Մատչելիության հղումներ

Վրաերթից մահացած 26-ամյա հղի կնոջ փաստաբանը պնդում է, թե նախաքննության ընթացքում ոչնչացվել են իրեղեն ապացույցներ


Փաստաբան Րաֆֆի Ասլանյան

29-ամյա Սոնա Մնացականյանի՝ վարչապետին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած հղի կնոջ փաստաբանը հայտարարում է՝ քննությունից երկու ամիս անց հիմնական կասկածյալը ազատության մեջ է, և այս ընթացքում իրեղեն ապացույցներ են ոչնչացվում։

Թե ինչ ապացույցների մասին է խոսքը, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը չհստակեցրեց՝ պատճառաբանելով, թե նախաքննության գաղտնիությանը կվնասի. - «Կալանքի վերաբերյալ դատական ստուգման նիստի ընթացքում տուժող կողմին հայտնի դարձան հանգամանքներ, որոնցից պարզ է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ոչ թե փորձ արվում, այլ արդեն իսկ ոչնչացվել են կարևոր նշանակություն ունեցող ապացույցներ։ Իհարկե, ոչ թե վարույթն իրականացնող մարմնի կողմից, այլ պետական ծառայության այլ իրավասու ստորաբաժանումների կողմից»։

Վերաքննիչ քրեական դատարանն ավելի վաղ մերժել էր Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի վարորդին կալանավորելու դատախազի բողոքը՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Գլխավոր դատախազությունը դեռ չի հստակեցնում՝ կբողոքարկի՞ դատարանի ուրբաթ օրը կայացրած որոշումը, թե՞ ոչ։ Սպասում են, որ դատական ակտը ստանան ու ծանոթանա մերժման հիմքերին։

Մինչ այդ, մահացած հղի կնոջ հայրը՝ Մնացական Մնացականյանը կասկածներ ունի, որ վարորդն ազատության մեջ մնալով ազդում է վկաների վրա։ Ասաց՝ դստեր հուղարկավորությունից հետո զրուցել է դեպքի վայրից քիչ հեռու աշխատող մարդկանց հետ։ «Չենք տեսել, չենք լսել, այդ օրն աշխատանքի չենք եղել», - այսպիսի պատասխաններ է ստացել։

Նեղսրտած է, դատարանն ինչպե՞ս է որոշել, որ իր դստերը մահացու հարված հասցրածվարորդը մեղավոր չէ ու պետք է մնա ազատության մեջ. - «Էլ ի՞նչ պետք է լիներ, որ վրաերթի ենթարկված հղի կինը մահանար և վարորդը չկալանավորվեր մինչև բուն դատարանի քննության հասնելը։ Քանի որ վարչապետը անձամբ ա ինձ զանգել և ցավակցել, հույսով էի, որ արդար դատաքննություն կգնա... Չեմ հասկանում տարբերություն կա՞ թե վարորդը վարչապետին ուղեկցող ավտոշարասյունից է, թե մի «Գազելի» վարորդ։ Մեղքը տարբե՞ր ա լինում։ Էդ ո՞ւր էր շտապում վարչապետը... թե՞ ինչ-որ մեկից էր փախչում։ Չի բացառվում, որ բարձրագույն ղեկավարությունից ցուցում ա տրվել, որ վարորդը չկալանավորվի։ Կլինի մինչև Նիկոլ Փաշինյան, կամ նրա կամակատարները...»

«Մինչև վարչապետի շարասյան մոտենալն առնվազն 2-3 ոստիկան պետք է խաչմերուկը կարգավորեր և ոչ թե մեկը։ Մյուս կողմից, իր բացթողումն ունի նաև շարասյան ղեկավարը», - պնդում է տուժողի փաստաբանն ու հավելում՝ Սոնա Մնացականյանը տեսել է կանաչ լույսն ու անցել, նա որևէ կանոն չի խախտել։

Փաստաբանը չի ընդունում պնդումները, որ վարչապետին ուղեկցող շարասյունն իրավունք ուներ չկանգնել։ Ասում է՝ ո'չ ներպետական օրենսդրությամբ, ո'չ էլ միջազգային իրավունքում այդպիսի կարգավորում չկա. - «Խաչմերուկը պետք է ճիշտ կարգավորվեր։ Չի կարգավորվել, արագությունը ճիշտ չի ընտրվել, ո'չ երթևեկությունն է սահմանված կարգով իրականացվել, ո'չ էլ խաչմերուկի կարգավորումը։ Կառավարության տարբեր որոշումների միջև առկա են տարբեր հակասություններ, և կոնկրետ դեպքում մենք պետք է, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջի, ընդունենք ավելի վաղ ընդունված կառավարության որոշման համապատասխան պահանջը։ Եվ տվյալ պայմաններում առավել ակնհայտ է դառնում, որ Սոնա Մնացականյանի գործողությունները օրինականության տեսանկյունից որևէ կերպ չեն կարող կասկածի տակ դրվել»։

Փորձաքննության արդյունքները ձեռքին, մահացած հղի կնոջ հայրը տարակուսած է, որ դատարանն անտեսեց վարորդի կողմից արագությունը գերազանցելու փաստը. - «Փաստեր կան, չէ՞. հարվածի պահին եղել ա 108,6 կիլոմետր/ժամ։ Եթե նա չգերազանցեր, հնարավոր է իմ աղջիկը ողջ մնար, կամ թոռնիկս, ծնվելիք թոռնիկս ողջ մնար»։

Ռուբեն Բալոյան
Ռուբեն Բալոյան

«Դատարանը ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին կալանավորելու հիմք չի տեսել, որովհետև նա դեպքի վայրը չի լքել, արագությունը չի գերազանցել, արդար դատաքննության ու վկաների վրա էլ չի ազդել»,- հակադարձում է վարորդի փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Իսկ փորձաքննության պատասխանը, որ վարորդը գերազանցել է արագությունը, փաստաբանը համարում է թերի եզրակացություն. - «Էս փորձաքննությամբ որ գտել են մեղավոր ա վարորդը, ես կարծում եմ, որ դա թերի եզրակացություն ա։ Լիարժեք չի քննարկվել էն հարցերը, որը որ պիտի քննարկվեր»։

Փաստաբանը խոստացավ առաջիկայում տեսանյութ հրապարակել, ասաց՝ այնտեղ երևում է, թե ինչպես է հետիոտնը ձեռքն օդում թափահարելով անցնում ճանապարհը չենթարկվելով ոստիկանին։

Հայրը՝ Մնացական Մանցականյանը հակադարձում է՝ աղջիկս ձեռքը բարձրացրել է, որ վարորդը տեսնի՝ մարդ է անցնում ճանապարհը։ Համոզված է, եթե արագությունը չգերազանցվեր՝ դուստրը գուցե ողջ մնար։ Իսկ արդար դատաքնոնթւյան հույսերը, նրա խոսքով, գնալով մարում են։

XS
SM
MD
LG