Մատչելիության հղումներ

Իրավապահները չեն բացահայտում, թե որ ընկերությունն է կոկաին ներմուծել Հայաստան


Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է աննախադեպ մեծ ծավալի՝ մեկ տոննա կոկաինի ներմուծումը բացահայտելու մասին։

Հայկական կողմի հաղորդագրությունը հաջորդում է իտալական ոստիկանության երեկվա բացահայտմանը, երբ պարզվեց, որ իտակալան նավահանգստում հայտնաբերված 2,7 տոննա կոկաինը բանանի արկղերով Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։

Մեկ օր անց Հայաստանի ԱԱԾ-ն տեղեկացրեց, թե մայիսի 13-ին հարուցված վարույթի շրջանակներում հայտնաբերել են, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան 250 միլիոն եվրո արժողությամբ կոկաին է ներմուծել։ Այն, ըստ հաղորդագրության, այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում: Պարզ չէ սակայն, թե կոնկրետ երբ է ներմուծվել կոկաինը։

Ո՞ր ընկերությունն է կոկաինը ներմուծել, արդյո՞ք նույն ընկերությունն է, որին իտալական ոստիկաննությունն էր բացահայտել, արդյո՞ք այդ ծանր թմրանյութը Հայաստանից այլ երկիր պետք է փոխանցվեր, թե՞ այն այստեղ էր իրացվելու, ո՞վ է պատվիրատուն։ Այս հարցերը դեռ անպատասխան են։ Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել։

Պետեկամուտների կոմիտեն ևս հրաժարվում է մանրամասներ հաղորդել՝ սլանքերն ուղղելով ԱԱԾ-ի կողմը։

Երեկ իտակալան բացահայտման մասին ՊԵԿ-ը ևս զուսպ էր։ Բանավոր կարճ ասել էին, թե տեղյակ չեն։

ԱԱԾ-ի հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեին նաև Գլխավոր դատախազությունում։ Միայն հայտնեցին, որ ուսումնասիրում են Իտալիայում հայտնաբերված 2,7 տոննա կոկաինի մասին տեղեկությունը։

Մինչ այդ միջազգային ու իտալական մամուլում ակտիվորեն քննարկվում է այս թեման։ Գովեստի խոսքեր են հնչում Ջոել շան հասեցին, որի բարձր ու անհանգիստ ցատկերից մաքսային ոստիկանները հասկացել էին, որ բանանի արկղերի հետ մի բան այն չէ։

Ջոյա Տաուրո նավահանգիստը, որտեղ հայտնաբերվել է Հայաստան տեղափոխվող կոկաինը, Իտալիայի ամենաբանուկ նավահանգիստներից մեկն է, երկար ժամանակ գտնվում է մաֆիայի դեմ աշխատող հետախույզների հսկողության տակ, քանի որ այն մոտ է այն քաղաքներին, որտեղ իտալական «Նդրանգետա» կոչվող մաֆիան բազաներ ունի։ Հանցավոր այս կլանը աշխարհում կոկաինի ամենամեծ վաճառողներից մեկն է։

Իտալական ոստիկանությունը ևս չի հայտարարել, թե որ ընկերությունն էր Էկվադորից Հայաստան բանան ու կոկաին տեղափոխում։

Ագնեսա Խամոյան
Ագնեսա Խամոյան

«Առանց իշխանության շատ բարձր ներկայացուցիչների հովանավորչության էսպիսի բեռների տեղափոխում ամբողջ աշխարհում տեղի չի ունենում», - ասում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ - «Շատ կոնկրետ մարդիկ դրանից միլիոնավոր դոլարների գումարներ են աշխատում։ Հիմնավոր են դառնում էն կասկածները, մենք փաստորեն էդ դեպքով նաև տարանցիկ պետություն չենք։ Ակնհայտ է, որ բեռի պատվիրատուն շատ կոնկրետ անուն-ազգանուն ունի, կամ մի քանի անձինք են, ովքեր պատվիրել են բեռը հենց Հայաստանի Հանրապետություն»։

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան

«Որևէ փաստ չկա, որ դա տրանզիտ չի», - հակադարձում է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ - «Հայաստանով պետք է գար, բայց ուր կգնար, դա արդեն քննությունը կպարզի։ Հայաստանում էդքան բնակչություն և շուկա չկա, 2,7 կամ 3,7 տոննա մանավանդ կոկաինի համար։ Բնականաբար, Հայաստանն այստեղ օգտագործվել է որպես տրանզիտ, որպես ճանապարհ։ Բայց իհարկե բացառված չի, որ այդ տրանզիտով գնացող թմրամիջոցների ինչ-որ մի մասը, թեկուզ նվազ քանակություն, կարող էր և մնալ Հայաստանի Հանրապետությունում»։

Խաչատրյանը հիշեցրեց, որ շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թմրամիջոցների շրջանառությունը Հայաստանում համարել էր ազգային անվտանգության լուրջ սպառնալիք։ Եվ հիմա, Խաչատրայանի պնդմամբ, այս բացահայտումները գործուն քայլերի արդյունք են՝ այդ սպառանլքիը կանխելու համար։ Պաշտոնական տվյալներով, անցած տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը 2021-ի համեմատ աճել են շուրջ 76 տոկոսով, իսկ իրացնելու դեպքերը՝ 95 տոկոսով։

Ընդդիմադիր պատգամավորը, մինչդեռ, ենթադրում է, որ պատահական չէր իրադարձութոնների հաջորդականությունը։ Իտակալան բացահայտումից հետո հայկական կողմը ստիպված էր սեփական բացահայտումներից խոսել. - «Այլևս անհնարին է դարձել, կարող եք հեգնանք տեսնել իմ խոսքի մեջ, չհայտնաբերումը արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բեռի»։

Քիչ հավանական է, որ այս ծավալը իրականացվելու էր Հայաստանի տարածքում, ընդունում է ընդդիմադիր Խամոյանը՝ ընդգծելով, որ կոկայինը թանկ է՝ ի տարբերություն այն սինթետիկ թմրամիջոցներին, որոնք այսօր վաճառվում են տելեգրամյան ալիքներով։

Խաչատրայնի խոսքով էլ՝ տելեգրամյան ալիքների դեմ պայքարը, որոնք այսօր հազարն անցնում են, բարդ է, սակայն իշխանությունը փորձում է հենց սահմանից կանխել վտանգը։

«Ամեն ինչ շատ ակնհայտ է էս սխեմայի մեջ՝ դերերն էլ, դերակատարներն էլ։ Թող բացահայտեն։ Եթե էս գործի բացահայտումը էն ամենաբարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով բացահայտում չարվի... ամբողջությամբ հիմնավոր են մեր կասկածները, որ ամենաբարձր մակարդակով է իրականացվել այս գործարքը», - հայտարարում է Խամոյանը։

Խաչատրյանը հակադարձում է. - «Եթե բարձր հովանավորչություն լիներ պետական մակարդակով, այդ բացահայտումները չէին լինի։ Հնարավոր է պաշտոնատար անձինք, ինչ-որ պաշտոնյաներ տեսուչի մակարդակից ինչ-որ կերպ... պաշտոնական անփութության հետևանք լինի մաքսային ծառայություններում կամ այլ ծառայություններում, հնարավոր է նաև դիտավորությամբ մարդիկ ներգրավված լինեն, կլինեն պաշտոնյաներ, ով կլինեն, ինչ կլինեն, բոլորը խիստ պատասխանատվության են ենթարկվելու»։

Հայաստանում բանան ներմուծող մոտ երկու տասնյակ ընկերություն կա։ «Ազատությունը» ՊԵԿ հարցում է ուղարկել՝ ճշտելու դրանց ստույգ թիվը և որտեղից են էկզոտիկ մրգերը Հայաստան հասնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG