեսակավորվում ավելի քան կես դար։ Ներկա ու նախկին իշխանությունները խոստումներ են տվել, թե այս մեկը կփակեն ու նորը կկառուցեն։ Իր վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանը հայտնեց, թե Կոտայքի մարզում նոր աղբավայր է կառուցվում, որտեղ կփորձեն տեսակավորում իրականացնել ու Նուբարաշենի աղբավայրը վերջնականապես կփակվի։ Թե երբ, պարզ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG