Մատչելիության հղումներ

Վերընտրվելու կապակցությամբ Էրդողանին շնորհավորել են նաև Պուտինն ու Զելենսկին


Թուրքիայի նախագահ վերընտրված Ռեջեփ Էրդողանին երեկ երեկոյան շնորհավորել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները։

«Մենք ակնկալում ենք զարգացնել մեր համագործակցությունը հանուն Եվրոպայի անվտանգության և կայունության, էլ ավելի ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը՝ ի շահ մեր երկրների», - ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի՝ իր շնորհավորական հեռագրում նշել է Վլադիմիր Զելենսկին։

Վլադիմիր Պուտինն էլ հեռագրում շեշտել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նախագահի վարած «անկախ արտաքին քաղաքականությունը»։

Կրեմլի ղեկավարը նաև ընդգծել է, թե Մոսկվան ակնկալում է կառուցողական երկխոսության շարունակություն և կարևորում է համատեղ նախագծերի հետևողական իրականացումը, առաջին հերթին՝ «Աքքույու» ատոմակայանի կառուցումը և Թուրքիայում գազային հաբի ստեղծումը։

Էրդողանն անձամբ փորձել էր միջնորդի դեր խաղալ ռուս-ուկրաինական պատերազմում։ Նա բանակցություններ էր կազմակերպում կողմերի միջև և շարունակում էր շփվել ինչպես Զելենսկու, այնպես էլ Պուտինի հետ, ըստ էության, ներկայանալով որպես միակ առաջնորդ, ով պահպանում է ազդեցությունը հակամարտության երկու կողմերի վրա:

Միևնույն ժամանակ Թուրքիան այն եզակի երկրներից էր, որը Ղրիմի բռնակցումից հետո համաձայնեց Ուկրաինային վաճառել իր անօդաչու թռչող սարքերը, որոնք այժմ դարձել են ուկրաինական դիմադրության խորհրդանիշ։

Անցած տարվա հոկտեմբերին ուկրաինական նավատորմի համար առաջին MILGEM կորվետը գործարկվեց Թուրքիայում։ Նավը կլինի ամենամեծն ուկրաինական նավատորմում։ Ավելին՝ արևմտյան մամուլի համաձայն, Զելենսկին, կրում է թուրքական արտադրության զրահաբաճկոն։

Սրա հետ մեկտեղ Էրդողանն այսօր Պուտինի ամենաառանցքային դաշնակիցներից է, իսկ թուրքական ընդդիմությունն ընտրարշավի ժամանակ Ռուսաստանի իշխանություններին մեղադրել էր թուրքական ընտրություններին միջամտելու համար։

Ռուս փորձագետները, մինչև ընտրությունները, գրում էին, թե Մոսկվայի համար Էրդողանի վերընտրությունը նախագահի պաշտոնում չափազանց կարևոր է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG