Մատչելիության հղումներ

Վեճ, լեզվակռիվ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև


Վեճ, լեզվակռիվ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև, քաշքշոց՝ անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ. ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո Ազգային ժողովում կրքերը կտրուկ լարվեցին։

Խորհրդարանը քննարկում էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուների ընտրության հարցը։ Թեկնածուներից մեկն էլ Արմեն Դանիելյանն է։ Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավորի թեկնածուին մեղադրեց երկու տարի առաջ առանց իրեն լսելու կալանավորելու որոշում կայացնելու մեջ։ Ելույթի ավարտին քայլեց դեպի դատավորը հետևյալ բառերով՝ «մի հատ նայեք աչքերիս մեջ, նոր գնամ»:

Երբ Արթուր Սարգսյանն իջավ ամբիոնից, դահլիճից արձագանքեցին իշխանականները։ «Հայաստան» խմբակցությունից պնդում են՝ Հովիկ Աղազարյանն էր, որը ասել է՝ «վեր ընկի տեղդ»։ Ինչից ընդդիմադիր պատգամավորը խիստ վրդովվեց:

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն անմիջապես հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ապա հրահանգեց Արթուր Սարգսյանին դուրս հանել դահլիճից։ Թևերն ընկած աշխատակիցները տարան։ Փորձում էր խանգարել Գեղամ Մանուկյանը, նրան էլ հանեցին դահլիճից։ Այդ իրավիճակում ընդդիմությունն ու իշխանությունը իրար էին հորդորում թիմակիցներին կարգի հրավիրել։

Նիստերի դահլիճից դուրս ընդդիմադիրները պատասխան էին պահանջում անվտանգության ծառայողներից, թե ինչո՞ւ Աղազարյանին ևս չհեռացրին, ում վիրավորական արտահայտություններին էր, ըստ նրանց, Սարգսյանը պատասխանել։ Իշխանական պատգամավորները ևս դուրս եկան հանգստացնելու բորբոքված ընդդիմադիրներին։

Ավելի ուշ Հովիկ Աղազարյանը չհերքեց, որ կարող է նաև ասած լինի՝ վեր ընկի տեղդ։ Հայտարարեց՝ տիրոջ իրավունքով իր պարտքն էր համարել դիտողություն անել. - «Ասացի՝ այստեղ թատրոն չի, նստեք Ձեր տեղը: [Վեր ընկի տեղդ] կարող է պատահի հետո ասել եմ, դե ինքն էլ ասաց, մի բառ՝ ես, հայհոյանք չի եղել: Այստեղ Ազգային ժողովն է, ինստիտուտ է, որի անդամը ես եմ, ես եմ պարտավոր պաշտպանել բոլորի շահերը»:

Չնայած հենց նիստի ընթացքում Ալեն Սիմոնյանն իր կուսակցին դիտողություն չարեց, նրան դահլիճից հանելու որոշում չկայացրեց, ժամեր անց հայտարարեց, որ թե՛ Արթուր Սարգսյանին, թե՛ Հովիկ Աղազարյանին նախազգուշացում է տվել:

«Ցանկություն չկա որևիցե ձևով լարելու իրավիճակը, և ես կարող էի, բնական է, այլ միջոց կիրառել, օրինակ, մինչև օրվա վերջ դահլիճ չթույլատրել պատգամավորին կամ այլ կանոնակարգ օրենքով նախատեսված, բայց դրան չեմ գնում», - ասաց Սիմոնյանը:

Մինչ ընդդիմադիրները իշխանությանն են մեղադրում այսօր սադրանք հրահրելու համար, Ալեն Սիմոնյանը նույն մեղադրանքը ընդդիմությանն ուղղեց. - «Առիթն օգտագործվեց, որպեսզի իրանք հիմա դահլիճ չգան, իսկ ինչի՞ դահլիճ չգան, որովհետև այսօր կա հարցուպատասխան և այստեղ ելույթ է ունենալու Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իրենց առիթ էր պետք, որ ծեծկռտուք լինի, որպեսզի իրավիճակը լարվի»:

Չնայած ընդդիմադիրները վերջին օրերին խստորեն քննադատում են վարչապետին՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության համար, երկու խմբակցություններն այս միջադեպից հետո չմասնակցեցին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին, որտեղ կարող էին հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին։

XS
SM
MD
LG