Մատչելիության հղումներ

«Նեմեսիս»-ի արձանի վերաբերյալ բողոք Անկարայից Երևանը դիվանագիտական խողովակով չի ստացել


Հայաստանի ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

«Ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված հուշարձանի բացման կապակցությամբ պաշտոնական Երևանը դիվանագիտական որևէ խողովակով բողոքի հայտագիր չի ստացել պաշտոնական Անկարայից, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Նեմեսիս» անունը ստացած հուշարձանի տեղադրումից օրեր անց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն տեղական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե Երևանին Անկարան ասել է` «եթե արձանը չհանեք, կարգավորում չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։ Ավելի վաղ էլ Անկարան հայկական կողմի համար փակել էր իր օդային տարածքը՝ որոշումը պատճառաբանելով հենց հայ վրիժառուների արձանի տեղադրմամբ։

«Ազատություն»-ը Հայաստանի արտաքին գերատեսչությունից նաև հետաքրքրվել էր, թե ինչ փուլում է հայ - թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրով անձանց համար բացելու՝ Երևանի ու Անկարայի միջև անցած տարի ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետությունը շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքները Թուրքիայի հետ»։

Գերատեսչությունից, սակայն, չեն պատասխանել, թե երբ է բացվելու հայ - թուրքական միջպետական սահմանը։

Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման բանակացություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն կա սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրով անձանց համար հենց այս տարվա ամռան սկզբին։

ԱԳՆ-ից նաև տեղեկացնում են, որ «հայկական կողմը շարունակում է աշխատանքներ իրականացնել Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի բնականոն սպասարկումը հնարավոր դարձնելու ուղղությամբ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG