Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կոմիտեն լրացրել է Հովիկ Աբրահամյանի մեղադրանքը


Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր լրացրել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մեղադրանքը։ Գլխավոր դատախազությունն էր հակակոռուպցիոնին առաջարկել 2018-ից պաշտոնական լիազորություններն անցնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրվող նախկին վարչապետի մեղադրանքին ավելացնել ևս մեկը՝ փողերի լվացումը։ Աբրահամյանը, որ ժամանակին Հայաստանի ամենազդեցիկ պաշտոնյաներից էր, երկրից չբացակայելու արգելք ունի։

Հինգ տարի առաջ այս գործը հարուցելիս իրավապահները հայտարարել էին, թե տվյալներ ունեն, որ Աբրահամյանը, ինչպես նաև նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը անցել են իրենց լիազորությունները։

Թե ինչու նախկին բարձրաստիճան պաշտոնյային քրեական գործը հարուցելու հենց սկզբում չէին նաև փողերի լվացման հոդվածով մեղադրանք առաջադրել, դատախազությունը չի մանրամասնում։ Նշվում է միայն՝ հիմնավորել են, որ Աբրահամյանը ապօրինի տիրացել է Գևորգ Գևորգյանի ավազի հանքին։

«2007 թվին փակեցին, երբ որ էդ ընտրությունների պըտի լիներ, ու քրեական գործ հարուցեցին», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Գևորգ Գևորգյանը։

Իրավապահները պնդում են, որ 2008-ից մինչև 2015 թվականը Հովիկ Աբրահամյանը հանքից ստացած 230 միլիոն դրամի ապօրինի եկամուտները թաքցնելու նպատակով այդ գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա գնել տարբեր տեսակի գույք, կատարել բանկային գործարքներ և այդ փողերին հաղորդել օրինական տեսք:

Ավազի հանքը շահագործող «Ավազահատիկ» ընկերության տնօրեն Գևորգ Գևորգյանը հինգ տարի առաջ ցուցմունք էր տվել ու հայտնել, որ Ալիկ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու նրա եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը ապօրինի տիրացել են իր ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսին։

Գևորգ Գևորգյանը այսօր «Ազատությանը պատմեց»՝ 2008-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Մասիսի նախընտրական շտաբի պետն էր, Արարատի մարզում ուներ իր սեփական բիզնեսը։ Աբրահամյանն ու այդ ժամանակ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը դեռ 2007-ից էին փորձում հանքը խլել ձեռքից, իսկ նախագահական ընտրություններից հետո անցան հետապնդումների, անգամ փորձել են քրեական գործ հարուցել իր դեմ, ինքն էլ ստիպված 60 տոկոս բաժնետոմսերը կոպեկներով վաճառել է նրանց։

Պատմում է, որ ընտրություններից հետո այդ ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանն իրեն կանչել է իր աշխատասենյակ ու ասել՝ հանքի 30 տոկոսը պետք է տա իրեն, 30 տոկոսն էլ՝ Արարատի մարզպետին։ Ինքն այլ ելք, քան կատարել Աբրահամյանի պահանջը, չի ունեցել. - «Հովիկը ասեց մի տարբերակ կա՝ պետք է 30 տոկոսը տաս Ալիկին, 30-ը՝ ինձ»։

Պետական ռեգիստրի տվյալներով, «Ավազահատիկի» մասնակիցները փոխվել են հենց 2008-ին՝ բաժնետերեր են դարձել Հենրիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանի ազգականը՝ Խաչատուր Աղաջանյանը։ Եվ միայն 12 տարի անց՝ 2020-ին է այն վերադարձվել Գևորգյանի ընտանիքին, երբ այս հարցով արդեն զբաղվում էին իրավապահները։

Ալիկ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի ու նրա փաստաբանի հետ կապ հաստատել «Ազատությանը» չի հաջողվել։ Պարզ չէ, արդյո՞ք նախկին բարձրաստիճան պաշտոնյան ընդունում է իրեն վերագրվող արարքները։ Պարզ չէ նաև, թե ինչպես է Աբրահամյանը վերադարձրել հանքի բաժնետոմսերը Գևորգյանին։

«Թալանված։ Ըտեղ բավականին թանկարժեք մեխանիզացիաներ կային, որոնց միջոցով էդ հանքարդյունաբերություններ էր կազմակերպվում։ Դրանք անհնարին ա օգտագործել։ Էլ չասեմ, որ հանքում էնպիսի վիճակ ա, որ Գևորգյանը դեռ միայն տույժեր ու տուգանքներ ա վճարում», - «Ազատությանն» ասաց Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը։

Աբրահամյանի եղբայրն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Խաչատրյանի փոխանցմամբ, մեղադրյալի կարգավիճակ չունեն, այնինչ նրանք հավասարապես մասնակցել են նրա ունեզրկմանը. - «2008 թվին մենք անընդհատ ասում էինք, որ մարդկանց ունեզրկում են, խլում են ունեցվածքը քաղաքական նկատառումներով։ Ուղիղ էդ դեպքերից մեկն էր։ Հինգ տարի առաջ պիտի արդեն մեղադրական դատավճիռը հրապարակած լինեին»։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Պետությունը նրանից փորձում է առգրավել 59 անշարժ գույք և ավելի քան 21 միլիարդ դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG