Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմի ընթացքում գաղտնալսվել են լրագրողներ, իրավապաշտպաններ, ԱԳՆ-ի և ՄԱԿ-ի պաշտոնյաներ


Հայաստանցի լրագրողներ, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի, իրավապաշտպաններ, ԱԳՆ-ի ու ՄԱԿ-ի պաշտոնյաներ են գաղտնալսվել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։

Amnesty International-ի Անվտանգության լաբորատորիայի ու մի շարք այլ կազմակերպությունների այսօր հրապարակած զեկույցում նշվում է, որ Հայաստանում առնվազն 12 հոգի Pegasus լրտեսական ծրագրերի թիրախում է հայտնվել 2020 թվականի հոկտեմբերից 2022-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Հետաքննության հեղինակները, որոնք նաև ՏՏ անվտանգության մասնագետներ են, ենթադրում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող էր նման հետապնդումների պատճառ դառնալ։

Սա պատերազմում Pegasus լրտեսական ծրագրի օգտագործման փաստագրված առաջին ապացույցն է։

«Փաստորեն ապացուցվում է, որ կան էսպիսի կիբեռզենքեր, լրտեսական ծրագրեր վաճառող ընկերություններ, որոնք իրենց ծրագրերը վաճառում են ոչ թե հանցագործներին ու ահաբեկիչներին բռնելու, այլ որպեսզի լրտեսեն լրագրողներին, որպեսզի հետևեն իրավապաշտպաններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։

Պապյանը, ով մասնակցել է հետաքննությանը, արձանագրում է, որ սա միջազգային հումանիտար իրավունքի լրջագույն խախտում է։

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Apple-ը նոյեմբերին իր օգտատերերին ծանուցումներ ուղարկեց՝ զգուշացնելով, որ հնարավոր է թիրախավորվել են պետության կողմից հովանավորվող լրտեսական ծրագրի միջոցով: Առաջին զոհերից մեկը այդ ժամանակ արտգործնախարարության նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանն էր, ում հեռախոսը հարձակման է ենթարկվել առնվազն 27 անգամ։

Amnesty International-ի Անվտանգության լաբորատորիան պարզել է, որ Pegasusով վարակված են եղել նաև «Ազատություն» ռադիոկայանի երկու լրագրողների՝ Կարլեն Ասլանյանի և Աստղիկ Բեդևյանի հեռախոսները, ընդ որում՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախաշեմին։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայն իր զայրույթն է արտահայտել այս կապացությամբ՝ ընդգծելով. - «Սա պատահական չէ, քանի որ մեր հայկական ծառայության լրագրողները հայտնի են իրենց կոշտ ռեպորտաժներով»։

Գաղտնալսվել է Հայաստանի նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, պատմական գիտությւոնների թեկնածու Վարուժան Գեղամյանը, որն այդ շրջանում Ադրբեջանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսություններ էր կարդում։ Թիրախում են հայտնվել նաև Նիկոլ Փաշինյանի վարչակազմի քննադատներից իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ArmNews TV-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը։

Ո՞վ է կանգնած հակերային այս հարձակումների հետևում։ Հետաքննողները պնդուն են, որ Pegasus-ը վաճառվում է բացառապես կառավարություններին։ Ուսումնասիրությունն իրականացրած մասնագետները սակայն չեն կարող ասել, թե կոնկրետ որ պետությունն է կանգնած գաղտնալսման հետևում։

Արթուր Պապյան
Արթուր Պապյան

«Կարելի է ենթադրել, որ ադբրեջանցիներն օգտագործում եմ Pegasus, իսկ հայաստանցիները՝ Predator։ Էլի երկու դեպքում էլ հարյուր տոկոս վստահություն չենք կարող ունենալ։ Բավական հիմքեր ունենք պնդելու, որ ամեն դեպքում սա ադրբեջանական ենթակառուցվածք է։ Այսինքն՝ իրենք հետևել են, թե ինչպես է Ադրբեջանը տարիներ շարունակ կոտրել իր երկրի ներսում դիսիդետներին, լրագրողներին, ակտիվիստներին։ Այս մասը հարյուր տոկոս վստահությամբ պնդել հնարավոր չէ, որովհետև մենք նաև տեսնում ենք, որ պոտենցիալ զոհերի, այդ թիրախների թվում մեծ թիվ են կազմում նաև ընդդիմադիրները կամ իշխանությունների նկատմամբ քննադատական հայացքներով հանդես եկած անձինք։ Այնպես որ, ամեն դեպքում, ողջամիտ կասկածը մնում է, որ կարող էին և Հայաստանի իշխանությունները սա արած լինել», - ասաց Արթուր Պապյանը։

12 տուժածներից 5 նախընտրել են անանուն մնալ, նրանց թվում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեկ ակտիվիստ, քաղհասարակության մեկ գործիչ և ՄԱԿ-ի երկու աշխատակից:

Ըստ զեկույցի, հարձակման երկրորդ ալիքը տեղի է ունեցել 2022 թվականին, երբ հակամարտության գոտում էսկալացիա էր։

Անվտանգության փորձագետն ասում է՝ առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն. - «Հավանաբար բարձրաստիճան հայաստանյան պաշտոնյաների դեմ նույնպես էդպիսի հարձակումներ եղել են, և մենք հայտնաբերել ենք, արձանագրել ենք։ Հարձակումները շարունակվում են միանշանակ։ Բավական թարմ դեպք էինք տեսել տառացիորեն ապրիլին, մարտին»։

«Նույնիսկ եթե դուք ունեք ամենաապահով համակարգը ձեր հեռախոսում, դուք չեք կարող ապահով լինել», - հետաքննողների հետ զրույցներում ասել էին հարձակման ենթարկվածները՝ ընդգծելով, որ կոպտորեն խախտվել է իրենց մասնավոր կյանքի իրավունքը։

Զեկույցի հեղինակները նաև կոչով դիմում են աշխարհի իշխանություններին խստագույնս արգելել լրտեսական ծրագրերը, որոնք աննկատ ոտնահարում են մարդու իրավունքները։

Արթուր Պապյանի խոսքով, եթե այս ամենի հետևում կանգնած չէ Հայաստանի իշխանությունը, պետք է անպայման քայլեր ձեռնարկի իր քաղաքացիներին պաշտնապնելու համար. - «Երբ, օրինակ, լրագրողի հեռախոսի նկատմամբ իրականացվում է նման լրտեսություն, դա կասկածի տակ է դնում աղբյուրի անանունության, գաղտնիության իրավունքը։ Դա սպառնալիք է երկրին։ Նույնը իրավապաշտպանների դեպքում»։

Հետաքննությունը պարզել է, որ ավելի քան 1000 ադրբեջանական համարներ ևս թիրախավորվել են Pegasus-ով։ Պապյանը նկատում է՝ Ադրբեջանում, սակայն, այս թեման կարծես շրջանցում են։

Լրտեսության այս աղմկահարույց պատմությունն այսօր հայտնվել է նաև միջազային մամուլի էջերում։

XS
SM
MD
LG