Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է Բախմուտն ամբողջությամբ գրավելու մասին, Կիևը հերքում է


Ուկրաինա - Եվգենի Պրիգոժինը և «Վագներ»-ականները Բախմուտում, 21-ը մայիսի, 2023թ.
Ուկրաինա - Եվգենի Պրիգոժինը և «Վագներ»-ականները Բախմուտում, 21-ը մայիսի, 2023թ.

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երեկ այցելել է Բախմուտի մոտ տեղակայված ուկրաինական դիրքեր և շնորհակալություն հայտնել քաղաքն ամիսներ շարունակ պաշտպանող զինվորներին ու հրամանատարներին:

Սիրսկիի խոսքով՝ ուկրաինական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները Բախմուտի մերձակայքում գտնվող դիրքերում։

Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը զինվորների հետ հանդիպմանը շեշտել է նաև, թե չնայած ուկրաինական կողմն այսօր վերահսկում է միայն քաղաքի ծայրամասերը՝ Բախմուտի պաշտպանության օպերացիան չի կորցրել իր կարևորությունը։

«Հետագայում դա մեզ հնարավորություն կտա մտնել քաղաք, երբ ճակատում օպերատիվ իրավիճակը փոխվի։ Պաշտպանական գործողությունը շարունակվում է», - շեշտել է Սիրսկին։

Ավելի վաղ «Վագներ» զինված խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտնել էր Բախմուտն ամբողջության գրավելու մասին, հետո էլ նման հայտարարություն է արել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ընդ որում՝ Պրիգոժինը պնդում է, թե քաղաքը գրավել են բացառապես «Վագներ»-ի վարձականները։ Նախագահ Պուտինն էլ խոստացել է պետական պարգևներ հանձնել բոլորին՝ և՛ կանոնավոր բանակի զինվորներին ու հրամանատարներին, և՛ «Վագներ»-ի վարձկաններին:

Ուկրաինայի նախագահն, իր հերթին, Մեծ յոթնյակի գագաթնաժողովին Հիրոսիմայում սկզբում ասել էր՝ «Բախմուտը միայն մեր սրտերում է», ավելի ուշ, սակայն, պնդել ,թե ռուսները քաղաքն ամբողջությամբ չեն գրավել։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով էլ՝ ուկրաինական զորքերը «Բախմուտը վերցրել են կիսաշրջափակման մեջ»։

Բախմուտը ռուսները փորձում էին գրավել անցած ամռանից, հունվարից քաղաքի համար անդադար ընթանում էին կատաղի մարտեր։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, թե կարևոր չէ՝ ուկրաինական կողմը կորցրել է Բախմուտը, թե՝ ոչ։ Բախմուտի համար մարտերում, Բայդենի խոսքով, Ռուսաստանը մոտ 100 հազար մարդ է կորցրել: Նա հավելել է, թե քաղաքն այսօր ամբողջությամբ վերածվել է ավերակների։

Ուկրաինական կողմի կորուստների մասին ԱՄՆ նախագահը ոչինչ չի ասել:

XS
SM
MD
LG