Մատչելիության հղումներ

Թուրքական ընտրությունները կարող են ավարտվել մեկ փուլով՝ Էրդողանի պարտությամբ


Նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ թուրք սոցիոլոգները չեն բացառում, որ դրանք կարող են ավարտվել մեկ փուլով։ Թուրքական МАК սոցիոլոգիական ծառայության կողմից երկու օր առաջ հրապարակված հարցման համաձայն՝ առաջիկա կիրակի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կարող է ստանալ քվեների գրեթե 51, իսկ նախագահ Էրդողանն՝ ընդամենը 45 տոկոսը։ KONDA կենտրոնի հարցման այսօր հրապարակված արդյունքների համաձայն էլ՝ Քըլըչդարօղլուի օգտին մայիսի 14-ին քվեարկելու է թուրք ընտրողների 49.3, Էրդողանի օգտին՝ 43 տոկոսը։

Նման անբարենպաստ կանխատեսումների ֆոնին՝ Թուրքիայի նախագահը քարոզարշավի վերջին օրերը նվիրել է իր ընտրողներին մոբիլիզացնելու գործին։ Երեկ նա Մարդին քաղաքում էր, որտեղ իր հնարավոր պարտությունը որպես «վթար» բնութագրեց։

«Առաջիկա կիրակի մենք պետք է խուսափենք որևէ տեսակի վթարներից։ Եթե ձեր հարազատներից կամ բարեկամներից ինչ-որ մեկը դեռ չի որոշել՝ գնալու է ընտրատեղամաս, թե ոչ, համոզեք նրան, որ անպայման մասնակցի ընտրություններին և քվեարկի մեր օգտին։ Ահաբեկչական խմբավորումներն ու լոբբիստական խմբերը սպասում են մեր տապալմանը, իսկ իմպերիալիստները օրերն են հաշվում մեր երկիրը մի նոր Սիրիայի վերածելուց առաջ», - հայտարարել է Էրդողանը։

«Ռեժիմը խուճապի մեջ է», - չորեքշաբթի երեկոյան հեռարձակված հարցազրույցում այսպես բնութագրեց իր մրցակիցների շրջանում տիրող տրամադրությունները ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։

«Նախկինում այս մարդիկ ժողովրդին ահաբեկիչ էին անվանում։ Այժմ էլ նույն մարդիկ Թուրքիայի 85 միլիոն բնակիչներին հեղաշրջման կազմակերպիչ են որակում», - հայտարարեց նա՝ հակադարձելով ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի օրերս արած սկանդալային հայտարարությանը, թե մայիսի 14-ին Թուրքիայում «ընտրական հեղաշրջում» է տեղի ունենալու։ Ընդդիմության միասնական թեկնածուն նաև որևէ կասկած չունի, որ ընտրություններն ավարտվելու են մեկ փուլով՝ բնականաբար իր հաղթանակով։

Վերջին ժամերի իրադարձությունները, ըստ ամենայնի, էլ ավելի կամրապնդեն ընդդիմության միասնական թեկնածուի դիրքերը։ Այսօր Անկարայում հրավիրված ասուլիսի ժամանակ ընտրարշավը լքելու մասին հայտարարեց առաջադրված թեկնածուներից մեկը՝ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն։

«Ես լքում եմ ընտրապայքարը։ Ես դա անում եմ, որպեսզի ոմանք ընտրություններում պարտվելուց հետո ինձ չմեղադրեն դրա մեջ», - հայտարարեց Ինջեն՝ թափանցիկ ակնարկ ուղղելով ընդդիմության հասցեին։

Բանն այն է, որ Մուհարեմ Ինջեի վարկանիշը ապրիլի սկզբին գրեթե տասը տոկոս էր, և թուրք սոցիոլոգները համոզված էին՝ նրա մասնակցությունը ընտրություններին ձեռնտու էր նախևառաջ Ռեջեպ Թայիփ Էրդողանին, քանի որ Ինջեն, ակտիվ քարոզարշավ անցկացնելով, ձայներ էր խլում նախևառաջ Քեմալ Քըլըչդարօղլուից։ Վերջին մեկ ամսում, սակայն, իրադրությունը փոխվեց։ Ընդդիմության հաջող ընտրարշավին Ինջեի շտաբը որևէ բան այդպես էլ չկարողացավ հակադարձել։ Որպես հետևանք «Հայրենիք» կուսակցության առաջնորդի վարկանիշը հինգ շաբաթում նվազեց հինգ անգամ՝10 տոկոսից հասնելով երկուսի։ Փորձագետներից ոմանց կարծիքով՝ սրանք այն տոկոսներն են, որոնք կարող էին չհերիքել Քըլըչդարօղլուին առաջին իսկ փուլում հաղթանակ տոնելու համար։

Ինջեի ինքնաբացարկից մի քանի ժամ անց նրա այդ քայլը Անկարայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ մեկնաբանեց նաև Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

«Իհարկե դժվար է հասկանալ, թե ինչու է նա այդպիսի որոշում կայացրել։ Ինջեի որոշումն ինձ տխրեցրել է», - ասաց Թուրքիայի նախագահը։

Ընդդիմության ավելի քան հավանական թվացող հաղթանակի պայմաններում քվեարկության մեկնարկից ընդամենը 72 ժամ առաջ հնչող գլխավոր հարցը մեկն է՝ արդյոք հնարավոր կլինի՞ ապահովել առաջիկա ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը։ Այս հարցը խիստ հրատապ դարձավ այն բանից հետո, երբ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ պարզեցին, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում քվեների զուգահեռ հաշվարկի համակարգ է ներդրվել։

Այս փաստն ապացուցող տեսագրությունը Тwitter-ում հրապարակեց ընդդիմադիր պատգամավոր Մուհարեմ Էրկեքը՝ նշելով, որ Ներքին գործերի նախարարությանն այդ տվյալները պետք է տրամադրեն տեղամասերում հերթապահող ոստիկանները։ Ընդդիմության ճնշման ներքո, սակայն, Թուրքիայի կենտրոնական ընտրական խորհուրդը երեկ արգելեց Ներքին գործերի նախարարությանն իր ենթակաների միջոցով քվեարկության արդյունքներ հավաքագրել՝ պնդելով, որ ոստիկանության աշխատակիցները ընտրատեղամասեր կարող են մուտք գործել բացառապես միջադեպերի դեպքում։

XS
SM
MD
LG