Մատչելիության հղումներ

Բեռլինում Ռոջեր Ուոթերսին մեղադրում են համերգի ընթացքում «նացիստական զգեստ» հիշեցնող հագուստ կրելու համար


Ռոջեր Ուոթերսի համերգը, արխիվ
Ռոջեր Ուոթերսի համերգը, արխիվ

Բեռլինի ոստիկանությունը հետաքննում է բողոքն առ այն, որ Pink Floyd ռոք խմբի նախկին անդամ, մենահամերգներով հանդես եկող բրիտանացի երաժիշտ Ռոջեր Ուոթերսը համերգի մի հատվածում կրել է «նացիստական համազգեստ հիշեցնող հագուստ»:

Մայիսի 17-ին և 18-ին Բեռլինում Ուոթերսը՝ կատարելով Pink Floyd-ի The Wall ալբոմից In The Flesh երգը, բեմում հայտնվել է սև կաշվե թիկնոցով՝ թևին կարմիր ժապավենով, որին պատկերված են սպիտակ շրջանակում խաչաձևված երկու մուրճեր:

Գերմանացի իրավապահների կարծիքով, Ուոթերսի հագուստը հիշեցնում է նացիստների համազգեստն, իսկ թևի ժապավենն իր խորհրդանիշով հիշեցնում է նացիստական սվաստիկան՝ կեռախաչը:

Գերմանիայում նացիզմին հավանություն տալը և նացիստական խորհրդանիշներ հրապարակավ ցուցադրելը որակվում է իբրև հանցանք, որը ենթադրում է դատական պատասխանատվության:

1979 թվականին թողարկված The Wall-ը (Պատը) համարվում է Pink Floyd խմբի ամենահայտնի ալբոմներից մեկը:

1982 թվականին նկարահանվել է նույնանուն երաժշտական ֆիլմը, որի հերոսներից մեկը կրում է նացիստական համազգեստ հիշեցնող թիկնոցը և նշված ժապավենը: Այդ հերոսը մարմնավորում է ավտորիտար իշխանավորին:

Ալբոմի և ֆիլմի ուղերձը միանշանակ պացիֆիստական է և հակաֆաշիստական ու նպատակ ունի զգուշացնել մտքի և արտահայտության ազատության սահմանափակումից բխող վտանգների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG