Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը «թաքնվում է իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում». լեզվաբան


ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյան
ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյան

Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյանի ձեռքում Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն է այսպիսի վերնագրով.

Հանրային վստահությունը հնարավոր է բացառապես օրենքով թույլատրելի շրջանակներում քրեական արդարադատության համակարգի հաշվետվողականությունը երաշխավորելու պայմաններում. Պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունը Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերի առնչությամբ։

Ենթադրվում է , որ այս հայտարարությունը վարչապետի որդուն առերևույթ առևանգելու փաստով կալանավորված զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի դեպքին է վերաբերվում։ Ի՞նչ է ասում պաշտպանը 445 բառ ունեցող տեքստում։

Դիմեցինք լեզվաբանի աջակցությանը։ «Պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումները, ձեռնպահ մնալով ընթացիկ քրեական վարույթով որևէ գնահատական տալուց... սրանից կարելի է առնվազն յոթ-ութ, նույնիսկ տասը բառ հանել, և բուն իմաստը եթե ցանկանում եք, կարող եմ ես ինքնս ձևակերպել, որը ավելի հասկանալի կլիներ», - նշեց Բառնասյանը։

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Բառնասյանը իրավական կրկնվող բառապաշարով տեքստը հաղթահարեց, բայց խոստովանեց՝ պարզ չէ, թե ինչ է ասում պաշտպանը. - «Քաջ Նազարը որ ասում է՝ աճուճա և պաճուճա... թվում է ինչքան վառ է, գեղեցիկ է, բազմաբարդ, և նախադասության մեջ է կիրառված, և այդ բառերը մեկը մյուսից ավելի անհասկանալի և հարգանք առաջացնող են, այնքան դրանից բարձրանում է այդ իրավական մարմնի դերն ու նշանակությունը»։

Ինչո՞ւ մարդու իրավունքների պաշտպանը չի խոսում Հայաստանի քաղաքացու մայրենի լեզվով՝ հարցնում է լեզվաբանը. - «Հաշվետվողականություն, գործիքակազմերի ամբողջական գործադրում...»

Ենթադրում է, որ իրավական տերմիններով տեքստ-ռեբուս են կառուցում այն դեպքում, երբ չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել։ Պաշտպանը, ըստ Բառնասյանի, թաքնվում է իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում. - «Այստեղ ամեն ինչ արված է, որ...ես ասանկ կըսեմ, դուն անանկ հասկըցի։ Դրա համար էլ մեր ժողովուրդը իր սեփական լեզվից արդեն տհաճություն է զգում, որովհետև չի կարելի չէ՞ վերջապես խճողել բառերը այնպես, որ դա քեզ համար դարձնես մի շատ լավ միջոց դրա հետևում թաքնվելու»։

Լեզվաբանը հիշեցնում է՝ այս խոսքը հանրությանն է ուղղված և պետք է հասկանալի լինի։ Գուցե հասկանալի՞ է... փորձեցինք քաղաքացիներից պարզել։ Հայտարարությունը սկզբում նրանց իրավաբանական դասագրքից հատված էր հիշեցնում։

Տնտեսակագետ Ալբերտը տեքստը չավարտեց. - «Շատ անհասկանալի ա գրածները, թե ինչի մասին ա, ում մասին ա»։

Հոգեբան տիկինը բոլոր 445 բառերը կարդաց, շատ դանդաղ. - «Ուղղակի խճողման են տանում, որ ընկալում չլինի, հայերեն չի... հայերեն բառեր են, բայց հայերեն չի»։

Հարցին, թե ինչու են խճողում, պատասխանեց. - «Որ թվա թե պատասխան կա, բայց պատասխան չկա»։

Հարությունը պետհամալսարանի ուսանող է, հետաքրքրությամբ տեքստը ձեռքը վերցրեց, կարդաց, մեկ էջ, երկու էջ. - «Ոնց որ ուզում ա ասի, բայց ֆինիշին չի հասնում, ընդհանուր միտքը չի ասում։ Հայերեն բառերի մի հատ կույտ ա...»

Այնուամենայնիվ կարդաց մինչև վերջ։ Ինչո՞ւ չի հասկացվում, թե ինչ է իրենց ասում Մարդու իրավունքների պաշտպանը, այն էլ՝ հանրության համար զգայուն մի հարցի՝ զոհվածի մոր ու վարչապետի որդու միջադեպի քրեական ընթացքի վերաբերյալ. - «Հիմա որ կարդացի, ինձ ընկալելի չէր»։

Տեքստը ձեռքից ձեռք անցավ առանց մեծ առաջընթացի։ Դիմեցինք պաշտպանի գրասենյակ, գուցե Անահիտ Մանասյանն ի՞նքը բացահայտի, թե ինչու է հանրության հետ շփվում իրավաբանական դասագրքի պարբերություններով։

Գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին Մանասյանի արձագանքը. նույն դասագրքային տեքստն է՝ 287 բառով պակաս։ Հետո այս տեքստի վերաբերյալ մեկնաբանություն ներկայացրեց պաշտպանի գրասենյակի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը՝ ասելով, որ պաշտպանն իրավունք չունի միջամտելու դատական վարույթին, իսկ այդ հայտարարությամբ «իրավական չափանիշներ են ներկայացրել հանրությանը»։

XS
SM
MD
LG