Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու՝ ադրբեջանցի երկու զինծառայողների հարազատների պահանջը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից Հայաստանի կառավարության դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի փոխանցմամբ, նրանց հարազատները մասնավորապես պահանջում նշել էին, որ Հայաստանում նրանց նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։

Ըստ հաղորդման՝ Հայաստանի կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են Հայաստանում և համապատասխան ապացույցներ ներկայացրել Եվրոպական դատարան։

«Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը», - ասված է հաղորդագրությունում։

Մեկ ամիս առաջ Հայաստան ներթափանցած, ապա սահմանամերձ գյուղերի բնակիչների կողմից հայտնաբերված երկու ադրբեջանցիներից մեկը՝ Ագշին Բաբիրովը Հայաստանում դատապարտվել է 11.5 տարի ազատազրկման, երկրորդի զինծառայողի՝ Հուսեյ Ախունդովի գործով քննությունը դեռ շարունակվում է:

Պաշտոնական Բաքուն ընդգծել է՝ Նախիջևանում ծառայող զինվորները մոլորվել են անբարենպաստ եղանակի պատճառով, իսկ հայկական կողմը նրանց գերի է վերցրել։ Մինչդեռ շաբաթներ առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանցին զորամասից փախել է ճնշումների պատճառով։

XS
SM
MD
LG