Մատչելիության հղումներ

Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Մոնումենտի» առանձնատան գնորդն ուզում է փակել պարտքը, դատախազը դեմ է այս առաջարկին


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Մոնումենտի» շքեղ առանձնատան գնորդն ուզում է փակել պարտքը՝ չսպասելով պայմանավորված ժամկետի լրանալուն։

Ինչո՞ւ է շտապում նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի կինը, երբ առանձնատան հետ կապված գործարքներն արգելված են ընթացող դատավարության պատճառով. փաստաբանն այսպես է բացատրում՝ ուզում է փակել պարտքը կա՛մ մաս-մաս, կա՛մ ամբողջովին:

«Օրինակի համար՝ Լիլիթ Պետրոսյանը միգուցե հիմա ունի այդ գումարը ու ցանկանում է վճարել, բայց մինչև դատարանի կողմից այս որոշման կայացումը, որը պարզ է՝ այս գործը տարիներ է, ըստ էության, տևելու, միգուցե անձն այդ ժամանակ արդեն ֆինանսական խնդիրներ ունենա», - ասաց փաստաբանը:

Դատախազությունը Աբրահամյանների ունեցվածքը ապօրինի է որակել և Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է պետությանը հանձնել 21 միլիարդ դրամ ու մի քանի տասնյակ անշարժ ու շարժական գույք։ Աբրահամյանների ունեցվածքի ամենախոշոր պատառը «Մոնումենտի» առանձնատունն է, որն անցած տարի հապշտապ վաճառվել էր գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։

Կասկածելի պայմաններում վաճառված առանձնատան փոխարեն այժմ արգելանքի տակ է դրա արժեքը՝ ավելի քան 6.5 միլիոն դոլարը։ Որպեսզի առանձնատան փոխարեն գոնե պետությանը վերադարձվի դրա գումարը, դատախազությունը նաև արգելել է Պետրոսյանին տան դիմաց գումար փոխանցել նախկին վարչապետի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, վերջինիս էլ արգելել է տնօրինել այդ գումարը։ Այս խոշոր գործարքի փոքր մասն է կատարված՝ Լիլիթ Պետրոսյանն ընդամենը 125 հազար դոլարն է վճարել՝ Աբրահամյաններին պարտք մնալով ավելի քան 6 միլիոն դոլար։ Պետրոսյանի փաստաբան Կարեն Տոնոյանն այժմ դատարանից խնդրում է թույլ տալ մարել պարտքը։

«Շտապողականության, որպես այդպիսին, խնդիր չունի Լիլիթ Պետրոսյանը, սակայն ըստ էության, ունի պայմանագրային պարտավորություն, որը ցանկանում է կատարել», - նշեց Տոնոյանը:

Եթե խորհրդարանի նմանությամբ կառուցված առանձնատան նոր սեփականատերը ուզում է փակել պարտքը, ինչո՞ւ է ընդամենը երեք ամիս առաջ հետաձգել պարտքի մարման ժամկետը և Արգամ Աբրահամյանի հետ պայմանավորվել գումարը փոխանցել մինչև 2024 թվականի դեկտեմբեր։ Փաստաբանն այստեղ խնդիր չի տեսնում. - «Պայմանագրով սահմանված չէ, որ կոնկրետ հենց այդ օրը պետք է վճարումը կատարվի, ժամանակացույց է՝ մինչև այս օրը»:

Փաստաբանի խոսքով, Պետրոսյանին չի հետաքրքրում, թե իր վճարելիք փողը ի վերջո ում կմնա՝ պետությանը, թե՝ Աբրահամյաններին։ Տարակուսում է՝ այսպես, թե այնպես, Արգամ Աբրահամյանի հաշիվները արգելանքի տակ են և փոխանցվող գումարները նա չի էլ կարող հանել բանկային հաշվից։ Մինչդեռ դատախազ Տիգրան Ենոքյանը դեմ է այս առաջարկին՝ կասկածներ ունի, որ եթե Պետրոսյանին թույլ տան գումար փոխանցել Աբրահամյանին, ապա այն այլ տարբերակով կհասնի նրան:

«Նման արգելքի բացակայության պարագայում կարող է կնքվել մեկ այլ համաձայնագիր, որով, օրինակի համար, որոշեն բնակելի տան վաճառքի գումարը փոխանցել այլ հաշվի, այդ թվում՝ հանրապետությունից դուրս առկա հաշվի», - ընդգծեց դատախազը:

«Չի բացառվում, որ տան իրական շահառուն շարունակի մնալ այդ տան նախկին սեփականատերը»

Մինչ Աբրահամյանների դղյակի նոր տերը չի համբերում և ուզում է վճարել պարտքը, իսկ նախկին վարչապետի փաստաբանն էլ պնդում է, թե Աբրահամյանները ժամանակից շուտ գումարը չեն ուզում, այս վաճառքը ուսումնասիրած հետաքննող լրագրողը եզրահանգում է՝ կողմերը փորձում են ավարտին հասցնել ի սկզբանե կասկածներ հարուցած գործարքը՝ առանձնատունը վերջնականապես գրանցելով նոր գնորդի անվամբ։

Ո՞վ կարող է վերահսկել Լիլիթ Պետրոսյանին, որը կարող է, օրինակ, ճամպրուկով գումար տալ Աբրահամյաններին, տունը դարձնել իրենը՝ հարցնում է Տիրայր Մուրադյանը։ Լրագրողը չի բացառում, որ այս պրոցեսներից հետո առանձնատունը պետությանը փոխանցվելու փոխարեն կրկին դառնա նախկին վարչապետի ընտանիքի սեփականությունը։

«Ինչպե՞ս է ստացվել, որ մի գործարար գնում է մի վարկաբեկված առանձնատուն, ուզում է այդտեղ ապրե՞լ, չեմ կարծում: Չի բացառվում, որ այդ տան իրական շահառուն շարունակի մնալ այդ տան նախկին սեփականատերը, այսինքն, Աբրահամյաններին մնա», - ասաց լրագրողը:

Նախկին պաշտոնյաների ունեցվածքը հետաքննող լրագրողի կարծիքով՝ այս ամեն ինչը տեղի է ունենում իրավապահների միջոցով ու իշխանությունների համաձայնությամբ։ Ապացույցը՝ դեռ անցած տարի իրավապահների թույլտվությամբ արգելանքի տակ դրված առանձնատան վաճառքն է։ Հետաքննող լրագրողը հիշեցնում է դատախազության գնահատականը, թե Լիլիթ Պետրոսյանը ճանաչվել է բարեխիղճ գնորդ և իրենք տվյալներ չունեն, որ նա տեղյակ է եղել «Մոնումենտի» այս և մյուս առանձնատների շուրջ քրեական գործից։ Օրենքով անբարեխիղճ կլիներ, եթե տեղյակ լիներ, որ առանձնատունն ապօրինի ծագում ունի։ Բայց ինչպե՞ս կարող էր չիմանալ, եթե մամուլը պարբերաբար գրում էր այս մասին, տարակուսում է լրագրողը։

«Այդ պայմաններում, եթե վերջնական գրանցեց իր անունով, փակված է համարվում, թե ինչ հաշիվներ կմաքրեն, ոնց կմաքրեն Հովիկ Աբրահամյանի հետ, դա այլ հարց է», - ընդգծեց Տիրայր Մուրադյանը:

Լիլիթ Պետրոսյանի գնած առանձնատունը առուվաճառքից հետո դատախազությունը նորից արգելանքի տակ դրեց «Մոնումենտի դղյակների» քրեական գործի շրջանակում։ Այս գործով արգելանքի տակ է նաև «Մոնումենտի» այգու հարևանությամբ կառուցված Աբրահամյանների երկրորդ առանձնատունը։ Իրավապահներն արդեն 4 տարի է փորձում են պարզել, թե դեռ 2000-ականներին հանրային տարածքի հողերի սեփականաշնորհումն ու կառուցապատումը օրինակա՞ն, թե՞ անօրինական է եղել։

XS
SM
MD
LG