Մատչելիության հղումներ

Պատմական անկում. Եվրոն հավասարվեց դոլարին


2002 թվականից ի վեր առաջին անգամ այս շաբաթ եվրոյի փոխարժեքը պատմական անկում է գրանցել՝ հավասարվելով դոլարին։

Եվրոպական արժույթը ամերիկյանի նկատմամբ ամենաբարձր մակարդակում եղել է 2008-ին, երբ 1 եվրոն արժեր 1,6 դոլար։ Տնտեսագետները եվրոպական արժույթի անկումը պայմանավորում են տարբեր գործոններով, այդ թվում՝ աճող գնաճին կենտրոնական բանկերի արձագանքով, Ուկրաինայում ընթացող պատերազմով, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների տնտեսական հեռանկարներով։

Ընդհանուր առմամբ, դոլարի ամրապնդումն ու եվրոյի արժեզրկումը տնտեսագետները Եվրամիության տնտեսության նկատմամբ հոռետեսության, իսկ ԱՄՆ տնտեսության հանդեպ հարաբերական վստահության նշան են որակում։

Տնտեսության վրա ավելի թույլ արժույթի ազդեցությունը դժվար է գնահատել, ասում է գերմանացի տնտեսագետ և Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դանիել Գրոսը՝ անդրադառնալով նաև վառելիքի թանկացումներին և դոլարի արժևորմամբ պայմանավորված արտահանման հնարավորություններին:

«Դոլարի արժևորումը, սակայն, նշանակում է նաև արտահանման հնարավորություններ բոլորի համար, ինչը մեզ մի քանի տարի հետո պետք է օգնի նավթի բարձր գների փոխհատուցման հարցում։ Այս առումով Եվրամիությունը միշտ հարմարվել է, նախ մենք պետք է ավելի բարձր գին վճարենք նավթի և գազի համար, կունենանք արտաքին դեֆիցիտ, բայց որոշ ժամանակ անց մեր արտահանման ծավալները կավելանան, ավելի շատ աշխատատեղեր կստեղծվեն, հետևաբար՝ ամեն ինչ կհամապատասխանեցվի», - կարծում է Դանիել Գրոսը։

Ըստ տնտեսագետի՝ Եվրոպական կենտրոնական բանկը շատ է հապաղել և համապատասխան քայլեր չի ձեռնարկել գնաճի դեմ պայքարելու համար։ Դանիել Գրոսը նկատում է, որ չնայած Եվրոպական կենտրոնական բանկը, գիտակցելով գնաճի հետևանքները, հրապարակյանորեն հայտարարել է, որ կփոխի իր ռազմավարությունը, մտավախություն կա, որ այդ փոփոխությունները դանդաղ կլինեն։ Եվրոպացի տնտեսագետը կարծում է, որ պետք է ավելի արագ գործել, հատկապես, երբ ակնհայտ է, որ գնաճը լուրջ է և, որ այն դեռ որոշ ժամանակ կպահպանվի: Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի տնօրենը չի բացառում, որ Եվրոպայում կարճատև ճգնաժամ առաջանա գազի աննախադեպ թանկացման պատճառով։

«Գազի գինը այն միակ ոլորտն է, որի վրա պատերազմն ազդել է պատժամիջոցների և հակապատժամիջոցների՝ Ռուսաստանի հակադարձ քայլերի պատճառով, իսկ գազը, իհարկե, շատ կարևոր է Եվրոպայի համար՝ այն թանկացել է 10 անգամ։ Հետևաբար, մենք իսկապես կարող ենք խնդրի առաջ կանգնել, եթե այլ երկրներից կրճատված մատակարարումներից բացի, Ռուսաստանը փաստացի էմբարգո հայտարարի Եվրոպային։ Այդ դեպքում հնարավոր է, որ մենք կարճատև ճգնաժամի ականատես լինենք Եվրոպայում, և այդ հեռանկարը, այդ վտանգը կարող է ինչ-որ առնչություն ունենալ օրերս արժեզրկված եվրոյի հետ», - նշել է նա։

Եվրոպացիները արդեն իսկ զգում են գնաճի ազդեցությունը. - «Ամեն ինչ թանկանում է՝ կաթի, հացի, գազի գները: Բայց աշխատավարձը չի բարձրանում։ Թանկացումները զգալիորեն են ազդում բոլորի կյանքի և ապրելակերպի վրա: Միաժամանակ սարսափելի է, քանի իրականում չգիտես, թե ինչ է լինելու տնտեսության հետ»։

Միաժամանակ, Եվրոպա այցելած ամերիկացի զբոսաշրջիկների համար եվրոյի նպատմամբ ամերիկյանի դոլարի արժևորումը ուրախալի լուր է։ Շոանա Վիլսոնը մեկն է այն բազմաթիվ ամերիկացի զբոսաշրջիկներից, որոնց կարելի է հանդիպել Փարիզի Մոնտեն պողոտայի այնպիսի թանկարժեք բրենդային խանութների առջև, ինչպիսիք՝ են Louis Vuitton-ը, Chanel-ը և Gucci-ն:

«Քանի որ եվրոն հավասարվել է դոլարին, դա մեզ ոգևորում է, և մենք ավելի շատ ենք ծախսում, կարծես զեղչեր լինեն, այնպես որ մենք գնումներ կատարելու խնդիր չունենք», - ասում է ԱՄՆ-ի Կոլորադո նահանգից Փարիզ այցելած Շոանա Վիլսոնը։

Ի տարբերություն եվրոպական բրենդային հագուստի խանութներից գնումներ կատարող ամերիկացի տուրիստների՝ Ֆրանիսայի Լեոն քաղաքի բնակիչ Սեբաստիեն Պոցին ասում է, որ եվրոպացիները զգում են եվրոյի անկման ազդեցությունը թե՛ իրենց երկրներում, թե՛ Միացյալ Նահանգներ ճամփորդելիս. - «Մենք միգուցե ոչինչ չգնենք: Ֆրանսիայում իսկապես շատ թանկ են Chanel-ի և Dior-ի նման ապրանքատեսկաները: ԱՄՆ-ում գուցե դրանք ավելի էժան են, բայց այս փոխարժեքով անհնար է, մեզ համար ամեն ինչ չափազանց թանկ է»։

Թանկարժեք բրենդային խանութների պճնամոլ այցելուների և սոցիալապես անապահով եվրոպացիների կյանքն, իհարկե, կտրուկ տարբերվում է։ Գերմանացի 66-ամյա թոշակառու Բարբարա Շինդլեր-Հոֆերը, որը կամավորական սկզբունքով աշխատում է անապահով մարդկանց սնունդ տրամադրող կենտրոններից մեկում, փաստում է, որ իրենց սոցիալական ծրագրից օգտվող մարդկանց թիվը վերջին շրջանում նկատելիորեն աճել է։

«Մեզ մոտ ավելացել է աջակցություն ստացողների թիվը։ Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր արդեն իսկ ապրում են սոցիալական օգնության հաշվին, բայց հիմա զգում են, որ այդ գումարն այլևս չի բավարարում, և ստիպված օգտվում են լրացուցիչ սնունդ ստանալու ծրագրից՝ իրենց ընտանիքի կամ դրամապանակի վրա ճնշումը մեղմելու համար», - նշել է Շինդլեր-Հոֆերը:

XS
SM
MD
LG