Մատչելիության հղումներ

Ազգային փոքրամասնությունների «լավ կյանքը» Ադրբեջանում


Ադրբեջան - Չքավոր ընտանիքների երեխաներ Եվլախի շրջանում, արխիվ
Ադրբեջան - Չքավոր ընտանիքների երեխաներ Եվլախի շրջանում, արխիվ

«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավը կլինի, քան օկուպացիայի տարիներին». հայերին բարեկեցություն խոստացող Իլհամ Ալիևի ղեկավարած երկրի փոքրամասնությունները, մինչդեռ, բոլորովին այլ պայմաններում են ապրում։

«Մեր անունը մուրացկան է»

Եվլախի քրդաբնակ թաղամասն Ադրբեջանում համառորեն անվանում են «գնչուների» թաղամաս, թեև իրենք բնակիչներն իրենց քուրդ են համարում։

Նավթով ու գազով հարուստ Ադրբեջանի այս շրջանում ապրողները զրկված են կյանքի տարրական պայմաններից՝ չունեն հոսանք, գազ, կոյուղի, ասֆալտապատ փողոցներ։ Աղքատության պատճառով տասնյակ բազմազավակ ընտանիքներ ի վիճակի չեն իրենց երեխաներին դպրոց ուղարկել, անչափահասները կրթություն ստանալու փոխարեն իրենց ծնողների հետ օրվա հացի փող են վաստակում՝ մուրացկանություն անում կամ լավագույն դեպքում մետաղ հավաքում՝ վաճառելու հույսով:

«Եթե կառավարությունն իմ երեխաներին կոշիկ, սնունդ, հագուստ տա, կամ եթե ես գումար ստանամ, ես դուրս չեմ գա մուրացկանության». - Գուլպարի Մամեդովան դժվարությամբ է համաձայնել խոսել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ։ Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ իր խնդիրների մասին բարձրաձայնել է, կա՛մ հայրենակիցներն են ծաղրուծանակի ենթարկել, կա՛մ ոստիկանությունն է ճնշումներ բանեցրել Ալիևներին քննադատելու համար։

Ադրբեջան - Մուրացկան կանայք Գյանջայում, արխիվ
Ադրբեջան - Մուրացկան կանայք Գյանջայում, արխիվ

Ադրբեջանցի լրագրողը նշում է, որ ոչ միայն Մամեդովան, այլև նրա համայնքի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ հիասթափված և վիրավորված են Ադրբեջանի իշխանություններից՝ իրենց անտեսելու, արհամարհելու պատճառով։ Նրանք միաբերան խոսում են իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքից՝ կրթություն չեն ստացել ինչպես իրենք, այնպես էլ իրենց երեխաները, չունեն աշխատանք, պետությունն իրենցով չի հետաքրքրվում։ Բողոքները թվարկելիս բնակիչներից մեկը մատնացույց է անում կիսախարխուլ սենյակի պատին փակցված ադրբեջանական դրոշը, որն աղբավայրից է գտել, երբ այնտեղ ուտելիք էր փնտրում:

«Ադրբեջանցի մահմեդական մեր ազգին հարիր չէ աղբամաններում հաց փնտրելը։ Ի՞նչ է լինում, երբ դու մուրացկան ես։ Մեր անունը մուրացկան է... »:

«Ես այստեղ եմ ապրում, չունեմ գազ, չունեմ լույս։ Քանի անգամ եմ դիմել {իշխանություններին}։ 20 մանաթ, 10 մանաթ են տվել ու ճանապարհել։ Ոչ ոք չի էլ ստուգել ինչ պայմաններում եմ ապրում։ Ասել եմ՝ եկեք տեսեք, ոչ մի պայման չունեմ։ Գազ չունեմ, վառարան չունեմ, ոչինչ չունեմ՝ աստծուց բացի։ Մեկ սրա տանն եմ գիշերում, մեկ նրա տանը։ Ամեն տեղ դիմել, պատմել եմ, ոչ ոք չի ցանկանում իմ ցավը կիսել... »։

«Բազմազավակ մայրերին ամենամսյա օգնություն է պետք, չեն տալիս, քուրդ ժողովրդին չեն օգնում, երեխաներին դպրոցներում չեն ընդունում, երեխաները թափառաշրջիկ են դառնում: Շատերը նույնիսկ զինվորական չեն կարողանում դառնալ, քանի որ գրել-կարդալ չգիտեն... »։

Ազգային փոքրամասնություններին պաշտպանելը Ադրբեջանի կառավարության ոչ միայն Սահմանադրական, այլև բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունն է։ Մասնավորապես լեզվի պաշտպանության և պահպանության մասին առանձին՝ նախագահի հատուկ հրամանագիր կա, ստորագրված դեռևս 1992 թվականին․ այդ փաստաթուղթը կառավարությանը պարտավորեցնում է զարգացնել էթնիկ խմբերի մայրենին։

Ադրբեջանի Բուդուղ գյուղը գրեթե կտրված է աշխարհից
Ադրբեջանի Բուդուղ գյուղը գրեթե կտրված է աշխարհից

Բուդուղերենը շուտով կհայտնվի լեզուների կարմիր գրքում

Բուդուղերեն լեզուն, սակայն, Ադրբեջանում ոչ թե այդ հրամանագրի, այլև լեզուն կրող փոքրաթիվ տարեցների շնորհիվ է պահպանվում, բայց ըստ մասնագետների՝ այդ լեզուն արդեն իր կյանքի վերջին տարիներն է ապրում։ Ադրբեջանում բուդուղերենին տիրապետող անձանց թիվը ընդամենը 5 հազար է, սա էլ` 1994 թվականին արված մի ուսումնասիրության համաձայն:

«Բուդուղերենն իմ մայրենի լեզուն է։ Ես կարող եմ անգիր արտասանել, լավ հիշողություն ունեմ, և իմ լեզուն պահպանել եմ մինչև այսօր»,-
90-ամյա Ինտիզար Քարիմովան պատմում է՝ հարազատ լեզվով իր հատուկենտ հասակակիցների հետ և զավակների հետ է շփվում։ Ասում է՝ թոռներն ու ծոռները միայն որոշ բառեր են հասկանում, խոսել, առավել ևս՝ գրել, չգիտեն․ բուդուղերեն գրքեր չեն տպագրվում, մասնագետներ չեն պատրաստվում։

Լեզվաբան Ադիգոզել Հաջիևը, որ Ադրբեջանում այս լեզվի ուսումնասիրությամբ է զբաղվում, փաստում է՝ բուդուղերենը շուտով կհայտնվի լեզուների կարմիր գրքում, կառավարությունը ջանքեր չի գործադրել այդ լեզվի անհետացումը թույլ չտալու համար։ «Այս լեզուն անհետանում է։ Գոյատևելու համար անհրաժեշտ է անցնել գրելուն, այդ դեպքում գուցե ապրի»,- հուշում է մասնագետը։

«Թալիշներից վտանգ են զգում, որովհետև թալիշները հայերի պես ունեն պատմություն»

Լեզվի խնդրից Ադրբեջանում միայն փոքրաթիվ էթնիկ խմբերը չէ, որ բողոքում են․ թալիշների համար դա բազում խնդիրներից ընդամենը մեկն է: Բազմամշակութային Ադրբեջանում այդ փոքրամասնության նկատմամբ իշխանությունների բռնաճնշումների մասին տարիներ ի վեր բարձրաձայնում են ամենահեղինակավոր միջազգային կառույցները՝ Եվրոպայի խորհրդից մինչև Human Rights Watch։ Անկախ աղբյուրները փաստում են, որ թալիշներն Ադրբեջանում բախվում են ինքնության պահպանման խնդիրների, անջատողականության անհիմն մեղադրանքների, զրկված են սեփական լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից։ Թալիշների անգամ թիվն է խնդրահարույց այդ երկրում՝ 2009 թվականի մարդահամարի տվյալներով 112 հազար է, մինչդեռ որոշ մասնագետների, համայնքի ներկայացուցիչների պնդմամբ՝ այդ թիվը իրականում մոտ տասն անգամ ավելի է։

Թալիշ լրագրող և իրավապաշտպան Ռահիմ Շալիև, արխիվ
Թալիշ լրագրող և իրավապաշտպան Ռահիմ Շալիև, արխիվ

Թալիշ լրագրող և իրավապաշտպան Ռահիմ Շալիևն «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում պնդում է, որ Ալիևի վարչակազմն ընդգծված խտրականություն է դրսևորում թալիշների նկատմամբ՝ նախ և առաջ փորձելով հասնել թալիշների ձուլմանը։

Իր գործունեության պատճառով իրավապահների հետապնդումից խուսափելու նպատակով Շալիևն արտագաղթել է Ադրբեջանից։ Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանությունը տարիների ընթացքում ճնշել է թալիշների քաղաքական ակտիվությունը, բանտարկել համայնքի առաջնորդներին, ֆիզիկական հաշվեհարդար իրականացրել շատերի նկատմամբ, անգամ «Թալիշ» անունն արգելել երկրում։

«Ադրբեջանի Հանրապետությունը պաշտոնապես հնարավորություն է տալիս դպրոցներում թալիշերեն սովորել. գործնականում նման բան չկա։ Դպրոցներ գնացեք, կտեսնեք, որ նման դասեր չկան։ Ադրբեջանում արգելված է «Թալիշ» անունը, այսինքն՝ «Թալիշ» անունով կնքել քո երեխային: Նույն արգելքը չկա, օրինակ, թուրքերի դեպքում։ Սա խտրականություն չէ՞։ Նման վերաբերմունքը թալիշների դեպքում բացատրվում է նրանով, որ թալիշներից վտանգ են զգում, որովհետև թալիշները հայերի պես ունեն պատմություն, ունեցել են պետականություն, ունեն մշակույթ, ժողովուրդ, ինչը Ալիևի ռեժիմը սպառնալիք է համարում», - ասում է Շալիևը:

Որևէ հեղինակավոր կառույց Ալիևի խոսքերը չի հաստատում

Մինչ Ադրբեջանի առաջնորդը բարձր ամբիոններից իրավունքներ և բարեկեցություն է խոստանում հայերին, հպարտանում «բազմազգ Ադրբեջանում տիրող բարձր մակարդակի հանդուրժողականությունից», որևէ հեղինակավոր կառույց այդ խոսքերը չի հաստատում։

Եվրախորհրդարանը պնդում է, որ Ալիևի վարչակազմը չի կատարում էթնիկ փոքրամասնությունների՝ լեզգիների, թալիշների, հայերի և քրդերի իրավունքների պաշտպանության հարցով ստանձնած պարտավորությունը։

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, իր հերթին, արձանագրում է՝ Ադրբեջանում «հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ ռասայական ատելություն են հրահրում և ռասիստական կարծրատիպեր տարածում», այդ թվում՝ պետական պաշտոնյաները, ընդհուպ դպրոցական դասագրքերի միջոցով, այդ արարքներն Ադրբեջանում չեն հետաքննվում, դատապարտվում կամ պատժվում։

Էթնիկ փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող Minority Rights Group International-ը (MRG) ևս փաստում է, որ Ադրբեջանում փոքրամասնությունները՝ թալիշները, լեզգիները, քրդերը ենթարկվում են խտրականության և սահմանափակումների։ Միջազգային իրավապաշտպան կառույցի գնահատմամբ՝ Ալիևի վարչակազմի ձեռնարկած քայլերը երկրում այդ պատկերը փոխելու ուղղությամբ անբավարար են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG